Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւելագետ չէ՞

Լեւոն Տեր-Պետրոսյանն արեւելագետ չէ՞
«Հայաստանում հեղափոխական տրամադրությունները կհասունանան մարտ ամսին: Ցասումը լինելու է: Միակ հարցն այն է՝ անարյո՞ւն կլինի, թե՞ ոչ»,-երեկ «Հայելի» ակումբում կանխատեսեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Բանախոսի համոզմամբ՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ Հայաստան հասնելու հավանականությունը մեծ է, եւ հետեւաբար, ըստ նրա` հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե ինչպես իշխանությունը, առանց արյուն թափելու, հանձնեն այլ քաղաքական ուժերի:



ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ խորհուրդ տվեց ընդդիմադիր գործիչներին,  թե` «մի սպասեք, որ ցասումը Հայաստան կգա». Արեւելքում տեղի ունեցող գործողությունները չեն  հասնի Հայաստան: Մինչդեռ Հայաստանում, Զաքարյանի խոսքով, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք հույս ունեն երկրում առկա դժգոhություններն օգտագործելով՝ հասնել իշխանության: Ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով եւս կանխատեսել էր, թե Արեւելքի հեղափոխական ալիքը շուտով կհասնի Հայաստան, որ Սերժ Սարգսյանի «մուբարաքացումը» ժամանակի հարց է, Զաքարյանը հեգնեց. «Ես կարծում էի էդ մարդը արեւելագետ ա, բայց  պարզվում ա՝ Արեւելքից էլ բան չի հասկանում»:



Այս մեծ-մեծ խոսելը թերեւս հունից հանեց Արամ Կարապետյանին, ով անմիջապես փորձեց «ստուգել» Զաքարյանի ունակությունները: Առաջարկեց թվարկել այն չորս քաղաքական ընդդիմադիր ուժերին, որոնք առաջնորդում էին Եգիպտոսում ընթացող հակակառավարական ակցիաները. «Այս դեպքում ես կհավատամ, որ Դուք իսկապես հասկանում եք Արեւելքից»: Զաքարյանը կարողացավ նշել միայն Ալ Բարադեյին, բայց չկարողացավ հիշել, թե նա ի պաշտոնե ով էր: Իր գիտելիքների պակասը լրացնելու համար նա դիմեց ընդհանուր ֆրազների. «Պետք է կարողանանք հեռու մնալ արյունալի իրադարձություններից: Եթե հրահրողներ չլինեն, ինչպես նախկինում դա տեղի ունեցավ մարտի 1-ի ժամանակ, առաջիկայում հնարավոր կլինի խուսափել արյունալի իրադարձություններից»: