Թողարկվել է Արաքս Դավթյանի կատարմամբ ռուսական ռոմանսների ձայնասկավառակը

Թողարկվել է Արաքս Դավթյանի կատարմամբ ռուսական ռոմանսների ձայնասկավառակը
Արաքս Դավթյանի (1949–2010) մահվանից հետո լույս է տեսել նրա  առաջին հետմահու ձայնասկավառակը: Այն կազմել և հրատարակել է Կոնստանտին Օրբելյանը: Ստորև ներկայացնում ենք ձայնասկավառակի հրատարակման պատմությունը և Կոնստանտին Օրբելյանի հուշերը մեծ երգչուհու մասին:





Արաքս Դավթյանին  հանդիպեցի 22 տարի առաջ Ֆրանսիայի գավառական Տուրս քաղաքում: Նա աշխատում էր իմ ընկեր և գործընկեր Վլադիմիր Սպիվակովի և վերջինիս "Մոսկովյան վիրտուոզներ" կամերային նվագախմբի հետ: Ես ամբողջովին գերվել էի Արաքսի բյուրեղյա մաքրություն ունեցող ձայնով, վարպետությամբ և Մոցարտի հիասքանչ ստեղծագործությունների հանդեպ նվիրվածությամբ:  Սա ծանոթություն էր ոչ միայն Արաքս երգչուհու, այլև ջերմ և հիասքանչ մարդու հետ, ում հետ ես հետո բախտ ունեցա աշխատելու և  20 տավա ընթացքում հանդես գալու  ավելի քան 250 համերգներով:



Երբ 1991-ին ես նշանակվեցի Մոսկվայի կամերային նվագախմբի երաժշտական ղեկավար, ես խնդրեցի Արաքսին որպես մենակատար հանդես գալու իմ առաջին համերգի ընթացքում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Արաքս Դավթյանի հետ մենք համերգներով շրջեցինք  ողջ աշխարհով` Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Հարավային Ամերիկա և Եվրոպա:



Արաքսն օժտված էր արվեստի հանդեպ հավատով և անկեղծությամբ: Նա Մոցարտի, Վերդիի, Պուչինիի և իհարկե հայ կոմպոզիտորներ` Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Բաբաջանյանի, Միրզոյանի և Հարությունյանի ստեղծագործությունները կատարում էր սեփական մեկնաբանմամբ և առանձնահատուկ ճշմարտությամբ: Դժբախտաբար, նրա այդ կատարումներից որևէ մեկը չի ձայնագրվել: 1990-ականների կեսերին ես կարողացա ձայնագրել այն ստեղծագրոծությունները, որոնք ներկայացնում եմ ձեզ:



Մեծ նվաճումները մեծ ջանքեր են պահանջում: Հայաստանում ապրող Արքասի ու  Մոսկվայում ապրող հիասքանչ դաշնակահար Վլադիմիր Կլեվկեյի հետ մենք մի քանի ազատ շաբաթ էինք գտել, որպեսզի Արաքսը գար Մոսկվա ձայնագրվելու այս ալբոմի համար, ուր, համոզված եմ, ընդգրկված են  ռուսական երաժշտական արվեստի գոհարները:



Կոնստանտին ՕՐԲԵԼՅԱՆ