Ձախողված քաղաքական հաշվեհարդար
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների միջազգային մի շարք դրույթների կոպիտ խախտմամբ ընթանում է հերթական անօրինական հետապնդումը: Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է հաղորդագրություն, որից մեջբերում ենք. «…դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի սեպտեմբերին պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն»: Իսկ փետրվարի 22-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի վարույթը գտնվում է ՀՀ ԱԱԾ-ում:
ՀՀ իշխանությունների վարքն ու բարքը բնորոշող այս շինծու և ամոթալի քրեական գործով իշխանությունները փորձում են վախեցնել երկրում անարդարության և անօրինականության դեմ պայքարող «Ժառանգություն» կուսակցության անդամներին եւ հասարակության առավել ակտիվ ներկայացուցիչներին, շեղել նրանց իրենց ամենօրյա պայքարից, որը մղվում է ազատ մտածողության գաղափարը այն խեղդողներից, խոշտանգողներից պաշտպանելու համար: «Ժառանգությունը” շարունակելու է լինել ամենուրեք, որտեղ ոտնահարված իրավունքներով քաղաքացիներն են, որտեղ անհրաժեշտ է հակահարված հասցնել իշխանությունների ապօրինի քայլերին, որտեղ խախտվում են օրենքներն ու օրենքից վեր կանգնած պաշտոնյաներն իրենց ամենակարող են զգում:
«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից կուսակցության եւ քաղաքացիական հասարակության դեմ ուղղված այս զազրելի գործողությունը: Հասարակության համար ակնհայտ են այս շինծու քրեական գործի անբարո նպատակներն ու պատվիրատուները: Քաղաքական մրցակիցների դեմ նման մեթոդի կիրառումն ընդամենը շարունակությունն է իշխանությունների վախի արտահայտման: Զգուշացնում ենք, որ յուրաքանչյուր ոտնձգություն արժանանալու է ազդու հակահարվածի և համոզված ենք, որ այս ամենն ի վերջո կհաղթահարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետեւողական եւ կազմակերպված ջանքերի շնորհիվ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Կարծիքներ