Նախարարը կլուծի՞ խնդիրը, թե՞ տիկինը ինքնահրկիզման կդիմի

Նախարարը կլուծի՞ խնդիրը, թե՞ տիկինը ինքնահրկիզման կդիմի
Այս կինը՝ Երեւանի բնակիչ Նարինե Սաքեյանը, երեկ արդարադատության նախարարության շենքի դիմաց վաղ առավոտից նստացույց էր անում, հացադուլ էր հայտարարել եւ սպառնում էր ինքնահրկիզվել, եթե նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն անձամբ ականջալուր չլինի իր խնդրին եւ համապատասխան քայլեր չձեռնարկի:



Տիկինը 4 տարի առաջ Երեւանում բնակարան է գնել, ապրում է այդ բնակարանում, սակայն չունի բնակարանի սեփականության վկայագիր, եւ ամեն պահ կարող են նրան դուրս հանել այդտեղից: Բանն այն է, որ Երեւանի մի քանի վարչական տարածքների նոտարների «անգրագիտության շնորհիվ» (կամ դեռեւս անհայտ պատճառներով) բնակարանը վաճառվել է տարբեր անձանց՝ եւ Ն. Սաքեյանին, եւ Նարինե Ավետիսյանին (վերջինս ներկա էր Սաքեյանի նստացույցին), եւ եւս երկու հոգու, ովքեր, ներկաների խոսքով, հարգելի պատճառներով իրենց չէին միացել:



2007 թվականին քաղաքացի Ֆրունզիկ Մկրտչյանը մի քանի օրվա ընթացքում, «կազմակերպված գործողությունների» արդյունքում, կեղծ անձնագրերի առկայությամբ (մի գործարքում՝ Երջանիկ Կիրակոսյան, մյուսում՝ Հակոբ Հակոբյան) իր բնակարանը նույն օրը միաժամանակ վաճառել է չորս քաղաքացու, նույն օրը տարբեր նոտարական գրասենյակներում առքուվաճառքի պայմանագրեր կնքել, ամեն մեկից գրպանել 30-33 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար եւ անհետացել: Օրենքով սահմանված կարգով գործարքից երեք օր անց սեփականության վկայագրեր ստանալու ակնկալիքով այս քաղաքացիները ներկայացել են կադաստր, որտեղ արդեն հայտնաբերվել են տեղի ունեցած խարդախությունները, եւ, հասկանալի պատճառով, չեն տրամադրել սեփականության վկայական: Առքուվաճառքի պայմանագրերը չեն համապատասխանել ՀՀ-ում սահմանված սույն օրենքի դրույթներին, եւ նոտարները գործարքն իրականացրել են՝ խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:



Մասնավորապես, նոտարների կողմից վավերացված կեղծ փաստաթղթերն անվավեր են ճանաչվել նրանց կողմից թույլ տրված հետեւյալ խախտումների պատճառով՝ սեփականության վկայականի կլոր կնիքի վրա բացակայել է ստորաբաժանման անվանումը երեք լեզուներով եւ մատյանի համարը, չի եղել նաեւ միասնական տեղեկանքի ծածկագիրը, ինչն անհրաժեշտություն է, նաեւ վաճառողի կեղծ անձնագրի ստորագրությունը չի համապատասխանել կենդանի ստորագրությանը: Ի դեպ, Մկրտչյանի հանցավոր գործողությունները ջրի երես հանելուց հետո էլ, օրենքով սահմանված կարգով, այդ բնակարանը կալանքի տակ չի դրվել: Իսկ Սաքեյանների ընտանիքը, առանց որեւէ արգելքի, տան փականը կոտրելով, չորս տարի է՝ բնադրվել է այնտեղ: «Մենք մենակ տուն չունեինք եւ ստիպված էինք այդ քայլն անել: Չնայած որ ամեն րոպե կարող է հայտնվել հանցագործը եւ մեզ վնաս հասցնել»,-ասաց տիկին Սաքեյանը:



Տուժածների միակ պահանջն է՝ «համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ պատասխանատվության ենթարկել նոտարներին, վերջիններիս պարտադրել, որ փոխհատուցեն իրենց անօրեն գործողությունների պատճառով հասցված վնասը», ինչը չորս տարի չի արվել: Արդեն չորրորդ տարին է՝ տուժածները պարբերաբար դիմում են արդարադատության նախկին նախարարին, ՀՀ գլխավար դատախազին եւ այլ պատկան մարմինների, սակայն ոչ մեկը միջոցներ չի ձեռնարկել եւ վավերացված կամ հաստատված փաստաթղթերը չեն փոփոխվել ու անվավեր ճանաչվել: «Նախկին նախարար Դանիելյանը մեզ ասում էր՝ դրանից ի՞նչ եք շահելու, ոչ մի օգուտ էլ չի լինելու, էդ մարդո՛ւն պիտի գտնեն եւ այլն: Իսկ նոտարիատի պետ Մարիամ Գաբոյանն էլ ասում է՝ գնացեք ոստիկաններին ձեր պահանջները ներկայացրեք: Իսկ քանի որ նոտարներին որակավորում է արդարադատության նախարարը, եւ նրանց անգրագիտության պատճառով է էս ամենը եղել, մենք դիմում ենք նախարարին»,-ասաց տիկին Սաքեյանի հարսը՝ Նառան: Տուժածների կարծիքով, այս խնդիրը չկարգավորելու գործում մեծ է նաեւ նոտարիատի պետ Գաբոյանի մասնակցությունը: Եվ չնայած նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը երեկ կեսօրից հետո իր մոտ էր հրավիրել եւ լսել նրանց՝ խոստանալով խնդիրն ուսումնասիրելուց հետո մի քանի օրից գրավոր պատասխանել տուժածներին, այդուհանդերձ, այս մարդիկ արդեն հույսները կորցրել են եւ «ոչ մեկին» չեն հավատում: Ավելին՝ տիկին Սաքեյանը չնայած այժմ ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը, բայց բացասական պատասխան ստանալուց հետո «մի վայրկյան» չվարանելով՝ նախարարության շենքի առաջ, ի նշան «արդար դատավարության բացակայության», ինքնահրկիզվելու է:



Ի դեպ, Նարինե Սաքեյանի բնակարանի առքուվաճառքի գործարքն իրականացրել է Շենգավիթի նոտար Ա. Մինասյանը, մյուս գործարքները կատարվել են Կենտրոնի, Մալաթիայի եւ Նոր Նորքի նոտարական գրասենյակներում: