Ապահովագրված չեն վարչապետները

Ապահովագրված չեն վարչապետները
Բնապահպանական կազմակերպությունները մեր վարչապետից հույսները կտրած՝ անցել են արտասահմանյան վարչապետներին: Երեկ «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասել է, որ մի շարք բնապահպանական ՀԿ-ների հետ բողոքի նամակ են ուղարկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպետին:



Նամակով իրենց մտահոգությունն են հայտնել կանադական «Dandee Precious Metals»-ին պատկանող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա թողած անբարենպաստ ազդեցության կապակցությամբ: Իհարկե, պատասխան նամակ չեն ակնկալում, պարզապես իրենց պարտքն են համարել այդ երկրի ղեկավարին նախազգուշացնել, որ «Դինո գոլդ մայնինգը» ոսկու հանքավայրերի շահագործման իր գործունեությամբ մեծ վնաս է հասցրել Հայաստանի հարավին, Կապանին ու շրջակա գյուղերին: Ինգա Զարաֆյանի վստահեցմամբ՝ իրենց պայքարն անհետեւանք չի մնում, ու որպես ապացույց նշել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հեռացումն իրենց բողոքի արդյունքն է եղել: