Քաղաք արժանապատիվ մարդու համար

Քաղաք արժանապատիվ մարդու համար
Յուրաքանչյուր գործունեություն ունենում է իր նպատակը, որին ուղղվում են բոլոր միջոցները: Նախ որոշում են նպատակը եւ հետո միայն դրան համապատասխան՝ ընտրում միջոցները: Երբ  նպատակը եւ միջոցն իրենց տեղերը փոխում են, ուրեմն խախտված է գործունեության տրամաբանությունը, իսկ երբ նպատակը թաքցվում է, ուրեմն այն բարձր նպատակ չէ:



Քաղաքում ներդրումներ անելը, բնականաբար, միջոց է եւ ոչ թե նպատակ: Եվ երբ նոր քաղաքապետն իր ելույթներում հիմնականում խոսում է ներդրումներից, եւ ոչ մի խոսք նպատակների, իր առաքելության ու նաեւ պարտականությունների մասին, սկսում ես տարակուսել  եւ անհանգստանալ: Ակամայից վախով անդրադառնում ես անցյալին եւ հիշում այն ահավոր օրը, երբ նշանակվեց մի «գլխավոր ճարտարապետ», որը ոգեւորված սկսեց հանրությանը ներկայացնել իր անելիքները` հայտարարելով, թե Երեւանի կենտրոնը շուտով դառնալու է մի մեծ շինհրապարակ: Մենք այն ժամանակ չէինք կարող պատկերացնել այդ խոսքերի վտանգը: Մարտնչող միջակությանը հատուկ արագաշարժությամբ ու ճարպկությամբ նա գործի անցավ`  խոր ատելությամբ  արվեստի, պատմության, բնության եւ ամեն գեղեցիկի հանդեպ: Քաղաքը վերածվեց շահութաբեր տարածքի, որտեղ կենտրոնում քառակուսի մետրի գինն ավելի բարձր էր: Եվ այսօր մենք մտահոգված ենք ոչ այն պատճառով, որ մինչ այժմ ամեն ինչ շատ լավ է եղել եւ հիմա հանկարծ միանգամից վատ է, այլ այն, որ այլեւս հասել ենք վտանգավորի  սահմանագծին:



Քաղաքը, անշուշտ, պետք է կառուցվի, բայց ոչ մի քանիսի շահույթի համար, այլ՝ ըստ հատակագծի, որն ունի ժողովրդի շահերից բխող զարգացման իր փիլիսոփայությունը: Երեւանի հիմքում դրված էր «քաղաք՝ արժանապատիվ մարդու համար» գաղափարը, եւ այդ մարդասիրական եւ ազգային գաղափարի հեղինակն Ալեքսանդր Թամանյանն էր: Դրա վկայությունը այդ ժամանակաշրջանի վեհաշուք շենքերն են, դեպի Արարատ ձգվող  մայրուղիները, որոնք նախագծում չեն ընդհատվում որեւէ շենքով կամ չեն հատվում փակուղով, որպեսզի դեպի Արարատ տանող նպատակը չընդհատվի: Դրա վկայությունը լայն մայթերն էին, որոնցով մարդն իրենից անկախ՝ քայլում էր գլուխը բարձր, բազմաթիվ զբոսայգիներն էին եւ պուրակները, որտեղ մարդիկ իրենց քաղաքացի էին զգում: Նախանձով կարելի է նայել  Վրաստանին, որովհետեւ նրանց ղեկավարները մանր առեւտրականի հոգեբանությամբ չեն վերաբերվում քաղաքին, ինչպես մեզանում է՝ կարծես թշնամու տարածք է, թշնամու մշակույթ: Բիզնեսմեն՝ դա նաեւ հոգեբանություն է, եւ այդպիսի հոգեբանությամբ մարդիկ պետք է բիզնեսով զբաղվեն, ներդրումներ անեն, աշխատատեղեր ստեղծեն եւ օգտակար լինեն իրենց հայրենիքին: Պետական, քաղաքական գործիչ լինելու համար այլ աշխարհայացք է պահանջվում, այլ մտահորիզոն, հայրենասիրության այլ չափաբաժին:



Երբ պետության մեջ պետական եւ հանրային կարիքները չեն համապատասխանում միմյանց, այդտեղ հիվանդություն կա: Այդ հիվանդությունը կոչվում է կոռուպցիա կամ ազգային շահերի դավաճանություն: Հայտնի է, որ պետականաշինության մեջ ահռելի մեծ դեր է կատարում քաղաքաշինությունը: Սակայն այդ ոլորտը Հայաստանում, կարելի է ասել՝ բացակայում է: Այն բացակայում է անգամ մեր Սահմանադրության մեջ: Քաղաքաշինությունը քաղաքներ կառուցելը չէ, այլ այն, որ այդ քաղաքները կառուցվեն մարդու համար հարմարավետ եւ բնության հետ  ներդաշնակ, որ դրանք ստեղծեն հոգեւոր եւ ֆիզիկական առումով առողջ միջավայր:  Քաղաքաշինությա՛մբ կարելի է դատել, թե ինչ պետություն ենք մենք եւ ինչ ազգ, ու, միեւնույն ժամանակ, քաղաքաշինությունը որոշում է, թե ինչպիսին ենք մենք լինելու վաղը:



Մեզ այսօր մտահոգում են ներդրումային ծրագրերի մասին քաղաքապետի ակնարկները, որոնք կարող են դարձյալ ոչ թե ծառայել քաղաքին, այլ քաղաքը ծառայեցնել իրենց: Այդ իսկ պատճառով խնդրում ենք, որ քաղաքապետը հանդես գա իր գաղափարական ծրագրով, քաղաքի զարգացման իր տեսլականը ներկայացնի մեզ եւ իր գնահատականը տա մինչ այսօր կատարվածի վերաբերյալ: Մենք պետք է լսենք նրա կարծիքը Օպերայի այգու, Աբովյան փողոցի բռնազավթված եւ կառուցապատված մայթերի,  Օղակաձեւ՝ արդեն նախկին զբոսայգու, բակերում կառուցված եւ կառուցվող բարձրահարկ եւ ցածրահարկ շենքերի ու այլ՝ քրեական դաշտում իրականացված շինարարությունների մասին:



Մենք ուզում ենք լսել նրա կարծիքը նաեւ Երեւան քաղաքում մուրացկանություն եւ անօթեւաններ երեւույթի եւ ընդհանրապես՝ քաղաքում ավելացող սոցիալական լարվածության վերաբերյալ: Ինչպես, ինչ ծրագրերով է մտադիր մեղմացնել այդ լարվածության մթնոլորտը: Նա մեզ պետք է ներկայացնի քաղաքապետարանի գործունեության գլխավոր նպատակը, որի իրականացմանն են ուղղված լինելու բոլոր միջոցները: Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք այդ նպատակը մարդն է, Երեւանի բնակիչը, թե՞ միգուցե կա այլ «նպատակ»:



Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ