Հետիոտնը միշտ իրավացի է, քանի դեռ կենդանի է...

Հետիոտնը միշտ իրավացի է, քանի դեռ կենդանի է...
Ամեն նոր բան սկսվում է դժվարին ու տքնաջան աշխատանքով: Եվ եթե այդ նորությունը կապված չէ մարդկային կյանքերի կորստյան հետ, մի կերպ տանելի են եւ ծանր աշխատանքը, եւ դրա հետ կապված բոլոր դժվարությունները ու նույնիսկ սկսածն ավարտին հասցնելու ճիգերը: Ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց կանխարգելման փորձերի մասին է խոսքս:



Որ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ՝ ոչ մի կասկած: Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար: Եվ առնվազն հիմար`  չհասկանալու համար, որ այնուամենայնիվ այդ հսկայական միջոցները, որ ծախսվում են այդ ուղղությամբ, կիսով չափ իմաստազրկվում են, երբ սկսած գործը դեմ է առնում մարդկային գործոնին: Կաշառակերությունը բոլորովին չի նվազել, եւ դա բոլորն էլ գիտեն: Որքան էլ որ սրբի կերպարանքով նստեն հեռուստախցիկների առաջ ու հավատացնեն մեզ, թե ամեն ինչ այդ ուղղությամբ արդեն բարվոք վիճակում է` միեւնույն է, հավատացող չկա: Ճանապարհային ոստիկանն առաջվանը չէ իհարկե:



Հիմա բոլորը սպայական կոչումներով են: Դա, ինչ խոսք, պատկառանք է ներշնչում, միեւնույն ժամանակ փոխվում է վերաբերմունքը, դե, բնականաբար՝ նաեւ այդ վերաբերմունքի արժեքը: Եթե մեկ տարի առաջ հազար դրամը սովորական խախտման համար «օքեյ» էր, հիմա դա երազում էլ չես տեսնի...



Այժմ առաջին խոսքը, որ արտասանում է տեսուչը, իրազեկում է իր մտադրությունը` մի 30 հազարանոց ակտ գրելու մասին: Բնականաբար, վարորդը ոտուձեռ է ընկնում, որ դա անհնար է մուծել, որ դա իր ամսական ռոճիկի կեսն է, խնդրում-աղաչում է մի բան անել... Գործը գլուխ է գալիս մի 5 կամ 10 հազարանոցով: Որ համ գայլն է կուշտ մնում, համ էլ Կարմիր գլխարկը` կույս: Բա՞… Հիմա ո՞վ է ուզում ասի, որ սուտ է: Դա կնշանակի, որ ասողը կամ բոլորովին տեղյակ չէ ինչ է կատարվում իր քթի տակ, կամ էլ առնվազն երեսպաշտություն է անում:



Հիմա՝ հետիոտների անվտանգության մասին: Մայրաքաղաքում անցումների գծերը (զեբրա) ակտիվացրել են, եւ շատ խիստ հրահանգվել է անցնել միայն վերոհիշյալ գծանշված անցումներով: Բայց արի ու տես, որ վրաերթերի քանակը նվազելու փոխարեն ավելացել է եւ այն էլ՝ մահացու ելքերով: Վարորդների մի մասը՝ իրենց լկտիության, մյուսներն էլ կարճատեսության կամ արագության պատճառով ուշ են նկատում այդ գծերը: Բանն այն է, որ նման տեղերում անհրաժեշտ է կախել առնվազն թարթող դեղին լույս: Մենք ազգովի պրոֆեսոր ենք բոլոր հարցերում ու լավ խորհուրդ տվող: Բայց նաեւ կարգուկանոն չսիրող, չենթարկվող: Հետեւանքներն ակնառու են: Այս թեման անսպառ է: Ասելիք շատ կա: Շարունակությունը՝ հաջորդիվ:



Սամվել ՍԵՎԱԴԱ

գեղանկարիչ