Դու մեզ համար «ջեք փոթ» ես

Դու մեզ համար «ջեք փոթ» ես
Սրանք ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի վարորդ Արսեն Խաչատրյանի խոսքերն են՝ ուղղված ԻԻՀ  քաղաքացի Մոհամադ Շառիֆյանին:



Իրանի քաղաքացիներ Մոհամադ Շառիֆյանը ու Սինա Շաքերհոսեինն իրենց նշանածներ Մերսեդեի եւ Բեհեշթեի հետ (չորսն էլ ուսանում են Երեւանում) 2010 թ. ապրիլի 2-ին, ժամը 16:30-ին գնացել են Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորան՝ իրենց ավանդական Նոր տարվա վերջին օրը նշելու: Ժամը 18:00-ին մոտ Արսեն Խաչատրյանն ու իր երկու ընկերները՝ Հակոբ Գրիգորյանն ու Կարեն Անանյանը (ՊՊԾ գնդի վարորդներ), տեղավորվել են հենց այն տաղավարի հարեւանությամբ, որտեղ նստած են եղել պարսիկները եւ շուրջ երկու ժամ «վայելել» իրենց 1-ական բաժակ սուրճը: Գեղեցիկ ու բարեկազմ պարսկուհիները չեն վրիպել Ա. Խաչատրյանի աչքից՝ հատկապես շիկահեր ու կապուտաչյա Բեհեշթեն, որը ռեստորանից դուրս գալուց առաջ որոշել է օգտվել զուգարանից: Աղջկա հետեւից զուգարան են գնացել Ա. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը: 1-2 րոպե անց շփոթված Բեհեշթեն, մտնելով տաղավար, պատմել է, որ երբ ինքը նստած է եղել զուգարանակոնքին, հարեւան տաղավարի գեր տղան (նկատի է ունեցել Ա. Խաչատրյանին) մտել է զուգարան եւ ծիծաղելով ինչ-որ բան ասել Բեհեշթեին:



Քանի որ աղջիկը հայերեն չի հասկացել, ուստի միայն արձանագրել է, որ, ներխուժելով զուգարան, դուռը ներսից ծածկել է ու ժպտադեմ շարունակել խոսել: Երբ Բեհեշթեն արագ դուրս է նետվել զուգարանից, նկատել է, որ դրսում կանգնած սպասում է Հակոբը (Բեհեշթեի նկարագրությամբ՝ ճաղատը): Բեհեշթեի նշանածը՝ Սինան, լսելով միջադեպի մասին, շրջվել է դեպի Ա. Խաչատրյանը եւ նկատել, որ նա ձեռքով կանչում է Բեհեշթեին:



Սինան մոտեցել է նրան եւ հարցրել, թե ինչ է ուզում իր նշանածից: Արսենը, պատասխանելու փոխարեն, բռնել է Սինայի օձիքից եւ քաշքշել: Նրան են միացել իր երկու ընկերները՝ Կարենն ու Հակոբը, որոնք փորձել են Սինային խցկել իրենց մեքենան: Այնուհետեւ մոտեցել է մատուցողուհի Հայկանուշը, իսկ նրա հետեւից՝ պահակ Վաղինակը, որոնք թիկունքից սկսել են հարվածել պարսիկներին: Մոհամադն այդ պահին իր նշանածին՝ Մերսեդեին հասկացրել է, որ նստի մեքենան, որպեսզի փախչեն-փրկվեն:



Մինչ նրանք կնստեին իրենց մեքենաները, Արսեն Խաչատրյանն արագ գրպանից հանել է վկայականն ու գոռացել՝ փոլիս-փոլիս, ապա իր երկու ընկերների՝ Կարենի ու Հակոբի հետ ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով պարսիկ տղաներին ու նրանց մեքենային, խոչընդոտել է մեքենայի տեղաշարժը: Արսենը շտապելուց վայր ընկնելով ու բարձրանալով, հայտնվել է Մոհամադի մեքենայի առջեւում՝ ձեռքերով փակելով ճանապարհը:



Մոհամադը, այլ ելք չգտնելով, մեքենան ձախ է թեքել, որպեսզի չհարվածի աջ կողմում հավաքվածներին, եւ բախվելով ձախ ճանապարհի եզրապատին՝ ընկել է առուն: Արսենը, տեսնելով, որ մյուս պարսիկը՝ Սինան, փորձում է հեռանալ, կիսով չափ մտել է նրա մեքենան ձեռքից խլել բանալիները: Արսենը ժամանակ է շահել, մինչեւ հայտնվեն Հակոբի կանչած ոստիկանները: Շուտով հայտնվել են ՊՊԾ ոստիկանները եւ Մալաթիայի բաժանմունք տեղափոխել թե՛ «խուլիգաններին», թե՛ «տուժողներին»:



ՊՊԾ ոստիկաններն իրենց ցուցմունքներում նշել են, թե իրենք ոչ մեկի վրա ձեռք չեն բարձրացրել, այլ այս ու այն կողմ են փախել Սինայի հարվածներից… Հետո էլ պնդել են, թե Մոհամադը, վրաերթի ենթարկելով Ա. Խաչատրյանին, վնասել է նրա սրունքը: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ  մեքենայի վրա, հատկապես դրա ձախակողմյան հատվածում վրաերթին բնորոշ վնասվածքներ չեն նշել: Փորձաքննության ներկայացված Ա. Խաչատրյանի տաբատի վրա ավտոմեքենայի ներկածածկույթի միկրոմասնիկներ չեն հայտնաբերվել:



Սակայն դա չի խանգարել, որպեսզի քրեական գործ հարուցեն, ըստ որի՝ իրանցիները հանցագործներ են, իսկ հայերը՝ տուժողներ: Քրգործի նյութերի համաձայն՝ Բեհեշթեն ստում է, թե Արսենը ներս է մտել զուգարան: Ըստ քննիչի, նա դուռը բացելուց հետո ոչ թե ներս է մտել, այլ ներողություն է խնդրել պարսկուհուց ու հեռացել: Իսկ երբ կռիվը թեժացել է, Ա. Խաչատրյանը, նահանջելու տեղ չունենալով, ռեստորանի աշխատողներին պատվախնդրության է մղել. «Հլը մենք գնանք իրանց երկիրը՝ տեսեք մեզ ի՞նչ կանեն: Բա դուք թասիբ չունե՞ք»:



Իբր դրանից հետո են միայն մատուցող Հայկանուշն ու պահակ  Վաղինակը միջամտել: Մեղադրողն անտեսել է ռեստորանի աշխատակիցներ Հ. Գալստյանի եւ Վ. Եղիկյանի հայտարարություններն այն մասին, որ իրենք սուտ ցուցմունքներ են տվել՝ ելնելով Ա. Խաչատրյանի ազգասիրական՝ «թասիբի գցող» խոսքերից, եւ խնդրել են օրինապահներից (քննիչ մեղադրող), որպեսզի պաշտպանեն իրենց ու իրենց ընտանիքի անդամներին Ա. Խաչատրյանի եւ նրա ընկերների ոտնձգություններից:



Քննիչը ոչ միայն ընթացք չի տվել դիմումներին եւ հայտարարություններին, այլեւ տուժողներից պահանջել է պնդել հին ցուցմունքը եւ վկայություն տալ պարսիկ տղաների շահերի պաշտպան Աստղիկ Պապիկյանի դեմ՝ որպես կաշառողի: Փաստորեն, տուժողները պաշտպանվելու խնդիր ունեին ոչ միայն ՊՊԾ  ոստիկաններից, այլեւ հենց մեղադրող կողմից: Մինչդեռ Ա. Պապիկյանը տուժողներին որպես կրած վնասի հատուցում է փոխանցել Հայկանուշին եւ Վաղինակին Մոհամադի եւ Սինայի ծնողների կողմից եւ նրանց ներկայությամբ տրված գումարը: Եվ այս փաստը մեղադրող կողմը գնահատել է որպես կաշառք, եւ Ա. Պապիկյանի նկատմամբ հարուցվել է քրգործ:



Գործում բազմաթիվ խախտումներ կան, այդ թվում, ասենք, չեն պարզել, թե ինչ ծագում ունեն իրանցիների մարմնական վնասվածքները եւ ինչու մի կողմը ճանաչվել է տուժող, իսկ մյուսի վնասվածքներն ուշադրության չեն արժանացել: Ի դեպ, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն  անձամբ ոստիկան Ա. Խաչատրյանն է ստացել եւ հանձնել քննիչին: Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, երբ պարսիկ տղաների նկատմամբ խափանման միջոցը փոխվում է ստորագրությամբ եւ քաղաքից չբացակայելու պայմանով, ոստիկան Ա. Խաչատրյանը հանդիպում է Մոհամադին եւ ասում. «Դուք պիտի մեզ այնքան գումար տաք, որ հերիքի քննչականի պետին, դատախազին ու ինձ: Ձեր ազատման պայմանը միայն դա է, այլապես նորից կբանտարկվեք երկար ժամանակով»: Մոհամադը դժգոհել է. «Մենք ուսանող ենք, ինքներս էլ մարմնական վնասվածք ու կոտրվածք ենք ստացել, անազատության մեջ ենք մնացել, առգրավված է իմ մեքենան, այսքան տուժելուց հետո ինձ ո՞ւմ տեղն եք դրել»: Ա. Խաչատրյանը պատասխանել է՝ «ջեք փոթի»:



Դատական պրոցեսը շուրջ մեկ տարի է՝ ընթանում է, գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մ. Պապոյանի նախագահությամբ: Հետեւենք իրադարձությունների ընթացքին:



Թերեզա ԱՍԱՏՐՅԱՆ