ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հիմնական պատճառը

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հիմնական պատճառը
Մեզ հայտնի են դարձել վերջին ամիսներին ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության որոշ մանրամասներ: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, դեռ աշնանը, խորհրդարանական ընտրություններից մոտ 2 տարի առաջ, նախագահական են կանչվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Սերժ Սարգսյանը կոալիցիայի ներկայացուցիչների հետ քննարկել է խորհրդարանական մանդատների հարցը: Մասնավորապես ասվել է, որ իշխանության շարունակականության համար ՀՀԿ-ն պետք է մեծամասնություն ունենա խորհրդարանում, իսկ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն՝ հավասար ձայներ, բնականաբար, զգալի պակաս ՀՀԿ ձայներից:



Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ու Արթուր Բաղդասարյանին ասել է, որ կոալիցիոն երկու ուժերն էլ իր համար հավասար են, երկուսին էլ հավասարապես հարգում է, ուստի ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է հավասար ձայներ ունենան խորհրդարանում: Որոշ չճշտված տեղեկություններով՝ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի համար նախանշվել է մոտ 10-ական տոկոս ձայն: Փաստորեն, ԲՀԿ-ի մասով ստացվում էր, որ այն ավելի քիչ մանդատ է ունենալու, քան ունի այժմ: «Բարգավաճ Հայաստանն» այսօր խորհրդարանում ունի 30 պատգամավոր:



Խորհրդարանական մանդատների կրճատման տեսլականից եւ ՕԵԿ-ի հետ համեմատությունից Ծառուկյանը ծառս է եղել, հայտարարել է, թե ինքը «փուչիկ» կուսակցություն չէ, որին ինչքան էլ փչեն, միեւնույն է՝ չի կայանում: Նախագահականում անդրդվելի են մնացել՝ պնդելով, թե պետք է էդպես լինի ու վերջ: Նախագահականի կողմից իր ղեկավարած ուժը սանձելու ու թուլացնելու միտում տեսնելով՝ Ծառուկյանը «դիլխոր» հեռացել է նախագահականից: Դրանից հետո՝ հոկտեմբերին, եթե հիշում եք, Գագիկ Ծառուկյանը բավական անսպասելի հայտարարեց, որ իրենք գնում են «50+1»-ի խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ հայտարարությունը, չի բացառվում, որ արվել էր Ռոբերտ Քոչարյանի խորհրդով: Ծառուկյանը չի հերքում, որ ամիսը 1-2 անգամ հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին ու խորհրդակցում նրա հետ:



Եթե հիշում եք՝ հոկտեմբերին ԱԺ գնացած ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Մենք աշխատում ենք, որ կարողանանք լիարժեք մեծամասնություն վերցնել, որ կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Հազար անգամ առիթ է եղել՝ մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, սակայն, փոքրամասնություն լինելով, չենք կարողացել իրականացնել: Մենք պայքարում ենք, որ ունենանք «50+1»-ը, որ մեր խոսքը գործ լինի»:



Իսկ դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հաջորդ ընտրություններում ԲՀԿ-ն 8 տոկոս ձայն է ունենալու, Ծառուկյանը հայտարարել էր. «Ասողները գլուխները պատին են տալիս: Նրանք իրանց տանը ձայն չունեն, նրանց կնիկները նրանց ձայն չեն տալիս, ինչի՞ մասին է խոսքը»: Այդ ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ասուլիսում զգուշորեն ակնարկեց, որ եթե ՀՀԿ-ն ուզենա, կարող է թուլացնել ԲՀԿ-ին:



Դրանից հետո ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն ավելի խորացավ, եղան բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ: Մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը մինչեւ վերջերս ոմանց մոտ հայտարարել է, թե չի ստորագրելու հուշագիրը ու դուրս է գալու կոալիցիայից: Եղան նաեւ ակնարկներ, որ հնարավոր է տնտեսական տեռոր կիրառվի ԲՀԿ-ական մեծահարուստների ու պաշտոնյաների նկատմամբ:



Ի վերջո հուշագիրն ստորագրվեց: Դրանում ամրագրվեց, որ կողմերը պահպանելու են խորհրդարանական ձայների ներկա համամասնությունը: Կոալիցիոն ներկա հուշագրով, փաստորեն, ԲՀԿ-ն իր անկախությունն ու ինքնուրույնությունը փոխանակեց ձայների ներկա քանակի հետ: Բավարարվեց խորհրդարանում այսօր իր ներկայացվածությամբ, որը, ճիշտ է՝ ավելին է, քան իր համար աշնանը նախատեսել էին նախագահականում, բայց քաղաքական ուժին զրկում է ինքնուրույնությունից ու ինքնադրսեւորվելու հնարավորությունից:



Այսօր արդեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն հերքում, որ կոալիցիոն ուժերը հնարավոր է միասնական ցուցակով գնան ընտրությունների, ինչը ցանկացած քաղաքական ուժի ինքնուրույնության վերջն է: Սա նաեւ նշանակում է, որ պետականաշինության առումով Հայաստանում որեւէ առաջընթաց չկա՝ շարունակվում են քոչարյանական ավանդույթները:



Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման պատճառը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը նախագահականում կոալիցիոն ուժերի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է հավասար ձայներ ունենան ապագա խորհրդարանում, բնականաբար՝ ՀՀԿ-ից զգալի պակաս: Արմեն Արզումանյանը, ինչպես եւ սպասվում էր, ժխտեց դա, ասելով, թե ինքը անհեթեթությունները չի մեկնաբանում: Փաստորեն, Արզումանյանն էլ է հետեւում իր նախորդի՝ Վիկտոր Սողոմոնյանի հիմնած ավանդույթներին եւ անգամ օգտվում նրա բառապաշարից: Իսկ ԲՀԿ-ականները երեկ, ինչպես վերջին շրջանում, հեռախոսներին չէին պատասխանում. ԲՀԿ-ն կրկին ընդհատակ է անցել: