Փոխսատարվածների ընդդիմադիր դարդերը

Փոխսատարվածների ընդդիմադիր դարդերը
Երկիրը լավ ղեկավարելու գործում մեր իշխանություններին համատեղ հայտարարություն չունենալն էր խանգարում: Ու քանի որ այդ բաղձալի թուղթն արդեն կա` սպասենք, թե ոնց են մեր թագավոր տղերքը շահի քարվանը կտրելու, տունը լցնելու: Որ ընդդիմությունը չէր ողջունելու կոալիցիոն նոր հուշագիրը կամ, ավելի ճիշտ` եղած հուշագրով արդեն իսկ կոալիցիա կազմած այս ուժերի` միասնաբար հանդես գալու երդման տեքստը (երդման պես է հնչում), կասկածից վեր էր: Բայց որ ընդդիմությունը սարսափահար պիտի լիներ այս հայտարարությունից` կարծում էր միայն կոալիցիան եւ հատկապես ՀՀԿ-ն:



Իբր բան են արել, հիմա էլ սպասում են, թե ինչ է ձեռնարկելու ընդդիմությունը: Անհամբեր են, սակայն, եւ երբեմն էլ նույնիսկ ընդդիմության ճակատագրով մտահոգ են ձեւանում, չոք տփում` վայ, վայ, վայ, խեղճ ընդդիմություն, ինչ ես անելու այս «ռումբի պայթյունից» հետո: Իրենց թերթերում նույնիսկ ողբ են դրել. «Քաղաքական դաշտի իշխանական թեւում մոտեցումների հստակեցումը, որ նախօրեին ամրագրվեց կոալիցիա կազմած ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ստորագրած հայտարարությամբ, ինքնին հարց է հարուցում, թե կկարողանա՞ն նույնը կամ գոնե նման մի քայլ անել նաեւ ընդդիմադիր ուժերը։ Միանգամից կարելի է պատասխանել, որ՝ ո՛չ։ Ընդդիմադիր ուժերը հազիվ թե կարողանան առաջիկա ընտրությունների շուրջ նման պայմանավորվածության հանգել… Այստեղ, բնականաբար, ծագում է երկրորդ հարցը, իսկ ինչո՞ւ չեն կարողանա... եւ այլն: Ասացինք, չէ՞, որ իրենց արածից անչափ գոհ են:



Ընդդիմությունը, հարգարժան կոալիցիա, ընդդիմություն է հենց այն պատճառով, որ մի փոքր ավելի տաղանդավոր է միշտ, քան իշխանությունը: Նեղանալ-թթվել չլինի, որովհետեւ սա մենք չենք ասել, այլ մի շատ խելոք մարդ, ով, իշխանություն ունենալով հանդերձ, միշտ սովորել է ընդդիմությունից: Եվ ուրեմն, ընդդիմությունը ոչ միայն կոալիցիայի այս քայլից, այլեւ ընդհանրապես՝ ձախորդ կոալիցիայից սովորելու որեւէ բան չունի: Ավելին` հակառակ ընթացքը վտանգավոր կարող է լինել ընդդիմության համար: Նկատենք` ընդդիմությունը նույնքան միասեռ ու միագիծ չէ, որքան այսօրվա կոալիցիան: Ներքեւում գաղափարական տարաձայնություններ կան, քաղաքական վեճ, տեսակետների բախում: Մի խոսքով` հնարավոր չէ ընդդիմադիրներին ստիպել, որ «պրիսյագ ընդունեն»: Մինչդեռ, եթե առաջիկա մարտի 8-ի առիթով Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը կրծքանշանները փոխանակեն, Գալուստ Գրիգորիչը գլխի էլ չի ընկնի:



«Ընդդիմադիր ուժերի պարագայում նման միավորումն ընդհանրապես ֆանտաստիկ մի բան է թվում, համենայնդեպս առկա իրողությունների խորապատկերում։ Բայց գոնե կարո՞ղ են պայմանավորվել, որ ընտրապայքարի ժամանակ «իրար չեն ուտի»»,-շարունակում են չոք տփել իշխանական շրջանակներից, իսկ մենք, շարունակաբար, գործ ունենք հերթական տափակության հետ: Ընտրապայքարը, հարգելի իշխանավորներ, հենց նրա համար է, որ քաղաքական ուժերը, չակերտավոր ասած, իրար ուտեն, այսինքն` միմյանցից տարբեր բան ասեն, տարբեր կերպ խոսեն, բացատրեն, ստեղծված վիճակից տարբեր ելքեր եւ ուղիներ ցույց տան:



Իսկ կոալիցիոն ուժերը, ինչպես պարզվում է, որպեսզի ընտրապայքարի ժամանակ իրար չուտեն ուղղակի իմաստով, նախապես այդ թեմայով թուղթ են ստորագրում: Սա համարելով կոալիցիոն հայտարարագրի միակ դրական կողմը` թույլ տվեք մի թեթեւ հետաքրքրվել, թե այդ ինչո՞ւ են կոալիցիոն կուսակցությունները տարբեր անուններով հանդես գալիս, երբ արդեն պարզ է, որ նրանց ասելիքն էլ, անելիքն էլ (գոնե կոալիցիայից դուրս) առաջիկա յոթ տարիներին նույնն է լինելու: Կա՞ որեւէ մեկն այլեւս, այսպես կոչված, կոալիցիայից, ով կփորձի ընդդիմանալ այն տեսակետին, ըստ որի` այս հայտարարությամբ քաղաքական մեծամասնությունը վերածվեց մի պարզունակ կառույցի, ասենք` հաշվապահների խմբակի, որի անդամները` 2012թ. խորհրդարան անցնելուց, իսկ 2013թ. Սերժ Սարգսյանին բարեհաջող սատարելուց հետո զբաղված են լինելու ոչ թե երկիր ղեկավարելով, այլ աթոռներ հաշվելով, որպեսզի չլինի թե ՕԵԿ-ը մի պաշտոն ավել ունենա, իսկ ՀՀԿ-ն մի բան կորցնի եւ այդ արանքում ԲՀԿ-ն օգտվի:



Ի տարբերություն իշխանության, որ կիրառում է կոալիցիան միավորելու բռնի մեթոդներ, ընդդիմությունը միավորվելու շատ ավելի ժողովրդավարական եւ ընդունելի ձեւերի է տիրապետում: Ընդ որում` նաեւ այնպիսի ձեւերի, որոնց կիրառման համար միավորվողների դեմքի ու դիմագծի խաթարումը պարտադիր պայման չէ: Եթե մինչ այս կար եւ տեղի-անտեղի թմբկահարվում էր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի` թրի տակով անցնելու հայտնի պայմանը, ապա ՀՅԴ-ն արդեն հրապարակ է բերել քվեի արժեքը գիտակցելու, քվեն պահպանելու շարժումը եւ մտածում է այդկերպ արդարություն ու թափանցիկություն ապահովել առաջիկա ընտրություններում: Գուցե նախընտրական տարում լինեն ուժերը համախմբելու այլ առաջարկներ եւս, չի բացառվում, բայց դրանք միայն ցույց կտան, որ ընդդիմությունը պայքարի ձեւերի ընտրության հնարավորություն ունի, ինչից այլեւս զրկված է ամեն ինչ դուզ-դուզ խոստովանած կոալիցիան:



Այլ հարց է, թե ինչ միջոցներ կձեռնարկի իշխանությունը` ընդդիմության միավորում թույլ չտալու համար: Այս հարցում նա իր հավասարը չունի: Խոսքը իշխանամետ պասիվ շրջանակներից որոշներին ընդդիմադիր դաշտ գործուղելու սովորության մասին է: Արդեն շրջանառվում են առաջին քաղաքական դհոլչիների անունները, որոնք հնարավոր է համույթ կազմեն Պարույր Հայրիկյանի հետ` աշխարհի ամենադեմոկրատական երկրի տեսլականի շուրջ: Ընդդիմությունն ու ընդդիմադիր զանգվածները նման համույթներից է, որ պետք է զգուշանան: Իսկ իշխանությունների քայլերը կրկնելու, քաղաքական պսակադրություններ ցուցադրելու խնդիր, ըստ մեզ, ընդդիմադիր կուսակցություններն ու նույն կերպ տրամադրված հասարակական կազմակերպությունները չունեն բնավ:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ