Թմրամոլները շատացել են...

Թմրամոլները շատացել են...
Վերջին տարիներին Սյունիքի մարզում կտրուկ աճել է թմրամոլների թիվը: Նյարդահոգեբուժական մարզային դիսպանսերում ներկայումս հաշվառված է 37 թմրամոլ: Սակայն թմրամոլների եւ թմրանյութ չարաշահողների իրական թիվն ավելի շատ է: Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի խոսքով, բացի այն, որ թմրամոլներն ի վերջո հայտնվում են սոցիալական ծանր պայմաններում, նաեւ տարբեր հիվանդություններ են ձեռք բերում:



Հետազոտություն անցած բոլոր հիվանդների մոտ «հեպատիտ» C է հայտնաբերվել։ Նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգ կա։ Բժշկի խոսքով, Սյունիքում թմրանյութ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: 2010-ին գրանցվել է նույնիսկ 20 տարեկան հիվանդ: Մարզում հաշվառված՝ ալկոհոլային խմիչքներ չարաշահողների մեջ կա նաեւ 4 կին: Բժիշկը կարծում է, որ թմրամոլների հարազատներն ու ընկերները պետք է ուշադիր լինեն եւ դիմեն բժշկի: «Ինչքան շուտ սկսեն բուժումը, այնքան շուտ կկորի կախվածությունը: Նաեւ հիվանդին կամքի ուժ է անհրաժեշտ»,-ասում է Ա. Վարդանյանը: