Մարտի 1 SOON

Մարտի 1 SOON
Շուտով մարտի 1-ն է: Ազգիս քաղաքականացված հատվածի կյանքում փոփոխություններ են սպասվում: ՀԱԿ-ի վերջին միտինգի բազմամարդությունը բոլորի մեջ սպասումներ է արթնացրել:



Համացանցում եւ սոցիալական կայքերում շատերը նորից ներբեռնում են 2008-ի մարտի 1-ի կադրերը: Կողքից էլ արաբական աշխարհի հեղափոխություններն են ոգեւորում: Մեր ընկերական հավաքույթների ժամանակ ամենաբուռն քննարկվող թեման դարձել է սպասվելիք միտինգը: Բոլորս փորձում ենք գուշակել Տեր-Պետրոսյանի մտադրությունները եւ հաջորդ քայլերը: Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ «Душа хочет митинга»:



Կյանքը դանդաղեցրել է ընթացքը: Բոլորը հարգանքով են վերաբերվում մարտի 1-ին: Եվ նույնիսկ երիտասարդ երգիծաբանները՝ Հովոն, Հայկոն եւ Մկոն, իրենց երկար սպասված «No comment» ներկայացումների շարքը սկսելու են խաղալ մարտի 2, 3, 4-ին, չնայած կսազեր սկսել հենց ամսվա առաջին օրվանից: Տարօրինակ էր միայն այն, որ Նազենի Հովհաննիսյանը եւ Լուիզա Ներսիսյանը իրենց պսիխոդրամայի բեմադրությունը նշանակել են հենց մարտի 1-ին: Աշխատենք սրանից ենթադրություններ չանել նրանց քաղաքական հայացքների մասին: Եվ սպասենք գալիք իրադարձություններին: Մնաց 4 օր…



Մարիամ Մարգարյան