«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է եւ կրկին զգուշացնում

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է եւ կրկին զգուշացնում
2011 թվականի փետրվարի 25-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բավարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Ա. Թեւանյանի միջնորդությունը, ինչը կուսակցությունը դիտարկում է որպես իշխանության ապօրինի եւ ուղղակի հրահանգի կատարում:



2011 թվականի փետրվարի 17-ին Գյումրի քաղաքում «ժառանգության» պատգամավորների կողմից շուրջ 12 ժամ տեւողությամբ բողոքի ակցիաները, իշխանական բլոկադայի հաղթահարումը եւ ըստ էության Գյումրի քաղաքը մի քանի ժամ շարունակ քաղաքացիների փաստացի վերահսկողության ներքո պահելը առաջացրեց իշխանության սարսափը «Ժառանգության» եւ ըմբոստ հասարակության միացյալ կարողությունների նկատմամբ, որի հետեւանքն է մի քանի ժամ անց Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը:



Գործի սարքովի եւ պատվիրված լինելու մասին են վկայում ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործի անհապաղ հարուցումը, այդ մասին անմեղության կանխավարկածի խախտմամբ հաղորդագրության տարածումը` խուսափելով նշել եւ հայտնել քրեական գործի հարուցման օրը, ինչպես նաեւ կես տարուց ավելի վաղեմության ենթադրյալ քրեական գործի վերաբերյալ հավանական մեղադրվող անձից բացատրություններ չվերցնելը, ինչը ակնհայտորեն կհիմնավորեր, որ Տիգրան Փոստանջյանը իր աշխատանքային իրավասություններով չէր կարող կատարել ղեկավար անձին վերապահված լիազորություններ, որոնք հստակ սահմանված են համայնքային ծառայողի անձնագրում:



Մի շարք կոպիտ քրեադատավարական դրույթների խախտմամբ  ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել գործն ուղարկել ՀՀ ԱԱԾ քննության: Չորս օր քննվող գործի ընթացքում Տիգրանին չհարցաքննելը, իսկ փետրվարի 23-ին ԱԱԾ-ում հարցաքննության կանչելն ու ձերբակալելը, որից հետո նրա մոտ մեկուսարան մոտք գործելու` հարազատներին, ԶԼՄ-ներին, պատգամավորներին եւ հասարակական դիտորդներին արգելելը, դատարանի կողմից նրան երկու ամսվա կալանքի տակ պահելու ԱԱԾ քննիչի միջնորդության բավարարումը եւս ակնհայտ ապացույցներն են վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի կողմից օրենքի կոպիտ խախտումների:



Ի գիտություն իշխանության, ԱԱԾ-ի եւ դատախազության` «Ժառանգությունը» վերստին հայտարարում է, որ շարունակական քաղաքական հետապնդումները միեւնույն է չեն հասնելու իրենց անբարո նպատակին: Պատվիրատուներին հիշեցնում ենք, որ տարիներ շարունակ ժողովրդի դեմ իրենց գործած անհաշիվ հանցագործությունները անկանխատեսելի եւ պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում, որին պետք է տրվի հանգուցալուծում, հակառակ դեպքում կարծում ենք ժողովրդի ցասումն անխուսափելի է:



Տեղեկացանք նաեւ, որ ԱԱԾ մեկուսարանում որպես քաղաքական պատանդ պահվող Տիգրան Փոստանջյանի մոտ մուտք փետրվարի 26-ին պահանջած ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների Զարուհի Փոստանջյանին եւ Անահիտ Բախշյանին կրկին ապօրինաբար մերժել են` այս էլ որերորդ անգամ խոչընդոտելով պատգամավորի գործունեությունը:



«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն