Բժշկուհիներին կտեղափոխեն Աբովյանի կանանց մեկուսարան

Բժշկուհիներին կտեղափոխեն Աբովյանի կանանց մեկուսարան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ կաշառակերության մեջ մեղադրվող երկու բժիշկներին մեկամսյա կալանքի սանկցիա է տվել՝ մերժելով գրավի դիմաց բաց թողնելու միջնորդությունը։



Սակայն քննչական մարմինը 2- ամսյա կալանավորման միջնորդություն էր ներկայացրել, ինչը դատարանը բավարարեց մասնակի՝ կեսը։ Պատճառը եղել է բժշկուհիների տարիքը։ Գասպարյանը 43 տարեկան է, Մոսոյանը՝ 60: Այսօր Ֆելոմինա Մոսոյանը եւ Գայանե Գասպարյանը տեղափոխվելու են Աբովյանի մեկուսարան, որտեղ եւ սպասելու են դատավարությանը։ Երեկ դատական նիստից հետո մեր թղթակիցը փորձել է զրուցել բժշկուհիների հետ, սակայն նրանք հրաժարվել են խոսել: Մեր տեղեկություններով՝ բժիշկներից մեկը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, պատճառաբանելով, թե իբր իր վերցրած գումարը եղել է Արմենուհի Ասոյանի բուժման ընթացքում կուտակած պարտքը, այսինքն՝ վերջինս բազմիցս այցելել է բժշկի, սակայն ձեռքին գումար չլինելու պատճառով չի վճարել, հետո՝ միանգամից է վճարել։



Մեզ հետ զրույցում Գայանե Գասպարյանի փաստաբան Կարեն Թումանյանը նշեց, որ արարքը ճիշտ չէ որակված, եւ նրան սխալ հոդված է առաջադրվել։ Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Սպիտակի բաժնի ծառայողները պարզել էին, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբույժ-նյարդաբան Ֆելոմինա Մոսոյանը Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Ասոյանից պահանջել էր 35 հազար դրամ կաշառք՝ հիվանդության պատճառով թոշակավորվելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար եւ 35 հազար դրամ կաշառք պահին բռնվել էր։ Այնուհետ պարզվել էր, որ  Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանը փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացություն տրամադրելու համար նույն անձից ստացել էր 20 հազար դրամ կաշառք: Ի դեպ, նրանց առաջադրված 311 հոդվածով, նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: