Տնտեսագիտականը պատրաստվում է ռեկտորի ընտրություններին

Տնտեսագիտականը պատրաստվում է ռեկտորի ընտրություններին
Մարտին լրանում են հայաստանյան 5 բուհերի ռեկտորների պաշտոնավարման ժամկետները, որոնցից մեկն էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է: Ի տարբերություն մյուս բուհերի, առաջին հայացքից «արշալույսներն այստեղ խաղաղ են»:



Նախքան թեկնածուների հետ զրուցելը նախ  որոշեցի զրույցն սկսել ուսանողներից եւ պարզել, թե ինչ անուններ են շրջանառվում ուսանողների մոտ: Պարզվեց՝ նրանց մի մասն ընդհանրապես տեղյակ չէ ռեկտորի առաջիկա ընտրություններից: Զրուցեցի ՀՊՏՀ-ի խորհրդում ներգրավված 8 ուսանողներից մի քանիսի հետ, որոնք խուսափեցին հարցերից ու անտեղյակ պատասխաններ տվեցին:



Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ՀՊՏՀ-ի ռեկտորի հավանական թեկնածուները մի քանիսն են, որոնցից մեկը ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանն է, ում հետ, բառիս բուն իմաստով՝ հազիվհազ ոտքի վրա մի երկու բառ փոխանակեցի, որովհետեւ միջանցքում գրեթե վազում էր, ու ես էլ՝ նրա հետեւից:



Նա այնքան շփոթվեց իրեն ուղղված հարցից, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել ռեկտորի պաշտոնում, որ ընդհանրապես մերժեց բուհում սպասվող ընտրությունների փաստը ու թե՝ մինչեւ չգա օրը, չի կարող ոչինչ ասել: Հաջորդ հավանական թեկնածուն տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Հովսեփ Աղաջանյանն է, ով նույնքան զարմացավ իր անունը լսելիս, որքան Վարդան Սարգսյանը, բայց, ի տարբերություն նրա, նշեց, որ իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը կախված է այդ պահին ստեղծված իրավիճակից: Երկրորդ տարբերակն այն է, որ չառաջադրվելու դեպքում կսատարի արժանի մեկին: 3-րդ թեկնածուն ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն է, ով նաեւ կես դրույքով դասախոսում է բուհում:



Թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ բնօգտագործման ամբիոնի վարիչ Սուրեն Գեւորգյանի անունը: Մեր զրույցում վերջինս ավելի անկեղծ գտնվեց եւ ասաց, որ չի թաքցնում՝ իրոք պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ռեկտորի պաշտոնում, որովհետեւ գտնում է, որ այդ բարոյական իրավունքն ունի. «25 տարի է՝ աշխատում եմ այս բուհում, 14 տարի է՝ ամբիոնի վարիչ եմ, տնտեսագիտության դոկտոր եմ, պրոֆեսոր, ու ինձ աջակցում է ուսանողության գերակշիռ մասը, ուսանողական խորհուրդը:



Կարծում եմ՝ ռեկտոր պիտի դառնա բուհում աշխատող մեկը»: Այն հարցին, թե ուսանողներից բացի, դասախոսական կազմում կա՞ն մարդիկ, ովքեր սատարում են իրեն, ասաց, որ այդ ուղղությամբ առայժմ աշխատանքներ չի տանում, որովհետեւ շուտ է, եւ իրավունք էլ չունեն պայքարել, քանի դեռ մրցույթ չի հայտարարվել. «Գուցե մյուսները զբաղվում են, բայց դա ճիշտ չի, դեռ կգա ժամանակը»: Մյուս թեկնածուների անունների շուրջ, էթիկայից ելնելով, չցանկացավ  մեկնաբանություն տալ, սակայն նշեց, որ յուրաքանչյուրն էլ իրավունք ունի մասնակցել, եթե, իհարկե, համապատասխանում է այդ չափանիշներին՝ ակնարկելով դոկտոր-պրոֆեսորության կոչումները:



Պրն Գեւորգյանը նշեց, որ շատ նորմալ է նայում մրցակցությանը, եւ կոչ արեց սեւ «փիառ» չանել ու թողնել, որ ազնիվ մրցակցություն լինի: Հետաքրքրվեցի, թե այդպես ասում է, որովհետեւ արդեն նկատե՞լ է նման դրսեւորումներ: Պատասխանեց. «Առայժմ պատերի տակի խոսակցություններ են՝ բամբասանքի մակարդակով, որը ես լուրջ չեմ ընդունում եւ արհամարհում եմ, որովհետեւ միշտ ուժեղի հետեւից են բամբասում»: Հավանաբար, «ուժեղ» ասելով՝ նկատի ուներ հենց իրեն: Թեկնածուների թվում է նաեւ Աշոտ Սալնազարյանը՝ ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը:



Մյուս զրուցակիցս ներկայիս ռեկտոր Յուրի Սուվարյանն էր, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 6-ին, ավելին՝ նա երեք տարի ավելի է պաշտոնավարել, այս տարի լրանում է նրա 68 տարին: Նա մարտի 7-ին պետք է հեռանա, քանի որ լրանում  է  պայմանագրի 5 տարին: Ապա կրթության եւ գիտության նախարարության կողմից կհայտարարվի մրցույթ, որը կկայանա 40 օր անց: Իսկ առաջադրվող ռեկտորի թեկնածուին ընտրելու է բուհի 32 հոգանոց խորհուրդը՝ 2-րդ անգամ վերընտրված խորհրդի նախագահ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:



Յուրի Սուվարյանը բոլոր 4 հավանական թեկնածուների վերաբերյալ այսպես արտահայտվեց. «Նրանց մի մասը կամ իմ նախկին սաներն են, կամ գործընկերները, եւ ես հիմա ինձ թույլ չեմ տա, որ նրանց մասին կարծիք հայտնեմ, չի կարելի: Մի փորձեք ինձ համոզել, ես որեւէ անհատի մասին որեւէ խոսք չեմ ասելու, ինձ դա չի սազում»: Ապա հավելեց, որ ընդամենը կուզենա, որ բուհի հաջորդ ղեկավարը շարունակի բոլոր այն կրթական բարեփոխումները, որ վերջին 5 տարում իրականացվել են, բնականաբար՝ իր կողմից. «Շշուկներ կան, բայց դրանք մանրամասնելու կարիք չկա: Էդ շշուկները պաշտոնական չեն, բամբասանքի ձեւով են, իսկ ես մեր բուհի ներսում բամբասանքների դեմ միշտ պայքարել եմ, ու դրանք համարյա թե չկան, դրսից լսել եմ զանազան բաներ, բայց նորից եմ ասում՝ բամբասանքը ես լուրջ չեմ ընդունում»:



Սուվարյանն անդրադարձավ նաեւ մի քանի բուհերում գիտակրթական կոչումների շեմն իջեցնելու օրինագծին եւ ճիշտ համարեց թեկնածուների առաջ դրվող՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսորի նախապայմանի պահպանումը:Ապա, խոսելով ռեկտորի առաջիկա ընտրություններից, կրկին հիշեցրեց, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, մրցույթ կհայտարարվի, թեկնածուներ կլինեն, իսկ հիմա՝ «չեմ խոսի, գործ չունեմ, ձեռնպահ եմ մնում»: