Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից

Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից
Անցյալ ուրբաթ «Հրապարակի» խմբագրությունում ստացվել էր սովորական մի նամակ: Ծրարը պատվիրված չէր, չուներ հանձնման ծանուցագիր, պարունակությունը` երկու թերթ, մեկը «Հրապարակի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» վերնագրով իմ հոդվածի պատճենը, մյուսը «GPartners» կոչվող իրավաբանական մի գրասենյակից գրություն:



ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՀԵՏՔԵՐՈ՞Վ



Առաջին պարբերությամբ «GPartners»-ը ներկայացրել էր իրեն. «Թույլ տվեք տեղեկացնել Ձեզ, որ «Գրիգորյան ընդ փարթներս» (GPartners) իրավաբանական գրասենյակը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչը»:



Ինչպես ֆրանսիացիները կասեին՝ o-la-la: «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ» անվանումով իրավաբանական անձ գոյություն ունի՞, որ ներկայացուցիչ էլ ունենա: Խոսակցական լեզվում «Քոչարյանի գրասենյակ» ասելով՝ հասկացվում է ֆիզիկապես առկա գրասենյակային տարածքը «Էրեբունի պլազայում»` երեք աշխատակիցներով: Իսկ իրավական հարթությունում «ՀՀ նախագահի սպասարկման, վարձատրության եւ անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է. «...գրասենյակը ՀՀ պաշտոնաթող նախագահին հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչեւ 70 տարին լրանալը, գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: ՀՀ պաշտոնաթող  նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում»:



Մի գրասենյակ, որ նույնիսկ սեփական հաստիք չունի, ինքնաբերաբար, կանոնադրություն էլ չունի, բյուջե էլ չունի, տնօրեն էլ չունի, կնիք էլ չունի, ոչ էլ իրավաբանական անձի որեւէ այլ ատրիբուտ: Նախագահականից պարզեցինք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում, ի կատարումն վկայակոչված օրենքի դրույթի, հաստատված է երեք հաստիք` պաշտոնաթող նախագահի օգնական, գլխավոր գործավար եւ առաջատար գործավար: Հաստիքները նախագահի աշխատակազմի որեւէ ստորաբաժանման մեջ ներառված չեն:



Զանգահարում եմ «GPartners»՝ Ս. Գրիգորյանին, ով ստորագրել է խմբագրություն ուղարկված գրությունը, եւ հարցնում. «Դուք ինչպե՞ս եք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչը, երբ Քոչարյանի գրասենյակն իրավաբանական անձ չէ եւ իրավունքի սուբյեկտ չէ»: Պատասխանը մեջբերում եմ տառացի. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի կառուցվածքի մեջ: Գրասենյակն ունի իրավունքներ, պարտականություններ, ինչպես նաեւ կրում է պատասխանատվություններ եւ այդքանով էլ հանդիսանում է իրավասուբյեկտ»:



Իսկը ֆանտաստիկա... Օստապ Բենդերին կսազեր այդ տեքստը: ՀՀ նախագահի աշխատակազմում նույնիսկ «Պաշտոնաթող նախագահի գրասենյակ» անվանումով ստորաբաժանում գոյություն չունի, ուր մնաց անվանական` «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ»: Եվ այդ ո՞ր օրվանից է աշխատակազմի ստորաբաժանումն իրավունքի սուբյեկտ կամ իրավաբանական անձ: Իսկ երբ չկա իրավունքի սուբյեկտ, չի կարող լինել նաեւ դրա ներկայացուցիչ: Այդքանով էլ ներողություն, բայց «GPartners»-ն ինքնակոչ մեկն է, որի նամակը հետագա ողջ բովանդակությամբ կարելի էր նետել մի կողմ... բայց քանի որ զանգահարել էի, հաջորդ երկու պարբերություններին էլ անդրադարձա:



ՔՈՉԱՐՅԱՆԻ Ո՞Ր ՀԱՄԲԱՎԸ



«GPartners»-ի գրության երկրորդ պարբերությունն այն մասին էր, որ խնդրո առարկա հոդվածում «տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող, զրպարտող տեղեկություններ, ինչով խախտվել են ՀՀ քաղօր. 1087.1-րդ հոդվածի պահանջները»: ՀՀ քաղօր. 1087.1 հոդվածի վերնագիրն է՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»: «Բարի համբավ» բառակապակցություն այդ հոդվածում ընդհանրապես չկա:



Հետեւաբար «GPartners»-ի գրության հեղինակին հարցնում եմ. «Եթե օրենսգրքի հոդված եք մեջբերում, վերնագի՞րն ինչու եք աղավաղում: Այդ հոդվածում կա՞ բարի համբավի հիշատակություն»: Համարյա բացատրում էր, որ համբավը կարող է լինել գործարար՝ մի դեպքում, բարի՝ մյուս դեպքում, եթե Քոչարյանը գործարարությամբ զբաղվեր, այդ դեպքում կասվեր... Սակայն օրենքը համբավի մասին չէ, որ նախընտրած ածականն էլ առջեւից դնես, այլ շատ որոշակի` «գործարար համբավի» եւ դրան պատճառված վնասի: Հետեւաբար իմաստ չունի վկայակոչել այն, ինչ գոյություն չունի` Քոչարյանի բարի համբավ: Ավելի գործնական կլինի օրենքի պահանջը բավարարել` հայտարարել, թե Քոչարյանը զբաղվում է գործարարությամբ, ունի գործարար համբավ, հոդվածն էլ դրան վնասել է: Կամ էլ՝ համբավի թեման թողնել հանգիստ:



Ո՞Վ Է ՀԵՐՔՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂԸ



Վերջապես «GPartners»-ի գրության կուլմինացիան. «Սույնով խնդրում ենք Ձեզ մեկշաբաթյա ժամկետում եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հրապարակել վերոնշյալ հոդվածով Ռոբերտ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող, վիրավորող եւ զրպարտող տեղեկությունների հերքումը»:



Եվ քաղօր. 1087.1 հոդվածը, եւ  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածը միանշանակ սահմանում են. «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները...»:  Անձը… իր իրավունքները խախտող... Բնականաբար հարցնում եմ խմբագրություն ուղարկված գրության հեղինակին. «Ո՞վ է մեզանից պահանջում հերքում տպագրել` Ռոբերտ Քոչարյանն անձա՞մբ...»: Պատասխանում է, թե Քոչարյանը չի պահանջում:



«Հապա ո՞վ է պահանջում»: «Մենք, որպես իր գրասենյակի ներկայացուցիչ»: Կարելի էր ասել՝ ցավում եմ, բայց դուք նման իրավասություն չունեք, քանզի, համաձայն օրենքի տառի եւ ոգու՝ իր իրավունքների խախտման հիմնավորմամբ լրատվամիջոցից հերքում պահանջելու իրավասու է անձն ինքը, այս դեպքում` Ռոբերտ Քոչարյանը: Կամ էլ ծայրագույն դեպքում՝ Քոչարյանը պետք է լիազորագիր տա որեւէ անհատի (լիազորագրի պատճենն էլ ուղարկի խմբագրություն), որպեսզի այդ երկրորդ անձն իրավասու դառնա Քոչարյանի անունից հերքում պահանջելու: Այլ ճանապարհ գոյություն չունի:



Հետեւաբար, եթե Քոչարյանը կամ իր շրջապատը հետեւողական են «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրո՞ւմ» հոդվածի ինչ-որ փաստական անճշտությունների հերքում պահանջելու հարցում, թող իրավասու անձի համապատասխան պահանջով գրությունն ուղարկեն խմբագրություն: Նաեւ չմոռանան անճշտությունները հերքող պատասխան տեքստ ուղարկել: Մեծ հետաքրքրությամբ սպասում ենք հոդվածի պատասխանին՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում: Ավելի քան հետաքրքիր է, թե ով եւ ինչպես է այդ հոդվածում փաստական անճշտություն գտնելու եւ հերքելու: Եվ, անշուշտ, պատրաստ ենք այն նաեւ տպագրել: