Նախարարը Սյունիքի մարզպետին 2 գնահատեց

Նախարարը Սյունիքի մարզպետին 2 գնահատեց
Երկուշաբթի Սյունիքի մարզպետարանի դահլիճում մարզի համայնքի ղեկավարների ու մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով մարզում կատարված քաղպաշտպանության անցած տարվա աշխատանքների մասին, մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 2 գնահատեց. Մինչ ներկաները փորձում էին ուշքի գալ, նախարարն ասաց: «Մենք գնահատում ենք 0-ից մինչեւ 2 միավոր սանդղակով: Ու տվյալ դեպքում 2-ն ամենաբարձր գնահատականն է»,- գնահատման իր ուրույն համակարգը ներկայացրեց նախարարը:



Փաստորեն, դպրոցներում անցնում են 10 բալանոց համակարգի, իսկ ՕԵԿ-ական նախարարը նոր համակարգ է ներմուծել: Ապա քաղպաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման բնագավառներում ունեցած «ակնառու հաջողությունների համար» ԱԻ նախարարի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզպետարանի որոշ աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ:   Քաջարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին նախարարը հանձնեց «Համագործակցություն` հանուն փրկության» մեդալը:



Մ. Հակոբյանը մեծ աջակցություն է ցուցաբերել ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքի կառուցման գործում: Իսկ ընդհանուր առմամբ, Արմեն Երիցյանը ցանկանում է «հայ փրկարարի կերպար» ստեղծել: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է դարձնենք այնպիսի կառույց, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահի փրկարար ծառայությանը: Այդ գործում կարեւոր են նաեւ բնակչության ու տեղական իշխանությունների հետ հանդիպումները եւ առկա խնդիրների համատեղ քննարկումները»,-ասաց նա:



Հետաքրքիր է, որ վերջինս Սյունիք եկավ այն ժամանակ, երբ ձնաբուք չկար, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհն անցանելի էր: «Դե, մեկ ա, իրանց շեֆն ա, բորան ալ նի` մաքրելու էին»,-ասում էին մարզպետարանի բակում կանգնած կապանցիները: Սակայն Սյունիքի մարզպետը, որ վերջերս փորձում է կառավարել ամբողջ տնտեսությունը եւ անգամ գներ է փորձում թելադրել, հավանաբար մտածելով, թե կարելի է նաեւ եղանակն ու բնությունը հնազանդեցնել, նախարարին առաջարկեց միասին ելք գտնել` բուք ու բորանից խուսափելու համար: Նշենք, որ միայն Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս  հատվածում փայտե արգելապատնեշներ կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 100 մլն դրամ: