Էդ ի՞նչ վիժվածք ա գրել

Էդ ի՞նչ վիժվածք ա գրել
Հույսները կտրելով կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության ցանկությունից, քաղաքացիները որոշել են սեփական ուժերով անել այդ գործը: Նրանք ահազանգում են կոռուպցիոն դեպքերի ու ռիսկերի մասին եւ նամակներ հղում կառավարությանը, եւ որպեսզի կառավարությունը դրանք «տակով» չանի, պատճեններն էլ՝ մեզ:



Օրերս հերթական նամակն ենք ստացել Գեղարքունիքի մարզից: Նամակագիրն  իր տեղեկություններն է հայտնում վարչապետի «կոռուպցիոներ» գործընկերոջ եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ենթակայի  մասին: Խոսքը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Շահինյանի մասին է. «Ինչպե՞ս պետք է պայքարեք կոռուպցիայի դեմ, երբ հասարակության մեջ դեռեւս կան չինովնիկներ, որոնք հենց իրենք են կոռումպացված, երբ Գեղարքունիքի մարզում  կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ գլխավոր պայքարող` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Վլադիմիրի Շահինյանը հենց ինքն է թաղված կոռուպցիայի ու կաշառակերության մեջ:



Եթե նրա  աշխատավարձը կազմում է մինչեւ 300 հազար ՀՀ  դրամ, այդ ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով նա կարողացավ երկու  տարվա ընթացքում, աշխատելով վարչության պետ, Սեւանա  լճի ափին կառուցել երկհարկանի քարից ամառանոց, միեւնույն  ժամանակ հասցնելով իր ամառանոցին հարակից կառուցել նաեւ ամառանոց ՀՀ ոստիկանության պետի համար»,-գրում է նամակագիրը: Նամակում նշված փաստերի իսկությունը փորձեցինք պարզել Մանվել Շահինյանից: Վերջինս, լսելով ամառանոցների մասին, բավականին հետաքրքիր պատասխան տվեց. «Որ լիներ, վատ չէր լինի:



Տո չէ, էդ ի՞նչ վիժվածք  ա ուղարկել նամակը, ո՞վ ա գրել: Չէ, չէ՝ սուտ ա, վարկաբեկելու համար են գրել: Բայց ես գիտեմ ով ա»: Նամակում նաեւ գրված է. «Մի՞թե նա իրավունք ունի վարչության պետական՝  կալանավոր տեղափոխող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան  օգտագործել իր կարիքների համար, յուրաքանչյուր ուրբաթ  օրերին Երեւան քաղաքի «Փեթակ» տոնավաճառից բեռնելով  իր խանութի համար տեղափոխվող ալյուրն ու շաքարավազը: Մի՞թե նա իրավունք ունի Սարուխան գյուղում բացելու  ավտովերանորոգման անօրինական կետ՝  աշխատելով  թաքցնել եկամուտները պետությունից, իսկ իր  բենզալցակայանից վաճառել ոստիկաններին հատկացված  բենզինը»:



Այս առնչությամբ Գեղարքունիքի ոստիկանապետն ասաց. «Կա իրոք խանութ, բայց օրինական  ա, վերանորոգման կետն էլ ա օրինական, իրանց գրածը հիմարություն ա: Ընտանիքի, խանութի համար մեքենա կա: Ես «ՈւԱԶ»-ը ինչի՞ պիտի ծառայեցնեմ, կինս ա զբաղվում խանութի գործերով, իր անունով ա, ինքն ա գնում-բերում»: Ըստ նամակի՝ «արդեն 10 տարի է՝  նա  զավթել է Սարուխան  գյուղի գյուղապետարանին պատկանող երկու հորատանցքերը  եւ ջուրը վաճառում է գյուղի բնակչությանը 1000 դրամով, պետությանը եւ գյուղապետարանին չմուծելով ոչ մի գումար»:



Սկզբում ասաց, թե գաղափար չունի հորատանցքերից, ապա շարունակեց. «Դրանից գաղափար չունեմ, հորատանցքը Ջրօգտագործողների միությանն ա, բայց իմ հողին մոտիկ ա, նախ՝ ընդհանրապես դա չեն օգտագործում, ուր մնաց, որ ես ջուր վաճառեմ: Չէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ ջուր վաճառել»: Քաղաքացին իր տեղեկություններն ամփոփել է այսպիսի վերջաբանով. «Չգիտեմ, թե ինչու է պետությունը նրան  հատկացրել երկու ծառայողական ավտոմեքենա` «Ջիպ» եւ «Նիսան» մակնիշների: «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան իր  վարորդով անմիջապես ծառայում է նրա  կնոջը, մի՞թե այդ  վարորդը ոստիկանությունից աշխատավարձ է ստանում, որպեսզի իր «շեֆի» կնոջ կարիքները եւ ցանկությունները  բավարարի»:



«Պետության բյուջեից աշխատավարձ ստացող վարորդն արդյո՞ք ծառայում է նաեւ որպես ընտանեկան վարորդ» հարցը լսելուն պես մարզի կոռուպցիայի դեմ պայքարող բարձրաստիճան պաշտոնյան ասաց. «Ես ընտանեկան վարորդ չունեմ, իմ վարորդը ծառայողական մեքենա ա քշում: Ընտանեկան վարորդը ո՞րն ա, ասենք, եթե օրինակի համար մեկը գնա-հաց բերի, դա կլինի ընտանեկան վարո՞րդ: Սովորական ծառայողական վարորդ ա: Բայց մեր տան գնումները կինս ա կատարում»: