Ա՜խ, այդ ծերերը

Ա՜խ, այդ ծերերը
Նա խնամքով հաշվեց մանրոնը, վաճառողուհու հեգնական հայացքի ներքո վերցրեց իր հասանելիք ՀԴՄ կտրոնը (ի՞նչ իմանաս ճակատագիրն ինչ է պատրաստել իր համար) եւ կասկածանքով նայեց վաճառողուհուն...



- Հը, պակա՞ս է,- հումորով ասաց վաճառողուհին եւ գողունի ժպիտով նայեց ինձ, ակնկալելով իմ ըմբռնողությունը` ի՜նչ անհասկացող եւ ժամանակավրեպ են այս ծերերը:



Սակայն իմ միտքն ուրիշ բանով էր զբաղված: Ես նայում էի ծեր կնոջը (եթե, իհարկե, կարելի է ծեր անվանել 60-70 տարեկանին), աղքատիկ, մի կերպ իրար բերած հագուստին  եւ տխրությամբ մտածում, որ այս սերունդն անվերադարձ եւ չհասկացված հեռանում է մեզնից: Նրանց մի մասը բոլշեւիկյան ժամանակներում էլ բանի չհասավ, իսկ այժմ` առավել եւս:



Հասարակարգ փոխած, հասարակարգային փոփոխության մամլիչի տակ ճզմված, խորհրդային գաղափարախոսության  ահաբեկչության այս զոհերը հիմա էլ տնտեսական եւ հոգեբանական ահաբեկչության են ենթարկվում: Նրանց մեծամասնության երազանքների գագաթնակետը աղքատիկ թոշակը ժամանակին ստանալն է: Մի մասը հարազատների օգնության (եթե, իհարկե, այդ հարազատն ինքը ծերերի թոշակի կարիքը չունի) կամ այլ նպաստների հույսին է: Տեխնիկայի եւ տեխնոլոգիաների մեր օրերում նրանք ուղղակի խուճապի մեջ են: Շատերը վախենում են հենց միայն համակարգիչի տեսքից. դա նրանց համար անմատչելի մի բան է: Ընդ որում՝ եթե տղամարդիկ դեռ ինչ-որ բան անում են, ապա կանայք հիմնականում տներում են:



Ես այն կարծիքի չեմ, թե վիճակն անհուսալի է, սակայն ցանկանում են մի փոքրիկ վիճակագրություն ներկայացնել: Ուսումնասիրությունն իրականացվել է Միացյալ Նահանգներում: Պարզվել է, որ 100 մարդուց մեկն է 65 տարեկանում հարուստ, 4-ը նյութապես անկախ են, 5-ը դեռ կաշխատեն, 36-ը մահանում են, մնացած 54-ն աղքատ են, պետության կամ հարազատների հույսին: Եվ սա` բարեկեցիկ Ամերիկայում:



Եվ այնուամենայնիվ, ես մեկ ուրիշ իրավիճակ եմ միշտ հիշում: Այն մեծ տպավորություն է գործել ինձ վրա: Գառնիի տաճար: Բազում զբոսաշրջիկներ: Աշխույժ այս ու այն կողմ են գնում ամերիկացի... տատիկները: Նրանցից մեկը կլինի 90 տարեկան: Նա կնճռոտ, մագաղաթանման դեմք ունի, խիստ հետաքրքրասեր, կենդանի աչքեր: Ամեն ինչ հետաքրքրում է նրան: Հազիվհազ շարժվելով, նկարում է հին քարերը, պատերը, կամուրջը, մարդկանց: Ամեն քայլի հետ թվում է՝ ուր որ է վայր կընկնի: Զգացվում է, որ հաճույք է ստանում կյանքից... Փորձում եմ այդ դերում պատկերացնել հայ կանանց, եւ մի տեսակ չի ստացվում: Այդ համեմատությունը մեր օգտին չէ: Անմիջապես մեր ուղեղին են գալիս նյութական հնարավորությունները: Դա, իհարկե, դեր ունի, սակայն ոչ՝ ամենավճռական: Մենք էլ ունենք, իհարկե, մենթալիտետից, հեղձուկից ազատագրված հրաշալի կանայք, արվեստագետներ, գիտնականներ, սակայն մեծամասնությունն այնուամենայնիվ խաղից դուրս է հայտնվել: Մտավոր, ֆիզիկական ներուժի հսկայական պաշարների ինչպիսի՜ վատնում:



Ահա թե ինչու ինչքան էլ նախանձով նայեմ աշխույժ այս ու այն կողմ վազվզողներին, հոգով ես այն ծեր կնոջ հետ եմ, որը զգուշորեն կոպեկներն է հաշվում եւ կասկածանքով նայում վաճառողուհուն, իսկ սա էլ, գողունի ժպիտով եւ հումորով` «ըմբռնող» գնորդին` ա՜խ, այս ծերերը...



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ