Գագիկ Ծառուկյանին կարող է ճնշել միայն իր հոգին

Գագիկ Ծառուկյանին կարող է ճնշել միայն իր հոգին
ԲՀԿ-ի կողմից կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը քննարկման առարկա է ԲՀԿ-ականների շրջանում: Ներկայացնում ենք մեր զրույցը ԱԺ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) հետ:



- Պարոն Գեւորգյան, ստորագրելով կոալիցիոն նոր հուշագիրը՝ ԲՀԿ-ն ընտրություններին ընդառաջ փաստացի կորցրեց քաղաքական ինքնուրույնությունը, ու «50+1»-ի մասին խոսակցությունները հետին պլան մղվեցին: Ի՞նչ է անելու ԲՀԿ-ն, տեղավորվելո՞ւ է ՀՀԿ-ի գծած ցուցանիշների շրջանակում:



- Ինձ թվում է՝ ԲՀԿ նախագահը լրագրողների հետ իր հարցազրույցում պարզ արտահայտվեց, որ ԱԺ ընտրություններում մենք գնում ենք առանձին՝ անկախ ամեն ինչից: Էնպես որ, նմանատիպ մտավախություն բոլորովին չկա: Իսկ դեմքը կորցնելու առթիվ չեմ կարծում, որ ԲՀԿ-ն երբեւիցե իր դեմքը կկորցնի, քանի որ ԲՀԿ-ն իր քաղաքական նկարագիրը կառուցել է հիմնականում իրեն ընդունող, իրեն ընկալող հայ ժողովրդի վրա: Իր արած գործերի վրա, իսկ արած գործը երբեւիցե չի կարող մարվել, չի կարող մաշվել, քանի որ շարունակական բնույթ ունի ԲՀԿ-ի ու ԲՀԿ առաջնորդի կողմից:



Իսկ քանի դա շարունակական է, ո՛չ կուսակցության ռեյտինգը, ո՛չ առաջնորդի քաղաքական ռեյտինգը երբեւիցե անկում չեն ապրի: Եթե այսօրվա դրությամբ երկիրը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, աշխարհում ամբողջ արտաքին քաղաքականությունը, դուք տեսնում եք, ինչքան խառնաշփոթ իրավիճակում է հայտնվել: Շրջապատված ենք թշնամիներով, գոյություն ունի ֆինանսական, տնտեսական ճգնաժամ, գոյություն ունեն ռազմական ծանր խնդիրներ: Դուք ինչ եք կարծում, էսօրվա դրությամբ մեր երկրին անհրաժե՞շտ էր խառնաշփոթ քաղաքական իրավիճակ, թե ո՞չ:



- Ասել է թե՝ եթե ԲՀԿ-ն հուշագիրը չստորագրեր, խառնաշփո՞թ կստեղծվեր երկրում:



- Ոչ թե խառնաշփոթ կստեղծվեր, շատ հավանական է, որ իրավիճակի փոփոխություն տեղի ունենար Հայաստանի ներքաղաքական դաշտում: Դրանից օգտվեին շատ-շատ բացասական ուժեր: Համենայնդեպս՝ քաոսային վիճակ գուցեեւ տիրեր: ԲՀԿ-ն երբեւիցե դրան կողմ չի եղել իր առաջնորդի հետ միասին: Միշտ էլ մենք կողմ ենք եղել ներքաղաքական կայուն իրավիճակին:



- Ուզում եք ասել՝ եթե չստորագրեր, հնարավոր է քաղաքացիական պատերա՞զմ լիներ:



- Չէ: Դուք ծայրահեղությունից ծայրահեղություն եք հարցնում: Համենայնդեպս ԲՀԿ-ի չստորագրելուց կարող է օգտվեին այնքա՜ն ոչ առողջ ուժեր, որ մեր ռեյտինգը եւ մեր երկրի ղեկավարի ռեյտինգն ինչ-որ մի տեղ թեթեւ անկում ապրեր արտաքին քաղաքական դաշտում: Մեր՝ հուշագրի ստորագրումը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ավելի ձիգ, ավելի ուժեղ, ավելի վստահ գտնվեր մեր երկրի նախագահը՝ ներկայիս արտաքին քաղաքական դաշտում: Դուք լավ գիտեք, որ բազում խնդիրներ կան՝ Արցախի հիմնախնդիրը, ցեղասպանության եւ բազում՝ մեր երկրին վերաբերող հարցեր կան անլուծելի: Իսկ նման քաղաքական իրավիճակում մեզ պետք է ուժեղ նախագահ, վստահելի թիկունք ունեցող:



- Այ, Դուք ասում եք՝ եթե չստորագրեր, որոշ ուժեր կշահեին, չստացվե՞ց, որ այսպիսով Հանրապետականը շահեց, որ եւս մեկ անգամ ամրագրեց հուշագրով իր առավելությունը ԲՀԿ-ի նկատմամբ:



- ԲՀԿ-ի համար առաջնայինը շահը չի, թե ինչ կշահի կամ չի շահի: ԲՀԿ-ի համար առաջինը երկրի իրավիճակի խնդիրն է, որ երկրի քաղաքական դաշտը լինի կայուն: Թեկուզ այս սոցիալական ծանր իրավիճակում երկրում լինի խաղաղություն, ներքաղաքական խմորումներից զերծ մնա մեր ժողովուրդը: Եթե ԲՀԿ-ն շահ հետապնդելուց լիներ, երբեք այս տեսանկյունից ի հայտ չէր գա: ԲՀԿ-ի համար առաջնայինը աթոռի խնդիրը չի: Ինձ թվում է՝ հուշագրի ստորագրումն առաջնահերթ մեր ժողովրդին ու պետությանն էր պետք:



- Պարոն Գեւորգյան, ԲՀԿ-ն ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ժողովրդական կուսակցություն է, ժողովրդի համար է եւ այլն, սակայն ներկա հուշագրով 2013թ. ընտրություններում սատարում է մի նախագահի, որի պաշտոնավարման ընթացքում անարդարություններ կան, հայկական բիզնեսը տեղափոխվում է Վրաստան, նոր թափ է առնում արտագաղթը, սոցիալական խնդիրներն են խորանում, կոռուպցիան:



- Շատ ճոխ ու ուռճացված մեղադրանք ու գնահատական տվեցիք երկրի նախագահին՝ ամեն ինչը վերագրելով իրեն, որ այդպես չէ: Այո, Ձեր թվարկածները երկրում կան, եւ դա կա նաեւ աշխարհի բոլոր պետություններում: Խնդիրների մի մասը հետեւանք է ֆինանսատնտեսական ճգնաժամի: Ինչ եք կարծում, մեր երկիրը, որը հիմնականում ներկրող երկիր է, պետք է անմա՞սն մնար այդ իրավիճակից:



Ինչ վերաբերում է երկրի նախագահի գործունեությանը, մասնավորապես արտաքին քաղաքականության մասով՝ լինի Արցախի հարցը, ցեղասպանության, թե Հայաստան-Սփյուռք կապերը, անգամ քաղաքականությամբ չզբաղվող հային էլ նկատելի էր նրա կոշտ ու հայանպաստ դիրքորոշումը՝ թեկուզ դժվարին, բայց բավարար ձեռքբերումներով: Արտաքին քաղաքականության մեջ, որի հիմնական պատասխանատուն երկրի նախագահն է, երկիրը դուրս է եկել փակուղուց: Երկրի տնտեսական իրավիճակի պատասխանատուն վարիչ մեքենան է, թեպետ երկրի նախագահի աչքից չի վրիպում ոչ մի բան՝ նա քաջ գիտակցում է, որ վատ կառավարիչների պատճառով կորսվում է հայրենիքի վսեմ գաղափարը, եւ իզուր չի, որ այսօր աստիճանաբար տեղի է ունենում կառավարիչների փոփոխություն:



Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերի կողմից հուշագիրը երկրորդ անգամ ստորագրելուն ու շեշտը դրվում է գործող նախագահին սատարելու վրա, ապա ԲՀԿ-ն, լինելով ժողովրդի կողմից ամենասիրված քաղաքական ուժը, ինչ եք կարծում, աշխարհում տիրող այս իրավիճակում ո՞ւմ պիտի սատարեր, եթե ոչ գործող նախագահին՝ առավել ամրապնդելով նրա թիկունքը:



- Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, որոշակի ճնշման արդյունքում է ստորագրել հուշագիրը:



- Գագիկ Ծառուկյանին միայն կարող է ճնշել իր հոգին, իր մտածելակերպն ու նվիրվածությունը, որ ունի իր ազգի, իր հայրենիքի եւ պետության նկատմամբ: Չեմ կարծում, որ կա ուժ, որ կարող է ճնշել նմանատիպ մարդուն ու նվիրյալին: Եվ ինչ էլ որ արվել է, արվել է հանուն սեփական ժողովրդի ու երկրի:



- Այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ի՝ որպես ինքնուրույն եւ «50+1» հավակնություն ունեցող ուժի ռեյտինգի անկում էր:



- ԲՀԿ-ն ընդունված, ժողովրդի կողմից սիրված, ամենանվիրումով ընկալվող քաղաքական ուժն է: Անկախ քաղաքական վայրիվերումներից՝ միեւնույն է, նա ընկալվում է որպես ամենասիրված քաղաքական ուժ ժողովրդի կողմից: