Գյուղի բնակիչները «փակել» էին ճանապարհը

Գյուղի բնակիչները «փակել» էին ճանապարհը
Փետրվարի 23-ին Մասիսի Դաշտավան գյուղի բնակիչները մի քանի ժամ «փակել» էին Էջմիածին քաղաքից դեպի Մասիս, Արտաշատ տանող ճանապարհը: Նրանք պահանջել են վերջ դնել «իրենց նկատմամբ անարդար գործողություններին»:



Բանն այն է, որ վերջին տարիներին Մասիսի ջրմուղից պարբերաբար թիրախ է ընտրվում մի գյուղ, որի բնակիչներին ներկայացվում են ջրի վարձի պարտքի անհիմն ցուցակներ: Այս տարի հերթը Դաշտավանինն էր: Գյուղացիները պատմում էին, որ ջրմուղից իրենց կանչել եւ տեղեկացրել են, որ ջրօգտագործման դիմաց «վերջին մի քանի տարիների ընթացքում կուտակել են» 200 հազարական դրամի պարտք, չվճարելու դեպքում «գործը կմտցնեն դատարան»:



«Ջրի վարձի բոլոր կտրոնները ներկայացնելուց հետո էլ աշխատողներն ասել են, որ՝ կապ չունի, պարտք եք, պիտի վճարեք»: Դաշտավանցիները որոշել են չենթարկվել «անօրինություններին» եւ բողոքի են դուրս եկել: Ու քանի որ ուրիշ ելք չեն գտել՝ փակել են մայրուղին: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, շտապ եկել-հանդիպել է գյուղացիներին եւ խոսք տվել  բոլորի պարտքերը զրոյացնել: Սա նշանակում է, որ ջրմուղի գործողություններն իսկապես եղել են օրենքից դուրս: Երբ պարզվել է, որ Դաշտավանը «պինդ պոպոք» է, նահանջել են: Մարզպետն էլ որոշել է անձամբ գալ եւ լռեցնել գյուղացիներին: Ավելին՝ նա անգամ խոսք է տվել ամառային արձակուրդներին վերանորոգել գյուղի դպրոցը: Նշենք, որ այս տարածաշրջանի որոշ գյուղերի բնակիչներ հիմնականում վճարել են ներկայացված պարտքը, ոմանք էլ մասամբ են վճարել: