Խնդիրը նպաստառուների քանակը կրճատելն է

Խնդիրը նպաստառուների քանակը կրճատելն է
Մենք արդեն անդրադարձել ենք տարեսկզբին ընտանեկան նպաստների համակարգում կառավարության կատարած փոփոխություններին, որոնք դժգոհությունների մեծ ալիք էին բարձրացրել:



Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են նպաստառու ընտանիքների հաշվառման վայրին: Այսինքն, նոր կարգի համաձայն, ընտանեկան նպաստը նշանակվում է ըստ փաստացի հաշվառման վայրի, թե որտեղ է բնակվում տվյալ նպաստառու ընտանիքը: Փոփոխությունը խուճապի էր մատնել մի շարք ընտանիքների, որոնք բնակվում են բարեկամների, հարազատների տանը կամ էլ վարձակալությամբ: Եվ հազիվ թե բնակարանի սեփականատերը թույլ տա ինչ-որ մեկին հաշվառվել իր հասցեում: Սոցնախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը:



Նախարարը վստահեցրեց, որ խնդիրը լուծված է, քանի որ հարցը քննարկվել է թե նախարարությունում եւ թե փոխվարչապետի ու համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ: «Մենք եղանք մարզերում, ման եկանք, առարկայական բոլոր խնդիրները հանեցինք եւ լուծում տվեցինք»,-ասաց նախարարը: Ըստ նրա, խնդիրները հիմնականում կապված են եղել անձնագրային բաժանմունքների հետ, եւ երբ ի կատար են ածվել կառավարության փոփոխությունները, պարզ է դարձել, որ բազմաթիվ նպաստառու ընտանիքներ չունեն հաշվառում: Այսինքն այն ընտանիքները, որոնք պետք է փաստագրվեին՝ հաշվառում չեն ունեցել:



«Բարդ, երկար քննարկումներից հետո որոշեցինք, որ քաղաքացին որտեղ որ բնակվում ա, անձնագրային բաժինը տեղեկանք ա տալիս իր փաստացի բնակության վայրի մասին, այսինքն, եթե հաշվառված չի մի տեղ, բայց բնակվում ա: Այդ տեղեկանքը հիմք ենք ընդունելու, եւ բոլոր խնդիրները լուծվում են»,-պարզաբանեց Արթուր Գրիգորյանը: Ըստ նախարարի, նպաստառու ընտանիքների 90-92 տոկոսը՝ 8 հազար 500 ընտանիքներից 7 հազար 800-ն արդեն փաստագրվել են, իսկ այն ընտանիքները, որոնք դեռ չեն փաստագրվել, ռեալ խնդիրներ ունեն, սակայն՝ «ոչ թե փաստագրման հետ կապված, այլ իրենց կարգավիճակն այլեւս թույլ չի տալիս դառնալ նպաստառու»:



Նախօրեին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանն ասել էր, թե կան նաեւ շատ դեպքեր, երբ մարդը չունի գրանցման եւ հաշվառման հասցե: Այդ դեպքում նրան հաշվառում են սոցիալական ծառայության հասցեով: Սակայն օրերս Արթուր Գրիգորյանն ասաց, թե այդպիսի կարգ չկա. «Մենք ընդամենը երկու տեսակի տեղեկանք ենք պահանջում՝ փաստացի բնակության եւ հաշվառված տեղի: Եթե հաշվառում չունի, ապա կբերի փաստացիի մասին տեղեկանք: Հիմք կընդունենք դա, հետո արդեն անձնագրային բաժանմունքները կգտնեն համապատասխան կարգը եւ կհաշվառեն»:



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրեց, որ կատարված փոփոխությունները վերջապես թույլ կտան փաստագրել իրական նպաստառու ընտանիքներին, քանի որ մինչ այդ բազմաթիվ դժգոհություններ կային, թե նպաստ են ստանում այնպիսի ընտանիքներ, որոնք ենթակա չեն դասվելու նպաստառու ընտանիքների շարքը: