Երկու մանկահասակ երեխա է ծխից խեղդվել

Երկու մանկահասակ երեխա է ծխից խեղդվել
Երեկ՝ փետրվարի 28-ին, Վանաձորում մի ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է երկու անչափահաս երեխա։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձորի Չերկասի 2-րդ շենքի 5-րդ հարկի թիվ 13 բնակարանում հրդեհ է բռնկվել, որն առաջինը նկատել են հարեւանները։ 



Ողջ շքամուտքը պատվել է ծխով, սակայն այդ պահին բնակարանում տան մեծերից ոչ ոք չի եղել. հրդեհի ժամանակ 2 եւ 4 տարեկան քույրն ու եղբայրը՝ Ալեքս եւ Անահիտ Քարադանյանները, փակված են եղել տանը։ Հարեւանները զանգահարել են հրշեջ կայան, ապա շտապօգնություն եւ տան տերերին։ Հրշեջ փրկարարական ջոկատի հետ մեկտեղ եկել են նաեւ ծնողները: «Ծուխը, որ տեսա, զանգեցի պաժառնի ու 1-03, հետո զանգեցի մորը, ասի՝ որտե՞ղ ես, հարցրեց, թե ինչ է եղել, ասի՝ արի-հասի, տունդ պաժառ ա: Մերն էլ թե՝ երեխեքս մեջն են» - պատմում է նրանց 4-րդ հարկի հարեւանուհի Թելլի Բաբուռյանը։ Դուռը կոտրելուց հետո տեսել են, թե ինչպես է ողջ տունն այրվում, իսկ փոքրիկ երեխաներին ոստիկանները հրշեջների ու հոր հետ գտել են տան մեջ քնած՝ ծխից խեղդված վիճակում։ Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ երեխաներին տանը միայնակ թողնելը մոր մոտ սովորություն էր, հաճախակի էր դուռը երեխաների վրա փակում ու գնում գործերով։



«Էնքան ա էղել, որ ես եմ երեխեքի լացի ձենին գնացել, դուռը ծեծել եմ ու երեխեքին հանգստացրել, որ սպասեք... էսա մաման կգա»,-պատմում է հրդեհից տուժած ընտանիքի 4-րդ հարկի հարեւանն ու հավելում, որ միշտ զգուշացրել են մորը՝ երեխաներին միայնակ չթողնել տանը: «Նրանցից միայն ամուսինն ա աշխատում, պատահական գործեր ա անում, որ մի կոպեկ հացի փող բերի»։ Հարեւանների բնորոշմամբ՝ ընտանիքն ապրում էր ծայրահեղ աղքատ վիճակում։ Նրանց ասածներից կարելի էր ենթադրել, որ կինն ահավոր խանդոտ էր: «Հենց ամուսինը դուրս էր գալիս, ինքն ամուսնու հետեւից գնում էր, որ ամուսնուն  գտնի, թե որտեղ ա...»,-նշում էր հարեւանուհին ու կատարվածի մեջ մեղադրում մորը։ Նրանք նշում էին նաեւ, որ սա առաջին փորձանքը չէ. «Անցած ամիս էլի մենակ էր թողել, երեխեն ընկել էր պլիտի վրա, այրվածքներ ստացել, ահագին պառկեց հիվանդանոցում: Բա դա մեր ա՞»։



Հարեւաններից Թերմինե Դանիելյանն էլ, ով տեսել էր, թե ինչպես են մահացած երեխաներին դուրս հանում տնից, պատմեց. «Վազելով եկա, հրշեջ ծառայության մեքենան արդեն էդտեղ էր, մեկ էլ էն տեսա, որ մի տղա երեխեքից մեկին անշնչացած, կապտած վիճակում ձեռքերի վրա տարավ մեքենան»: «Երեխաներից 2-ամյա քույրը՝ Անահիտը, ամբողջովին կապտած է եղել, իսկ եղբոր՝  4-ամյա Ալեքսի գույնը տեղն էր՝  թուլացած էր»,- ավելացրեց նա։ Հարեւաններն ասում էին, որ երեխաները եթե արթուն լինեին, գոնե վախից կլացեին եւ կխփեին դռանը։ Այնուհանդերձ, գրեթե բոլորը կատարվածի մեջ մեղադրում էին ծնողներին՝ իրենց անուշադրության ու անփութության պատճառով։ Դեպքի հետ կապված՝ զրուցեցինք նաեւ Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի վիրահատարանի ցավազրկող բժիշկ Արմենուհի Դավոյանի հետ, որը մեզ փոխանցեց, որ երեխաներին հիվանդանոց են բերել արդեն իսկ անշնչացած վիճակում՝ դիակային բծերով. «Իջացրեցինք վիրահատարան, բայց արդեն անշնչացած էին»։ Բժշկուհին հավելեց նաեւ, որ երեխաների վրա այրվածքի կամ տրավմատիկ վնասվածքների հետքեր չեն եղել։ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տարոն Թադեւոսյանն էլ նշեց, որ նույն օրն իսկ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 232 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (հրդեհային անվտանգության կանոնների խախտում)։