Մանասերյանը հերքում է, որ ԱԺ նախագահին խաբելու հետեւանքով է դուրս եկել աշխատանքից

Մանասերյանը հերքում է, որ ԱԺ նախագահին խաբելու հետեւանքով է դուրս եկել աշխատանքից
Երեկ ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Հովիկ Աբրահամյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ նա ժամանակին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր էր: Մեր հարցին, թե ինչն է հրաժարականի պատճառը, Մանասերյանն ասաց. «Գիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել»: Երեկ, սակայն, կայքերում տեղեկություն տարածվեց, թե Մանասերյանը «խաբել է» Հովիկ Աբրահամյանին, դրա համար է հեռացվել խորհրդարանից:



«Դա բացարձակ սուտ է: Ով որ հորինում է նման բաներ, ես չգիտեմ ինչ շահեր է հետապնդում: Մենք շատ հանգիստ, շատ խաղաղ բաժանվել ենք»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց Մանասերյանը, հավելելով, որ պատրաստ է տնտեսական հարցերում հետագայում էլ աջակցել ԱԺ-ին: Իսկ հնարավո՞ր է այլ խնդիրներ է ունեցել խորհրդարանում կամ ԱԺ նախագահի հետ, Մանասերյանը բացասական պատասխանեց. «Բացարձակ: Ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Ինձ համար հիմա ավելի կարեւոր է գիտական աշխատանքով զբաղվելը»: Իսկ այսօր պրն Մանասերյանը հանդես է գալու գնաճի վերաբերյալ զեկույցով: Փաստորեն, ժամանակ չի կորցրել՝ գործից անմիջապես խոսքի է անցել: