Անունով` հիվանդանոց, իրականում` թալանի եւ մահվան վայր

Անունով` հիվանդանոց, իրականում` թալանի եւ մահվան վայր
Անցած ամռանը Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հանցավոր անտարբերության պատճառով հիվանդանոցի վիրահատական սեղանին, դեռեւս անհասկանալի հանգամանքներում, մահացավ Օշական գյուղի 27-ամյա բնակչուհի Մարինե Ներսիսյանը: Մարինեն երեք ամսվա հղիություն ուներ, երբ Երեւանում բժիշկները բացահայտեցին, որ պտուղը մահացած է, եւ անհապաղ պետք է հղիությունը դադարեցվի:



Հարազատների պատմելով, երբ Մարինեն գնացել է Աշտարակի հիվանդանոց, բժիշկ Ռիմա Կիզակյանը նրանից քսան հազար դրամ է պահանջել` հաջորդ օրը պտուղը հեռացնելու պայմանով (այդ օրը բժշկուհին չի կարողացել՝ տարբեր խանգարող հանգամանքների պատճառով): Հաջորդ օրը հիվանդը մոր` Հասմիկի հետ ներկայացել է բժշկին, սակայն պահանջված գումարը նրան չի տվել, ասելով, թե կտա գործը վերջացնելուց հետո: Իսկ գործը, ինչպես նշեցինք, ավարտվել է մահվան ելքով:



«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մեր աղբյուրն ասաց, որ հիվանդանոցում դեռ կշարունակվեն արտառոց դեպքերը, քանի որ այստեղ հիվանդին մոտենում են որպես ապրանքի, որը գին ունի, իսկ պետպատվեր կոչվածը միայն թղթի վրա է: Հիվանդանոցում վաղուց խաթարված է բարոյահոգեբանական մթնոլորտը: Բժիշկների վրա «պլան» է դրված. օրինակ` թերապեւտը հերթապահությունից հետո պետք է հազար դրամ մուծվի գլխավոր բժիշկ Արթուր Հովհաննիսյանին. օրական հերթապահում է չորսից-հինգ թերապեւտ, նշանակում է՝ օրը 4-5 հազար դրամ:



Շտապօգնության մեքենայի համար նախատեսված 10 լիտրի փոխարեն հատկացվում է 8 լիտր վառելիք: Ուղեգրերով ռենտգենի եկած Աշտարակ քաղաքի հիվանդներից վերցնում են հինգից-տասը հազար դրամ: Կանանցի կոնսուլտացիան արժե 2 հազար դրամ: Նոր համավճարների ցուցակ հիվանդանոցի պատերին գոյություն չունի, որպեսզի հիվանդն իմանա, թե ինչը որքան արժե: Սակայն թե գլխավոր բժիշկ Ա. Հովհաննիսյանի, թե շատ ու շատ բժիշկների սահմանած գները Աշտարակում բոլորը գիտեն: Շահագործվում է մի շտապօգնության մեքենա, որի համարները պատկանում են հիվանդանոցի ջարդուփշուր եղած «ԵրԱԶ»-ին, իսկ մեքենան` սասունիկցի վարորդին: Մեքենայի տեխնիկական վիճակն էլ խիստ կասկածելի է:



Երեք տարի առաջ պետբյուջեից շուրջ 120 միլիոն դրամ հատկացվեց՝ հիվանդանոցի շենքը վերանորոգելու համար, բայց չվերանորոգված շենքն ավելի բարվոք վիճակում էր, քան վերանորոգվելուց հետո:



Այս պայմաններում ու այս մոտեցմամբ հիվանդանոցը քայքայվում է, հիվանդներն էլ ստիպված ապաքինվում են այլ բուժհաստատություններում: Իսկ նրանք, ովքեր համարձակվում են այստեղ գալ, գալիս են ճարահատյալ, շատ դեպքերում ընդառաջ գնալով մահվան:



Արեւիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ