Խնդրում ենք անհապաղ լուծարել «Երեւանի սպորտկոմիտեն»

Խնդրում ենք անհապաղ լուծարել  «Երեւանի սպորտկոմիտեն»
Բաց նամակ Երեւանի քաղաքապետ պարոն Կ. Կարապետյանին



Ձեզ ենք դիմում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցների 2010 թվականին աշխատանքից ազատված 115 աշխատակիցների անունից ու ընդամենը մեր նախկին կազմակերպությունների ղեկավարներին չվնասելու համար՝ չենք հրապարակում մեր անունները:



Երեւանի մարզադպրոցներն իրենց առաջին ցնցումը ստացան դեռեւս 1997 թվականին, երբ Երեւանի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունների ենթակայությամբ գործող մարզադպրոցների մի մասը ՀՀ կառավարության որոշմամբ՝ որպես գույք, հանձնվեց Երեւանի թաղային համայնքներին: Նրանք էլ, որպես սեփականատեր, սկսեցին մասնավորեցնել մարզաբազաները, լուծարել ու կրճատել, իսկ ինչ էլ մնաց` ծառայեցվեց ոչ թե թաղամասերում մանկապատանեկան սպորտի զարգացմանը, այլ` անհայտ նպատակների: Դրա հետեւանքով մայրաքաղաքն ունեցավ ուսումնամարզական խաթարված գործընթացով, կիսավեր մարզաբազաներով, կիսագոյատեւող համայնքային կազմակերպություններ: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ընդունվելուց հետո բոլորս մեծ ուրախություն ապրեցինք` մտածելով, որ Երեւան համայնքի սեփականություն դառնալուց հետո մարզադպրոցները կծաղկեն ու մանկապատանեկան սպորտը կզարգանա, քանի որ մեր աչքի առաջ էր քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի գրագետ ու հավասարակշռված աշխատանքը: Սակայն մեր ուրախությունը երկար չտեւեց… 2010-ի ապրիլին աշխատանքից ազատվեց 9 տարուց ավելի բաժինը լավագույնս ղեկավարած Յուրի Մամիկոնյանը, այլ բաժիններ տեղափոխվեցին բաժնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ Արա Բաղրամյանն ու Անահիտ Մարկոսյանը, եւ սկսվեցին մարզադպրոցների ոչնչացման դաժան օրերը…



Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի ու վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի հետեւողական ջանքերի շնորհիվ քաղաքապետարանում ձեւավորվեց վախի այնպիսի մթնոլորտ, որ տնօրենները չէին համարձակվում նույնիսկ կարդալ իրենց ստորագրման տրված փաստաթղթերը, եւ արդյունքում` մայրաքաղաքի 25 մարզադպրոցներ զրկվեցին ինքնուրույնությունից` միաձուլվելով «Երեւանի սպորտկոմիտե» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության մեջ: Ցավոք, Երեւանի՝ մեր կողմից ընտրված ավագանին չփորձեց պաշտպանել մարզադպրոցներին, ու միայն ԲՀԿ խմբակցության ջանքերով՝ միաձուլումից խուսափեցին «Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» եւ «Նուբարաշենի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ները:



Կազմակերպության կնքահայրերն ու ղեկավարները ամենուր թմբկահարում էին, թե վերականգնում են Երեւանի նախկին սպորտկոմիտեն, ու շուտով սպորտբաժինն էլ կձուլվի կոմիտեի մեջ, սակայն, ցավոք, նրանք այնքան անտեղյակ էին ՀՀ օրենսդրությունից, որ չէին հասկանում ամենապարզը, այն է` նախկինում «Սպորտկոմիտե»-ն Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի ստորաբաժանումներից մեկն էր, իսկ այսօր, «քաղսովետի» իրավահաջորդ Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանում հանդիսանում է սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինը. իրենց ստեղծած «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ն ընդամենը համայնքային կազմակերպություն է եւ ենթակա է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնին:



Ինչեւէ, ՀՈԱԿ-ի առաջին գործը եղավ մարզադպրոցների հաստիքների կրճատումը: Վերացվեցին հաշվապահությունները, այսինքն՝ մարզադպրոցները զրկվեցին ինքնուրույն տնտեսվարում իրականացնելու իրավունքից (ի դեպ՝ ՀՈԱԿ-ը, խախտելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, մարզադպրոց «հիմնարկներ»-ի համար չհաստատեց առանձին կանոնադրություններ եւ չներկայացրեց գրանցման պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումներում): Կրճատելով հաշվապահների հաստիքները եւ կենտրոնացնելով 25 հիմնարկների հաշվապահությունները, ՀՈԱԿ-ի գլխավոր հաշվապահը նույնիսկ հարկ չհամարեց ընդունել հաշվապահական արխիվները (այսօր հայտնի չէ մարզադպրոցների հաշվապահական հաշվառման արխիվների ճակատագիրը), ինչը եւս օրենքի պահանջն է: Երեւանի ավագանու հաստատմանն այդպես էլ չներկայացվեցին ՀՈԱԿ-ի եւ նրա «հիմնարկների»  2010թ. նախահաշիվները, արդյունքում մարզադպրոցներն ու ՀՈԱԿ-ը 2010թ. աշխատեցին ֆինանսական անօրինական դաշտում` առանց նախահաշիվների:



Անտեսելով «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի (ի դեպ` շնորհակալություն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Ի. Զաքարյանին` այս օրենքին կյանք տալու համար) պահանջները, որի համաձայն՝ ուսումնամարզական գործընթացը մանկապատանեկան կազմակերպություններում իրականացվում է «բժշկական աջակցությամբ»,  կրճատվեցին մարզադպրոցների բժիշկների հաստիքները: Անտեսելով նաեւ մարզադպրոցներում մեթոդական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը` կրճատվեցին մեթոդիստների հաստիքները: 25 մարզադպրոցների ընդամենը 600 հաստիքներից կրճատելով մոտ 115-ը` 15 եւ ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող մասնագետներին Նոր տարվա շեմին գործազուրկ դարձրին, փոխարենը «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ը պահպանեց 600 եւ ավելի հաստիքներ` մարզադպրոցների համար ոչ պիտանի այլ անվանումներով (օրինակ՝ մամուլի բաժնի պետ եւ գլխավոր մասնագետ, բուժվերահսկողության բաժնի պետ եւ 2 մասնագետ, վարչատնտեսական բաժնի պետ, 2 վարորդ` առանց մեքենայի): Մեր տվյալներով՝ այսօր էլ ՀՈԱԿ-ի ղեկավարությունն աշխատում է 5 մարզադպրոց փակելու եւ հաստիքներն ի շահ «անհայտի» օգտագործելու ծրագրի վրա: ՀՈԱԿ-ի հաստիքացուցակին ծանոթանալուց հետո յուրաքանչյուր ոք կարող է եզրահանգել, որ այդ կառույցն ստեղծվել է որպես բռունցք մարզադպրոցների գլխին` նրանց հնարավորություններն անձնական շահերի ծառայեցնելու համար:



Մեր կրճատման ծանուցագրերում հաստիքի կրճատումը պատճառաբանված էր «արտադրական ծավալների կրճատմամբ», իսկ մարզադպրոցի «արտադրական ծավալ»-ը ուսումնամարզական գործընթացում ընդգրկված խմբերն ու աշակերտներն են, ինչի կրճատում չի եղել եւ չկա: Կրճատում չէր եղել նաեւ սուբսիդավորման ու ծառայությունների ձեռքբերման պայմանագրերով հատկացված ֆինանսավորման մեջ: Ծանուցումն ստանալուց հետո մենք ուզում էինք դիմել դատարան` մեր հաստիքները վերականգնելու պահանջով, սակայն մեր վճռականությունը կոտրեցին մեր «սարսափած» տնօրենների խնդրանքները:



Տնտեսվարող սուբյեկտներ համարվող մարզադպրոցները, միաձուլվելով «մոնոպոլիստական» կազմակերպության մեջ, ստացան մեծ հարված` զրկվելով ինքնուրույն բիզնես ծրագրեր իրականացնելու մրցակցային հնարավորություններից եւ մարզական մրցակցությունից (մարզական մրցաշարերի ու առաջնությունների, առանց ՀՈԱԿ-ի տնօրենի թույլտվության ու ֆինանսավորման որեւէ մարզադպրոց իրավասություն չունի նախապատրաստվելու, մասնակցելու, գործուղվելու, հայտ ներկայացնելու եւ այլն): Մարզադպրոցները դարձան անհրապույր՝ ներդրողների համար (ի դեպ, մեր տեղեկություններով, 2010թ. մայրաքաղաքի մարզադպրոցների հետ համագործակցության ցանկություն են հայտնել արտերկրի մի քանի հայկական դպրոցներ):



Ձեզ, որպես քաղաքապետ, խնդրում ենք՝ առանց հապաղելու լուծարել մարզադպրոցների համար չարիք դարձած «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ը եւ 25 մարզադպրոցներին շնորհել համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակ` վերականգնելով հաշվապահների, բժիշկների ու մեթոդիստների հաստիքները: Խնդրում ենք նաեւ փոխել մարզադպրոցների ներկա անվանումները, քանզի «թիվ 1-ից թիվ 25»-ը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարների գերիների համարակալումը (ՀՈԱԿ-ի ծննդհայրերը ձեռք են բարձրացրել մեր սպորտի երախտավորներ Հմայակ Խաչատրյանի, Ռուդոլֆ Կարապետյանի, Ալբերտ Գրիգորյանի եւ Հայաստանի ու Արցախի  հերոս Աշոտ Ղուլյանի անունների վրա):



Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցների կրճատված աշխատակիցներ