Նախարարությունը հիմարացնում է երեւանցիներին եւ մասնակցում այգու կառուցապատմանը

Նախարարությունը հիմարացնում է երեւանցիներին եւ մասնակցում այգու կառուցապատմանը
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից պարզել է, որ «Վիշապների կոթող» պուրակի (Գայի պող. թիվ 19/71 հասցեում) բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ կայացել է երկու հանրային լսում: Հեռախոսազրույցի ընթացքում կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ լսումներից մեկի ժամանակ տրվել է բացասական, մյուսի ժամանակ` դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են տեղի ունեցալ այդ լսումները և ովքեր են մասնակցել:



Հավաստում ենք, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին պուրակին հարակից շենքերի մոտ 60 բնակիչ, Նոր-Նորք համայնքի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին պուրակում հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն ո՛չ համայնքի ղեկավարությունը, ո՛չ կառուցապատողը չհայտնվեցին: Պուրակում էին գտնվում նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Հենց այդ օրը կազմակերպվեց ստորագրահավաք, որին միացան հարակից շենքերի մոտ 200 բնակիչ` դեմ արտահայտվելով կառուցապատմանը: Ստորագրություններն անցած տարվա դեկտեմբերին հանձնվել են Երևանի քաղաքապետարան:



Այսօր պարզվում է, որ հենց այդ նույն օրը, սակայն մեկ այլ հասցեում (Բաղյան փողոց թիվ 1` «Սասարի» ՍՊԸ-ի շենք), կազմակերպվել է կառուցման աշխատանքային նախագծի հանրային լսում, որին հայտնի չէ, թե ովքեր են մասնակցել: Մյուս հանրային լսումների վերաբերյալ բնապահպանության նախարարության կայքում ոչ մի հայտարարություն տրված չէ, և դարձյալ հայտնի չէ` որտեղ և երբ է կազմակերպվել այն:



Ո՛չ մեկ, և ո՛չ մյուս հանրային լսումները արժանահավատ չեն, քանի որ դրանց մասին ազդակիր համայնքի իրազեկումն օրենքին համապատասխան չի կատարվել, և արդեն իսկ ակնհայտ են լսումների կեղծման փորձեր:



Ակնկալում ենք Երևանի քաղաքապետի միջամտությունը Նոր Նորքի համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու հարցում և պահանջում ՀՀ բնապահպանության նախարարությունից ձեռնպահ մնալ սեփական գործառույթների չարաշահմամբ, ապօրինի փաստաթղթերի հիման վրա փորձագիտական եզրակացություն տալուց։



«Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն