ԲՀԿ-ն մեռավ, կեցցե կոալիցիա՞ն

ԲՀԿ-ն մեռավ, կեցցե կոալիցիա՞ն
Եվ այսպես, երեկ նախագահական նստավայրում ստորագրվեց կոալիցիոն վիճահարույց հուշագիրը: Դրանով իշխանական դաշտը դարձավ ավելի մոնոլիտ՝ բացառելով ներիշխանական ուժերի միջեւ առողջ մրցակցությունն ու արդար պայքարը առաջիկա թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում:



Այսուհետ այդ  կուսակցությունների ցուցակները կազմվելու են ու ձայները որոշվելու են նախագահականում՝ շարունակելով քոչարյանական ավանդույթները: ԲՀԿ-ին մնում է մոռանալ առաջիկա ընտրություններում «50+1» ձայներ ունենալու մասին, քանի որ հուշագրով արդեն ստորագրել է ձայների ներկա համամասնության պահպանման օգտին:



Երեկ մինչ լրագրողները խորհրդարանում սպասում էին ԲՀԿ խմբակցության հավաքին, ԲՀԿ-ականները լարված ելումուտ էին անում խմբակցությունում: ԲՀԿ-ական պատգամավորների ու նախարարների հավաքից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հայտարարեց հուշագիրն ստորագրելու որոշման մասին: «Ծառուկյանը, որպես Ծառուկյան, ի՞նչ է ասել էսքան ժամանակ, ասել ա՝ մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, խորհրդարանական ընտրություններից հետո նոր կասենք միասնական նախագահական թեկնածուի համար: Թե՞ Ծառուկյանից ուրիշ բան լսել եք»,- հարց ուղղեց Ծառուկյանը՝ շարունակելով. «Բայց քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած ա, սիրելի լրագրողներ ջան, էսօր տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական խնդիրներ կան, իսկ էսօր երկրի նախագահը, որ պետք ա բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր ա, որ ինքն իր հզորությունները զգա, պինդ լինի, որ կարողանա այդ հզորություններով լիարժեք բանակցություն վարի: Կարողանան խնդիրները լուծում ստանան՝ ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի բարեկեցության, բարգավաճման համար: Դրա համար մենք էսօր ասում ենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով՝ ի դեմս երկրի գործող նախագահի»: Այնուհետեւ, անտեսելով հավաքված լրագրողների հարցերը, Ծառուկյանը հեռացավ:



Այսպիսով՝ ազգը փրկվեց. ԲՀԿ-ն համաձայնեց ստորագրել հուշագիրն ու մնալ կոալիցիայում: Դե հո ԲՀԿ-ականների պաշտոնների կամ ունեցվածքի համա՞ր չէր ստորագրելու ԲՀԿ-ն. բացառապես ազգի համար: Զարմանալի ինքնամոռացությամբ քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ իրենց գործողությունները պայմանավորում են ազգային խնդիրներով: Այդ խնդիրները միշտ կան, կարեւորը դրանցից ժամանակին օգտվելն է:



Հանդիպելով ճակատի ՕԵԿ մակագրությունը ժամանակ առաջ ԲՀԿ-ով փոխարինած ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանին, նկատեցինք, թե ԲՀԿ-ն դարձավ իր հարազատ ՕԵԿ-ը: «Ոչ»,-վճռական տոնով հայտարարեց Բալասանյանը՝ հավելելով. «Որովհետեւ ԲՀԿ-ն ասեց, որ մենք խորհրդարանական ընտրություններից հետո ասելու ենք: Ուրիշ բան ասե՞լ է ԲՀԿ-ն, չի ասել»: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին հարց ուղղեցինք, թե՝ բա ասում էիք մենք ՀՀԿ կցորդ չենք դառնալու: «Ես Ձեր հարցն առնվազն ոչ կոռեկտ եմ դիտարկում»,- հակադարձեց խոսնակը՝ շարունակելով. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի ասել «ոչ», այլ խնդիրն ընդամենը ժամկետների մասին էր, իսկ քանի որ, ինչպես պարոն Ծառուկյանը նշեց, այսօր երկրի առջեւ ծառացած են շատ գլոբալ հիմնահարցեր՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական, այդ իսկ պատճառով, որպեսզի  երկրի պետական մեխանիզմը տեղում չդոփի, կաթվածահար չլինի եւ երկրի նախագահն իրեն ավելի հզոր ու վստահ զգա, մենք այդ որոշումը կայացրել ենք»: Մեր հստակեցմանը, թե երկրի վիճակը 2-3 ամիս առաջ էլ էր նույնը, բայց դուք ասում էիք, թե չեք հայտարարելու սատարելու մասին, հիմա ի՞նչ փոխվեց, որ հայտարարում եք, Խաչիկ Գալստյանն ասաց. «Ամեն դեպքում, որոշումն ընդունվել է կոալիցիոն համաձայնության եւ փոխվստահության բարձր մթնոլորտում»: «Իսկ ո՞ւր մնաց խորհրդարանական ընտրություններում «50+1» ձայների մասին հայտարարությունը» մեր հարցին Ծառուկյանի խոսնակը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն ասել է այդ մասին: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»:



ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին հարցրինք, թե ինչի՞ դիմաց է ԲՀԿ-ն համաձայնել սատարել Սերժ Սարգսյանին, քանի որ խոսակցություններ կային, թե վարչապետի պաշտոնն է ուզել: Ի պատասխան՝ Սաֆարյանը հայտարարեց. «Ոչ մի այդպիսի բան ինձ հայտնի չի: Իզուր տեղը խոսակցությունը մի տեղափոխեք առուվաճառքի շուկա: Ես կարող եմ ասել, որ մենք եկել ենք համաձայնության՝ առկա խնդիրներին դիմակայելու համար»: Երբ հիշեցրինք, որ առկա խնդիրները միշտ էլ եղել են եւ կան, Արամ Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:



ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը տեղյակ չէր խորհրդարանական ընտրություններում «50+1» ձայների առթիվ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից: Երբ Ծառուկյանի՝ հուշագիրը ստորագրելու հայտարարությունից հետո հարցրինք, թե ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց «50+1»-ը, ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Ի՞նչ «50+1», ի՞նչ բան, ես նման բան չեմ լսել»: Մեր հստակեցմանն ի պատասխան էլ ասաց, թե «պարոն Ծառուկյանը դա չի հայտարարել, խոսքի մեջ ասել ա: Հիմա մենք օգնելու ենք մեր պետության ուժեղացմանը: Մեր պետությունը պետք ա էլ ավելի հզորանա մեր միասնությունով»:



ՀՀԿ-ում եւս երեկ լարված էին. ՀՀԿ-ականները սպասում էին ԲՀԿ-ի որոշմանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարց ուղղեցինք, թե ներկա հուշագրով, փաստորեն, ԲՀԿ-ն զրկվեց ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունից, դա որքանո՞վ կնպաստի քաղաքական առողջ մրցակցությանը: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն իր դիրքերն ամրապնդեց»,-հայտարարեց Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե իշխանական դաշտում առողջ մրցակցություն այլեւս հնարավոր չէ, ՀՀԿ փոխնախագահը հակադարձեց. «Ես կարծում եմ՝ հենց էս հուշագրով ամեն ինչ արվեց, որ լավ ընտրություններ ունենանք եւ առողջ մրցակցություն լինի, ոչ թե քաղաքական ուժերը դավեն իրար»: Մեր հաջորդ հարցին, թե այս համաձայնությունը նշանակո՞ւմ է, որ Քոչարյանի հետ էլ է համաձայնություն եղել, Սահակյանը ծոր տվեց. «Ի՞նչ կապ ունի Քոչարյանին մեջբերել այն գործընթացներին, երբ արդեն քաղաքական ուժերը համաձայնեցված առաջ են գնում»:



ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարանում նաեւ հայտարարեց, թե ԲՀԿ-ն ստորագրում է հուշագիրը Սերժ Սարգսյանին հզորացնելու համար: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի կարի՞քն ուներ հզորանալու համար, ինքը  հզոր չէ՞,- հարց ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահին: «Իհարկե, նման համագործակցությունը եւ հզորացնում է կոալիցիոն քաղաքական ուժերին, եւ հզորացնում է Գագիկ Ծառուկյանին»: Մեր դիտարկմանը՝ այսինքն ընդունում եք, որ Սերժ Սարգսյանը հզոր չէր, ԲՀԿ-ն նրան հզորացրեց, ՀՀԿ փոխնախագահը նետեց. «Դա Դուք եք էդպես ենթադրում, որ հզոր չէր՝ հզորացավ: Սերժ Սարգսյանը հզոր ա»: