Կիսահաղորդիչների գործարանը` ավերակ

Կիսահաղորդիչների գործարանը` ավերակ
Խորհրդային հասարակարգի տարիներին Աշտարակի կիսահաղորդիչների գործարանում քաղաքից եւ հարեւան համայնքներից աշխատում էր հազարից ավելի մարդ:



Գործարանի արտադրանքը լայն պահանջարկ ուներ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ դրա սահմաններից դուրս: Այդ հասարակարգի փլուզումից հետո գործարանը դադարեց աշխատելուց, սակայն մինչեւ 2000 թվականը, մինչեւ գործարանի սեփականաշնորհումը, թե գործարանի հսկա շենքը, թե  սարքավորումները պահպանվել էին ու սեփականատերերին հանձնվեցին անվնաս: Սրանք էլ գուցե ուրախությունից (գործարանը սեփականաշնորհվել է ընդամենը 1,2 միլիոն դոլարով) խոստացան, որ առաջիկա մեկ տարում գործարանը կունենա հազար աշխատատեղ:



Մեկ-երկու կիսատ արտադրամասով այստեղ հանդիսավոր բացում կատարվեց, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետեւ դրսից եկած հյուրերին էին գործարան տանում, գործարանի արտադրանքը գովազդում: Մարդկանց մնում էր դիմումներ տալ, հերթագրվել, ծանոթներ ման գալ` բաղձալի աշխատանք ունենալու ակնկալիքով:



Սկզբում գործերը կարծես լավ էին. շուկան կար, արտադրանքը պահանջարկ ուներ, պայմանագրեր էին կնքվում: Գործարանի արտադրանքն օգտագործվում էր ձեռքի հեռախոսների, արհեստական արբանյակների արտադրության ոլորտում: Հետաքրքրված պետությունների ցուցակում առանձնացնենք Ճապոնիան:



Հետագայում գործարանի սեփականատերերը որոշեցին, որ գործարանն ավերելն ու ավարը վաճառելը գուցե ավելի եկամտաբեր է, եւ սկսվեց անխնա քարուքանդի գործընթացը: Ետնամասի հսկա պահեստները, թթվածնի արտադրամասը հաշված օրերի ընթացքում հավասարեցվեցին հողին: Այժմ այն պատերազմի դաշտ է հիշեցնում: Թե ներսից ինչեր են վաճառվել, հայտնի է միայն սեփականատերերին: Շատ հնարավոր է, որ մնացել են միայն շենքի պատերն ու պատուհանները: Հատկանշական է, որ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ սեփականատերերից մեկը հայտարարեց, թե գործարանում հաստոցներ կան, որոնցից աշխարհում ընդամենը 3-4 հատ է:



Հիմա անհայտ է գործարանի ճակատագիրը, հօդս են ցնդել այստեղ աշխատանք ունենալու մարդկանց բաղձանքները:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ