Եթե վաղը պատերազմ լինի...

Եթե վաղը պատերազմ լինի...
Ղարաբաղյան խնդրին առնչվող հայաստանյան, ռուսական եւ արեւմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ նյութերով։ Մի մասը փորձում է ապացուցել, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի հայերի դեմ, վկայակոչում այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի ու ամենատարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիեւը երբեք պատերազմ չի սկսի, Արեւմուտքը դա թույլ չի տա եւ այլն։



Վաղը պատերազմ կսկսվի, թե ոչ՝ չեն կարող ասել ոչ մեր կամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, ոչ էլ տեղական կամ աշխարհի լրատվամիջոցները։ Բոլորս միայն հստակ գիտենք, որ Ալիեւ երկրորդն իր երկրում մեծ քանակի զենք է կուտակում, որ այդ երկրի ռազմական բյուջեն անընդհատ մեծանում է։ Հակառակորդն իրո՞ք պատերազմի է պատրաստվում, թե՞ պարզապես ժամանակակից զինտեխնիկայի հավաքածու է պահում եւ պարապ-սարապ հոխորտում պատերազմ սկսելու մասին, դժվար է ասել։ Այդ հարցի պատասխանը գիտի միայն Ադրբեջանի ղեկավարը եւ թաքուն կամ օրը ցերեկով նրան սատարող հզոր երկրներից մեկը (կամ մի քանիսը)։ Մյուս կողմից՝ գոյություն ունի նաեւ Չեխովի հանրահայտ արտահայտությունն առ այն, որ եթե պատից հրացան է կախված, ապա այն մի անգամ կրակելու է։ Գիտենք նաեւ, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։



Շարքային արցախցին միայն ուզում է հստակ իմանալ, որ իր երկիրը հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել ու անում է, որպեսզի պաշտպանված լինի հակառակորդի ամեն կարգի ոտնձգություններից: Պատերազմից 17 տարի հետո արդյո՞ք իրենց պաշտպանված են զգում Ստեփանակերտում ապրող կանայք, երեխաներն ու ծերերը։ Տարբեր քաղաքագետներ ակնարկում են, որ նոր պատերազմն ամենեւին նման չի լինելու նախորդին, այն ավելի կործանարար է լինելու, ու մեծ զոհեր են լինելու հենց խաղաղ բնակչության շրջանում։



Եթե հակառակորդը հանկարծ սկսի հեռահար հրանոթներից ու այլ նորագույն զինատեսակներից հրթիռակոծել ու ռմբահարել մայրաքաղաքը, որտե՞ղ են պատսպարվելու խաղաղ բնակիչները։ Իրենց շենքերի նկուղներո՞ւմ, որտեղ հիմա առնետներն են տերուտնօրինություն անում, եւ որտեղ հիմնականում աղբ է կուտակված։ Քաղաքացիական պաշտպանության համակարգն այսօր էլ է գործում՝ մարդիկ աշխատավարձ են ստանում, բայց նրանք գոնե մի անգամ տեսե՞լ են, թե ինչ վիճակում են Արցախի շենքերի նկուղները, որտեղ երկու տասնամյակ առաջ ազերիների օդային ու հրետանային գրոհներից պաշտպանվում էին ԼՂՀ քաղաքացիները։



Խորհրդային տարիներին մայրաքաղաքի որոշ հատվածներում ապաստարաններ կային, անգամ հակագազերի որոշ քանակություն էր պահվում։ Ո՞վ գիտե, թե հիմա դրանք ինչ վիճակում են։ Արցախի մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «խրուշչովկաները», որոնք նկուղներ չունեն։ Դրան հավելենք նաեւ, որ շուկայական հարաբերությունների հաստատման վերջին մեկեւկես տասնամյակում շենքերի գետնահարկերն ու նկուղները սեփականացվել են նոր տերերի կողմից, ովքեր դրանք դարձրել են բար ու ռեստորան, սրճարան ու խանութ կամ գիշերային զվարճավայր։



Ստեփանակերտում այսօր քանի՞ ստորգետնյա ապաստարան կա, եւ որքա՞ն մարդ կարող են պատսպարել դրանք։ Այս մեկեւկես տասնամյակ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակահատվածում քաղպաշտպանության կողմից գոնե մեկ անգամ անցկացվե՞լ է փորձնական «օդային տագնապ»։ Քաղաքացիներին բացատրե՞լ են, թե հակառակորդի հնարավոր օդային հարձակման ժամանակ ինչ պիտի անեն: Ենթադրենք հակառակորդը կարողանում է պայթեցնել քաղաքին խմելու ջուր մատակարարող ջրատարը։ Ստեփանակերտում քանի՞ գործող աղբյուր կա, որպեսզի բնակչությունը կարողանա հոգալ իր ջրի խնդիրը։



Այս տարրական ինքնապաշտպանական խնդիրների մասին որեւէ պաշտոնյա մտածե՞լ է երբեւէ։ Փոխարենը՝ արդեն ավանդույթ է դարձել շենքերին նոր մասնավոր շինություններ կցել։ Խնդիրը միայն այն չէ, որ աղճատվում է քաղաքի ճարտարապետական դեմքը։ Միջին ուժգնության ցանկացած ստորգետնյա ցնցում կարող է անմիջապես հողին հավասարեցնել ծանրության կենտրոնը փոխած այդ շինությունները։ Նույն ավերածության տեղիք կարող է տալ նաեւ շրջակայքում պայթած ոչ շատ հզոր ռումբը, հրթիռը։ Մյուս կողմից՝ Ստեփանակերտում շարունակ էլիտար շենքեր են վեր խոյանում։



Կարծես Արցախի ողջ տարածքը յուրացրել-պրծել ենք, քաղաքի կենտրոնական մասերում գտնվող միանգամայն կանգուն եւ ամուր շենքերն են քանդում ու տեղը «առեւտրի կենտրոն» կամ այլ նոր խեղկատակություն կառուցում։ Սրանո՞վ ենք վաղը դիմագրավելու հակառակորդի արկածախնդիր ձեռնարկումը։ Թե՞ «մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է» կարգախոսը նրա աչքն ենք խոթելու եւ վահանի պես դրանով անդրադարձնելու մեր ուղղությամբ արձակված բոլոր հրթիռներն ու ռումբերը: Չէ, պատերազմ չպիտի՛ լինի, որովհետեւ մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչեւ շարքային քաղաքացի։ 4-5 հազարամյակ շարունակ այդպես ենք մտածել ու երբեք դասեր չենք քաղել մեր սխալներից։