Մի բուռ բնակչություն՝ մի ջվալ պրոբլեմներ

Մի բուռ բնակչություն՝ մի ջվալ պրոբլեմներ
Արցախի պաշտոնյաներից մեկը մի անգամ ակնարկել է, թե Ղարաբաղը հարուստ է ջրային պաշարներով եւ կարող է խմելու ջուր արտահանել դուրս։ Հատկապես Չինաստան, որ խմելու ջրի խնդիր ունի։



Այս առաջարկությունն արել է ստեփանակերտաբնակը՝ հազիվ 50 հազար բնակչություն ունեցող մի քաղաքի բնակիչը: Քաղաք, որտեղ դեռ նոր-նոր են իշխանությունները փորձում ջրի խնդիր լուծել, եւ որտեղ գրեթե ոչ մի աղբյուր չի գործում, իսկ «պուլպուլակները» տարին 12 ամիս համարյա ցամաք են։



Այսօր էլ ԼՂՀ իշխանությունները մերթընդմերթ հայտարարություններ են անում առ այն, որ Արցախը շուտով կարող է էլեկտրաէներգիա արտահանել։ Հետաքրքիրն այն է, որ հիմա մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները հաճախ են դժգոհում թույլ հոսանքից։ «Արդեն 62 տարեկան եմ, բայց խորհրդային ժամանակներից սկսած՝ չեմ հիշում մի օր, որ մեր բնակարանում հոսանքը 150 վոլտ լիներ,- ասում է ստեփանակերտցի Սերգեյ Հարությունյանը։- Իսկ այսօր մեր բնակարանում հենց այդքան հոսանք ենք ստանում, որով էլեկտրական ոչ մի սարքավորում չի աշխատում, իսկ լվացքի մեքենան, կասկածում եմ, որ թույլ հոսանքի պատճառով արդեն փչացած չլինի։ Կարծես մեր պրոբլեմները քիչ են, հիմա էլ հոսանքն է պրոբլեմ դարձել...»։



Հիշեցնենք, որ հարեւաններին հոսանք մատակարարելու ցանկություն ունեցող Արցախում (ի դեպ, դեռ պարզ չէ, թե հատկապես որ հարեւանին են ուզում հոսանք մատակարարել՝ Հայաստանի՞ն, Իրանի՞ն, թե՞ Ադրբեջանին) 1 կվտ հոսանքի համար բնակչության մեծ մասից 25 դրամ են վերցնում, մինչդեռ տարիներ առաջ խոստացել էին, որ ցերեկային ժամերի համար էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ է լինելու, գիշերային ժամերի համար՝ 15։ Պատճա՞ռը՝ դեռեւս համապատասխան հաշվիչներ չեն տեղադրել։ Իսկ քաղաքացիները դժգոհում են՝ հաշվիչ չես տեղադրել, 15 կամ առավելագույնը 20 դրամ սակագին նշանակիր, ինչո՞ւ ես գրպանիս վերջին դրամները շորթում...



Շարքային ղարաբաղցին չգիտի՝ այսօր օրվա հացի խնդրի մասի՞ն մտածի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի օրեցօր կրկնապատկվող սակագների՞, հեռախոսակապի բարձր գների եւ պարտադիր այլ հարկատեսակների՞, թե՞ դամոկլյան սրի պես երկրի ու ժողովրդի վերեւից կախված այն մեծ վտանգի, որ անվանում են «ղարաբաղյան կարգավորում»։



Արցախն այսօր ազատագրված տարածքներով 10.1 հազար քառ. կմ է։ Եվրոպաներում ու ամերիկաներում նման տարածքում առնվազն 3 միլիոն մարդ է ապրում։ Իսկ ԼՂՀ բնակչությունը, վերջին մարդահամարի տվյալներով, 146 հազար է։ Որքա՞ն ապաշնորհ պետք է լինել, որ եվրոպական մի համեստ քաղաքի համեստ թաղամասի բնակչություն ունեցող այս երկրում քաղաքացիներիդ պահես խեղճ ու ողորմելի վիճակում եւ փոխանակ շենացնես երկիրդ ու բազմապատկես բնակչությունդ, հնարավոր ամեն ինչ անես, որպեսզի վերջիններս լքեն հայրենիքն ու ապաստանեն օտար ափերում։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ