Ակվատեկի ու Վալենսիայի աշխատակիցները բողոքում են անմարդկային վերաբերմունքից

Ակվատեկի ու Վալենսիայի աշխատակիցները բողոքում են անմարդկային վերաբերմունքից
Այն, որ Հայաստանում շարքային քաղաքացիները գործատուների, հառտկապես խոշոր գործատուների համար գտնվում են ճորտի, ստրուկի վիճակում եւ շահագործվում են անօրեն ու անխնա, որեւէ մեկի համար չի կարող գաղտնիք լինել: Եվ այս առումով որեւէ մեկի համար զարմանալի չի լինի մեր բողոքը, որ կապված է մեր հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ: Իսկ բանը նրանում է, որ արդենն մի քանի օր է, ինչ X-գրուպի սեփականատեր, խոշոր գործարար Խաչիկ Խաչատրյանը զանգվածային կրճատումներ է սկսել իրեն պատկանող Վալենսիա հյուրանոցային համալիրում եւ Ակվատեկ հյուրանոցային-ժամանցային համալիրում:



Խաչատրյանը կրճատումները պատճառաբանում է այդ ընկերությունների ֆինանսական ծանր կացությամբ: Մեզ համար միանգամայն հասկանալի են սեփականատիրոջ ջանքերը, ուղղված սեփական գրպանը ավելորդ ծախսերից պաշտպանելուն: Անհասկանալին այն անմարդկային վերաբերմունքն է, որ պարոն Խաչատրյանը ցուցաբերում է իր աշխատակիցների` այսինքն մեր հանդեպ: Բանը նրանումն է, որ նա կրճատումները կատարում է տարերայնորեն, առանց նախնական զգուշացման: Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում, ցայտնոտի առաջ:



Կարծում ենք հասկանալի է, թե ինչ է նշանակում սոցիալական ներկայիս ծանր պայմաններում հանկարծ տեղեկանալ, որ դու այլեւս չես աշխատում: Խաչիկ Խաչատրյանը հենց այդպես, մեզանից շատերին հանկարծ տեղեկացրեց, որ մենք այլեւս չենք աշխատում: Երեւի նրան ոգեւորել է իշխանությունների վերաբերմունքը օրինակ փողոցային առեւտրականների հանդեպ, որոնց էլ, հենց նման կերպով մի օր հանկարծ ասացին, որ իրենք այլեւս փողոցում առեւտուր չեն կարող անել: Եթե իշխանություններն են նման անմարդկային կերպով վարվում օրվա հացի գումար վաստակողների հետ, ապա ինչ սպասենք մի գործարարից, որը ամենայն հավանականությամբ խորապես թքած ունի այն բանի վրա, թե ինչպես են իր գործազուրկ աշխատակիցները հոգալու իրենց ապրուստի հարցը:



Հասկանում ենք կապիտալիզմ եւ շուկայական հարաբերություններ, մասնավոր սեփականություն կոչվածի էությունը, սակայն չենք հասկանում, որ կորչում է մարդկային էությունը, դիմացինին հասկանալու, դիմացինի վիճակի մեջ մտնելու էությունը: Այս իրավիճակում մենք որեւէ ատյանից պաշտպանության ակնկալիք չունենք: Իսկ լրատվամիջոցներից մեր ակնկալիքը ընդամենը կայանում է լսելի լինելու մեջ:



Միգուցե դրանից հետո, մեկ էլ հանկարծ, ստացվի այնպես, որ լսվի նաեւ որոշ մարդկանց խղճի ձայնն ու նրանք այդ ձայնից հասկանան, որ չի կարելի նման անատրեբր ձեւով վարվել առանց այդ էլ մի կերպ գոյատեւող մարդկանց հետ, որ չի կարելի նրանց անգործ թողնել առանց նախապես զգուշացնելու, որպեսզի նրանք իրենց գլխի ճարը տեսնելու մասին մտածելու ժամանակ ունենան: Վերջերս հեռուստատեսությամբ շատ են հայտարարում, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղթահարվել է: Երեւի թե սրա արդյունքում շատերը համարում են, որ ճգնաժամը արդեն հաղթահարվել է, ուրեմն քաղաքացիներին այլեւս աշխատանք պետք չէ: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:



X-գրուպի մի խումբ աշխատակիցներ