Ի պատասխան «400 դոլար՝ ռեֆերատի դիմա՞ց» հոդվածի

Ի պատասխան «400 դոլար՝ ռեֆերատի դիմա՞ց» հոդվածի
Հոդվածագիրը, վկայակոչելով ոմն շրջանավարտի` Վ. Մուրադյանից ստացված մի ինչ-որ նամակ, փորձում է ցեխ շպրտել միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի ու հատկապես նրա վարիչ պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի վրա:



Նախ սկսենք նրանից, որ այդ նամակի հեղինակի անուն-ազգանունով շրջանավարտ միջազգային հարաբերությունների բաժինը չի ունեցել ոչ 2010թ., ինչպես նշված է նամակում, ոչ էլ նախորդ տարիներին` սկսած 2007թ.-ից, ինչն ապացուցված է 2007-2010թթ. շրջանավարտների ցուցակներով: Այդ մասին եւս հայտնել եմ Սոնա Ադամյանին (հոդվածի հեղինակին) հոդվածի լույս տեսնելու նախորդ օրը` փետրվարի 14-ին: Եվ թվում էր, թե նամակի հեղինակի կեղծված անունը բավական էր, որ այդ նամակը չտպագրվի: Բայց, ինչպես երեւում է, այլ բարոյական նորմերով են ղեկավարվում «Հրապարակի» խմբագրությունում:



Սոնա Ադամյանը, վկայաբերելով կեղծ շրջանավարտի նամակը, գրում է, թե նամակի հեղինակը մեղադրում է Էդիկ Զոհրաբյանին «կաշառակերության, խելացի ուսանողներին խեղճացնելու, տգետներին տեղ տալու, անգրագետ «մասնագետներով» ամբիոն ղեկավարելու մեջ»: Որպես կաշառակերության օրինակ՝ նամակում գրված է, թե «ուսանողներից՝ յուրաքանչյուր ռեֆերատի համար բարձր գնահատական նշանակելու համար, մինչեւ 400 դոլար է վերցնում»:



Այդ մեղադրանքին ի պատասխան՝ ես հեռախոսով ասել էի, որ բակալավրիատում ռեֆերատ չեն գրում, դա գրում են միայն մագիստրատուրայում: Բայց, չգիտես ինչու, իմ պատասխանի այդ մասը տեղ չի գտել հոդվածում, այլ դրա փոխարեն ավելացրել է աստղաբաշխական գների մասին իմ խոսքը, որն ասել էի 7-10 էջանոց ռեֆերատների կապակցությամբ, եւ որոնք ընդունվում են անվերապահությամբ: Ես դա ասել էի՝ նկատի առնելով այն իրողությունը, որ մագիստրատուրայում գործում է կրեդիտային համակարգ, ըստ որի՝ ուսանողի վերջնական գնահատականը որոշվում է հավաքած բալերով (ուսանողը կարող է ստանալ մինչեւ 4 բալ՝ դասերին մասնակցելու համար, 4 բալ՝ գրավոր աշխատանքի համար (ռեֆերատի ձեւով), 4 բալ՝ բանավոր պատասխանների, եւ 8 բալ՝ հանրագումարային քննությունից): Հետեւապես անհասկանալի է, թե 400 դոլար ինչո՞ւ պետք է տա մի բանի դիմաց, որն անվերապահորեն ընդունվում է:



Մի կողմ թողնելով «խելացի ուսանողներին խեղճացնելու, տգետներին տեղ չտալու» մասին հերյուրանքը, անդրադառնանք «անգրագետ մասնագետներով ամբիոն ղեկավարելու մեջ» մեղադրանքին: Դրան ի պատասխան, ես ասել էի, որ ամբիոնի դասախոսներից 4-ը գիտության դոկտոր-պրոֆեսորներ են, մնացածը՝ գիտության թեկնածու, դոցենտներ, եւ միայն 2-3 հոգի գիտական աստիճան չունեն: Մի՞թե այդպիսի կազմ ունեցող ամբիոնը կարելի է «անգրագետ» անվանել: Տեղին ենք համարում ավելացնելու, որ ամբիոնի դասախոսներից 6-7 հոգի դիվանագիտական աշխատանքի փորձ ունեն: Վերջապես մի հարցի մասին եւս. ըստ նամակագրի՝ նրան պետական քննությունից միակ «4-ը» նշանակել եմ ես: Բայց եթե հեղինակը ուսանող է, նա պետք է գիտենար, որ պետական քննությունն ընդունում է ոչ թե մի հոգի, այլ՝ հանձնաժողովը, որը բաղկացած է լինում 5-6 հոգուց, եւ վերջնական գնահատականը  նշանակվում է բոլոր անդամների ներկայացրած գնահատականներից միջին թվաբանականով:



Հետեւություն - Նամակի հեղինակը ուսանող չէ, այլ չարությամբ լցված մեկը, որն ինչ-ինչ նպատակով ցանկացել է վարկաբեկել ե՛ւ ամբիոնը, ե՛ւ նրա վարիչին: Այլապես նա կիմանար, որ բակալավրիատում ռեֆերատ չեն գրում, որ պետական քննությունը հանձնաժողովով են ընդունում, ամբիոնին անգրագետ չէր համարի եւ այլն:



ՀԳ - Պատասխանը պատրաստ էր, երբ իմացանք, որ «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանն անդրադարձել է այդ նամակին եւ այն համարել «անցած շաբաթվա «արձագանքված» նյութերից արժանահիշատակը» ու ավելացրել, որ «չնայած մենք լսել ու տպագրել էինք նաեւ պրն Զոհրաբյանի խոսքը, սակայն մեր հարգարժան պրոֆեսորը դժգոհ էր մնացել»: Դժգոհ մնալու պատճառներից մեկն էլ հենց այն է, որ մեր խոսքը ներկայացված էր ոչ ամբողջությամբ, ինչը պարզորոշ երեւում է մեր պատասխանից:



Էդիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ



պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր