Մի վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը

Մի վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը
2010-ի դեկտեմբերի 18-ին «Հայաստանում ֆրանսիական հիմնադրամ»-ը, որ որպես Ֆրանսիական համալսարան է հայտնի, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում շոու էր կազմակերպել. շրջանավարտներին հանդիսավորությամբ դիպլոմներ էին հանձնում: - Բայց ինչու՞ շոու, - կհարցնեք: Դե թեկուզ միայն նրա համար, որ ոչ մի դիպլոմ էլ (այս էլ որերորդ տարին) շրջանավարտները այդ օրը չստացան: Գեղեցիկ փաթեթավորած գունավոր, դատարկ թղթեր միայն: Դե ոչինչ, կասեք, դիպլոմը հո չկորավ, հետո կստանան:



Այս տարվա դիպլոմների հանձնումը համընկավ համալսարանի հիմնադրման տասնամյակի հետ, եւ ի զարմանս բոլորի, ոչ մի խոսք չասվեց համալսարանի հիմնադիր ռեկտորների եւ դասախոսների մասին: Կհամաձայնեի ձեզ հետ, եթե խնդիրն այս բուհում միայն այդ լիներ: Բանն այն է, որ այդ «հետո կստանան»-ի հոգեբանությունն այս բուհում բավական լայն ընդգրկում ու տարածում ունի: Օրինակ ընդունելության քննությունների արդյունքում անվճար սովորելու համար անհրաժեշտ բալեր հավաքած դիմորդներից այստեղ պարտադիր, նախապես ուսման առաջին կիսամյակի ամբողջ վարձն են պահանջում:



Կրկնում եմ` անվճար սովորելու համար անհրաժեշտ բալերը հավաքած դիմորդից: Նաեւ ուսման վարձավճարի որոշակի զեղչի իրավունք ստացածներից (այստեղ նման առաջադիմական մոտեցում էլ է գործում): Երբ այս մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, համալսարանի արտաքին կապերի գծով շեւալյեի («Ակադեմիական արմավենի» դասի ասպետի շքանշան) կոչմանը արժանացած պրոռեկտոր Արայիկ Նավոյանը գիտե՞ք լրագրողին ինչ պատասխանեց. «Մենք միջպետական բուհ ենք եւ մեզ մոտ այլ օրենքներ են», ու հետո էլ թե` «դե մենք այդ գումարները հետո վերադարձնում ենք»: Ոչ ավել, ոչ պակաս: Ա՜խ այդ չարաբաստիկ հետոն:



Ականջդ կանչի Կրթության եւ Գիտության նախարարություն, տեսնես չգիտի՞ այս մասին: Երեւի չգիտի, թե չէ կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը մշակելիս ավելի փայլուն օրինակ հազիվ թե գտնվեր, ինչպես նաեւ չգիտի այն մասին, որ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն պահանջելու դեպքում:



Ի դեպ, վերը նշված փաստերն, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են: Համոզված ենք, որ համապատասխան պետական մարմիններն այստեղ ահագին գործ կունենան, գուցե նաեւ, ի՞նչ իմանաս, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող իրավապահ մարմինները` նույնպես:



Ճշմարտության դեմ չմեղանչենք. Կրթության եւ Գիտության նախարարը եւ աշխատանքի տեսչությունն ինչ-որ կերպ արդեն հետաքրքրվել են այս կառույցով: Խոսքը համալսարանի աշխատանքից հանիրավի ազատված 29 դասախոսների խնդրին է վերաբերվում:



Ինչեւէ, այ էստեղից է սկսվում իսկական «հետոն» …Իսկ այդ «հետո»-ն այն է, որ աշխատանքից ազատված 29 դասախոսներից 12-ը չցանկացան հաշտվել ապօրինությունների եւ ավտորիտարիզմի դրսեւորումների հետ, փորձեցին այնուամենայնիվ հավատալ մեր երկրում արդարության գոյությանն ու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար դիմեցին դատարան:



Դատական լսումների առաջին իսկ նիստերից համալսարանի ներկայացուցիչը մեղմ ասաց աննախանձելի իրավիճակում էր հայտնվել: Դատավորի որեւէ հարցի հստակ, սպառիչ պարզաբանում տալ չկարողանալով երբեմն աբսուրդի հասնող պատասխաններ էին հնչում: Օրինակ. երբ հայցվոր կողմի միջնորդությամբ դատարանը պահանջեց դասախոսներին արձակուրդ տրամադրելու մասին հրամանները եւ հրամանագրքերը, համալսարանի ներկայացուցիչ` իրավաբան Հրանտ Գրիգորյանը, երկու շաբաթ անց դատարանին ներկայացրեց իր խոսքերով ասած` ոչ ավել, ոչ պակաս «սլաբուսը», այսինքն` ողջ ակադեմիական տարվա ժամանակացույցը, պատճառաբանելով, որ «ինչ տվել են, այն էլ ներկայացրել եմ»:



Համալսարանի ներկայացուցիչն արժանահավատ չէր համարում համալսարանի կողմից կնքված փաստաթուղթը կամ կասկածի տակ էր առնում բանկային փաստաթղթերը, հիմնավորելով, թե դրանք չեն համապատասխանում համալսարանի հաշվապահական փաստաթղթերին: Ի դեպ, հենց այս վերջին հանգամանքով պայմանավորված, դատաքննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր` մինչեւ դատահաշվապահական փորձաքննության արդյունքներն ստանալը: Արդյունքներն իրենց շատ սպասել չտվեցին:



Համաձայն դատահաշվապահական փորձաքննության արդյունքների, որոնց արժանահավատությանը կարելի է չկասկածել, միայն դատարան դիմած 12 դասախոսներին 2004-2009թ.թ. չվճարած արձակուրդային գումարը, որը ենթակա է վճարման` 4 մլն 154 հազ. 58 դրամ է, իսկ պետական բյուջե չի մտել 3 մլն դրամ: Հիշեցնենք, որ սա միայն դատարան դիմած 12 դասախոսների մասով է: Համալսարանում աշխատում են 100-ից ավելի դասախոսներ: Նրանք էլ կարող են դիմել եւ պահանջել: Ի դեպ պետք է նշել, որ այս փորձաքննությունը հայցվոր կողմին անհրաժեշտ էր, որպեսզի հիմնավորեր իրենց իրավունքների խախտման ճշմարտացիությունը:



Դատարանը աշխատանքից ազատման օրինականացմանը ըստ էության դեռ չի անդրադարձել: Դասախոսները հավատում են, որ դատարանն իսկապես արդար վճիռ կկայացնի ու … Տեսնես այդ ժամանակ մարդկանց ոչ միայն հանիրավի աշխատանքից զրկող, այլեւ, թող ներվի ասել, անամոթաբար այդ մարդկանց գիտելիքները կասկածի տակ դնող մորզելեկները, մեյրոյանները, նավոյանները, մարտինետիները եւ նրանց սատարողները ինչ երգ են երգելու:



Ի դեպ, ֆրանսիական համալսարանը, քննությունների եւ ստուգարքների ժամանակ,  մինչ օրս այդ «անգրագետ» դասախոսների կազմած թեսթերն է օգտագործում: Սա` իմիջիայլոց:



Դառնանք մեր նյութի սկզբին: Շոուն, որ կազմակերպել էին անցած տարեվերջին, փաստորեն դիպլոմների հանձնման քողի տակ նպատակ ուներ ֆրանսիայում ամենահարգի կոչումներից մեկի` շեվալյեի կոչումը համալսարանի ֆինանսական գործունեության համար պատասխանատուներից մեկին` Մեյրոյանին, շնորհման արարողությանը հանդիսավորություն հաղորդելն էր:



Տեսնես Ֆրանսիայում տեղյա՞կ են, որ շեվալյեի պատվավոր կոչում են շնորհել մեկին, ով անմիջական մասնակցություն է ունեցել վերը նշված ապօրինություններին, ում շնորհիվ են նաեւ գոյացել իրենց բարեկամ պետության բյուջեի պարտքերը, համալսարանի ռեկտոր տիկին Մորզելեկի, գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետիի, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի գիտությամբ եւ անսքող հովանավորությամբ:



Տեղին եւ ժամանակին է հիշել ժողովրդական մեծն իմաստությունը. «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես»: Ֆրանսիական համալսարանի ֆրանսիացի տիկին ռեկտորը գիտի՞ (վստահ ենք, չի կարող չիմանալ), թե ինչ ասել է պետությանը հարկեր չվճարել, աշխատողների իրավունքները կոպտորեն ոտնահարել… Իրենց երկրում նման բաները չեն ներվում: Ավելին իրավախախտին ոչ թե մեծարում, այն էլ նորընտիր Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ, այլ պատժում են: Ելնելով դատական գործընթացի զարգացումներից` ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսները հավատում են, որ մեր երկրում էլ է այդպես:  Ուզում են հավատալ: Նաեւ բարեկամաբար դիմում ու խնդրում են բարեկամ Ֆրանսիայի հանրապետությանը` աստծո սիրուն, մի՛ վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը:



«Դասախոսների միություն» ՀԿ