3 տարում ոչ ոք չի հիշել մեզ

3 տարում ոչ ոք չի հիշել մեզ
Մարտի 1-ին կլրանա անկախ Հայաստանի պատմության մեջ գրանցված ամենաարյունալի ու ամենացավոտ իրադարձության երեք տարին: 3 տարի է անցել այն օրից, երբ իշխանությունները լույս մարտի 1-ի վաղ առավոտյան ներխուժեցին Ազատության հրապարակ եւ ծեծելով այնտեղից դուրս հանեցին խաղաղ ցուցարարներին, իսկ հրապարակը շրջապատեցին ոստիկանական ուժերով:



Նրանք հուսով էին, որ կվախեցնեն մարդկանց, եւ նրանք կցրվեն, սակայն այդ պլանը չաշխատեց, եւ համաժողովրդական ընդվզումը խեղդելու համար իշխանությունը դիմեց զենքի օգնությանը, որի արդյունքում 10 մարդ զոհվեց, 200-ը վիրավորվեց, իսկ 8 տասնյակից ավելի մարդ  քաղբանտարկյալների կարգավիճակով հայտնվեց բանտում: Երեք տարի անց այդ սպանությունները բացահայտված չեն: Ավելին, ամեն ինչ արվեց, որ դրանք չբացահայտվեն: Այդ գործերից մի քանիսն այժմ Եվրոպական դատարանում են, սակայն զոհվածների հարազատներն առանձնապես հույսեր չեն կապում դրա հետ: Իսկ ինչպես են ապրում այդ ընտանիքները, ինչ հոգսեր ունեն, ինչ են մտածում կատարվածի մասին:



Մեզ հետ զրույցում զոհերից մեկի՝ 18-ամյա զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան, վրդովված ասաց. «Այդ երեք տարիների ընթացքում ո՞վ է հիշել Տիգրան Աբգարյանի ընտանիքին: Ոչ ոք էլ չի հիշել, բացի իրա զորամասից մի քանի հոգուց: Ոչ ոք էլ չի հիշել, թե Տիգրան Աբգարյանի ընտանիքը ոնց ա ապրում: Ում պետքն ա, որ Տիգրանի հայրը երկու ինֆարկտ ա տարել, մայրը ինվալիդ ա, հիվանդանոցից նոր է դուրս եկել: Մեկը չասեց՝ Տիգրանի մայրը 10 օր հիվանդանոցում պառկած էր, մի հատ գնանք-տեսնենք: Կարող է սոված լինի, հաց կերել է, թե չէ: Բոլորին միայն իրանց կապիտալը շատացնելն ա հետաքրքրում»: Նա վերջնականապես կորցրել է հույսն ու հավատը, որ երբեւէ կբացահայտվեն որդու սպանության հանգամանքները. «Ես ոչ մի սպասելիք էլ չունեմ: Ես հասկացա, որ էս երկրում ոչ մեկից ոչ մի սպասելիք չպիտի ունենաս: Ես ընդհանրապես ոչ մի բանի հույս չունեմ եւ չեմ հավատում, որ երբեւէ կբացահայտվի այդ գործը: Նույնիսկ եթե էս իշխանություններն էլ փոխվեն, դժվար բացահայտվի, մանավանդ իմ տղայի հարցը:



Ես իմ հավատը կորցրել եմ բոլորի ու ամեն ինչի նկատմամբ եւ կասկածում եմ, որ սրանից հետո ինչ-որ բան կփոխվի: Համենայնդեպս այս 3 տարիների ընթացքում այդ եզրակացությանն եմ եկել»: Տիկին Ռուզաննան ոչ մեկից ոչինչ չի ուզում, միայն որդին կողքին լիներ: Ընտանեկան խաղաղ անդորրը խաթարվել է նաեւ Տիգրան Խաչատրյանի ընտանիքում: «Էն առօրեայով, որով մենք ապրում էինք մինչեւ 2008-ի մարտի 1-ը, լրիվ քանդվել ա ու փոխվել: Օրը երեւի հազար անգամ մտաբերում եմ մարտի 1-ի օրը, հիշում եմ, մտածում եմ, թե ինչի՞ էս բանն այսպես չարեցի, ինչի՞ ես իրա հետեւից չգնացի ու հետ բերեի: Դժոխային անորոշ վիճակում ենք ապրում: Չգիտեմ, մենք ապրում ենք՝ միայն սպասելով էն բաղձալի օրվան, թե երբ կբացահայտվի էս ամեն ինչը»,-ասաց Տիգրանի մայրը՝ տիկին Ալլան: Զոհվածներից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանն էլ հույսը դեռ վերջնականապես չի կորցրել: Նա հավատում է, որ գործը կբացահայտվի. «Մենք չենք էլ սպասում, որ այս իշխանությունների օրոք որեւէ բան կբացահայտվի:



Չնայած իրանք շատ լավ գիտեն ովքեր են մարդասպանները, ովքեր են հրաման տվողները: Մեր միակ սպասելիքն իշխանափոխությունն է, որից հետո միայն կբացահայտվեն այդ հանցագործությունները»: Նա հույսեր է կապում վերջերս Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ եւ կարծում է, որ գոնե եվրոպացի հանձնակատարն իր զեկույցում կատարվածին համարժեք գնահատական կտա: «Նա շատ լավ մարդ էր եւ շատ ուշադիր մեզ լսեց, հասկացավ եւ իր զեկույցում անպայման կանդրադառնա այս հարցին: Կարծում եմ՝ շատ սուր զեկույց կլինի այս իշխանությունների դեմ»,- եզրափակեց Քլոյանը:



 



ՀԳ - Սարգիս Քլոյանն ասաց, որ մարտի 1-ին, հանրահավաքից հետո, երթով կգնան Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղկեպսակներ կդնեն, կհիշեն 10 զոհերին, արարողություն կլինի, եւ նորից կշարունակեն երթը: