Հանրահավաքը կայացավ

Հանրահավաքը կայացավ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն էր, որին նրա համակիրների զանգվածը սպասել էր ավելի քան երկու ամիս: Այս ամիսների ընթացքում աշխարհում եւ Հայաստանում բավականին իրադարձություններ են եղել: Դրանցից հատկապես նշանակալի է արաբական աշխարհի խռովությունների շարքը, որին հետեւող հայ հանրությունն, ուղղակի նախանձի բուռն նոպաներ էր ունենում: Այս ընթացքում մեր ժողովրդի կյանքում էլ են փոփոխություններ եղել՝ հիմնականում դեպի վատը: Գների աճ, գործազրկության ավելացում, արտագաղթ, հույսի ու հեռանկարի նվազում: Քաղաքական կյանքում եւս որոշ իրադարձություններ են արձանագրվել. կոալիցիայի ամրապնդում, հայ-թուրքական հարաբերությունների սառեցում, ղարաբաղյան հարցում տեղաշարժի բացակայություն, հակառակորդի սպառնալից հայտարարություններ, միջազգային հանրության համբերության սպառման նախանշաններ: Այս բոլորն ամփոփելուն էր նվիրված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որը որոշ վերլուծաբաններ քաղաքագիտական ելույթ են համարում, այլ ոչ թե գործողությունների ծրագիր կամ հեղափոխության կոչ: Ամեն դեպքում, հանրահավաքը կայացավ եւ, ըստ անաչառ հաշվարկների, մասնակիցների ավելի փոքր թիվ չուներ, քան նախորդը: Չնայած դա չխանգարեց, որ ոստիկանությունը հաղորդագրություն տարածի եւ նշի, որ «հանրահավաքին մասնակցել է 5-6 հազար մարդ»: Ինչը նշանակում է, որ իշխանությունը չի հրաժարվում պրիմիտիվ մեթոդներով քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու սովորույթից: Հասկանալի է, որ այս թվերը հրապարակում են՝ անտեղյակների վրա տպավորություն գործելու համար, բայց չէ որ Հայաստանը փոքր երկիր է, եւ ոստիկանության խոսքի ու գործի նկատմամբ էլ առանձնապես մեծ վստահություն տածողներ կարծես թե չկան: