Կոսովոն` ուրիշ, Ղարաբաղը` ուրիշ

Կոսովոն` ուրիշ, Ղարաբաղը` ուրիշ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երեկ ԵՊՀ-ում պատասխանել է ուսանողների եւ լրագրողների հարցերին: Կոսովոյի եւ Ղարաբաղի ինքնորոշման նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մասին հարցը ծափողջույններով է ընդունվել: Դեսպանը, սակայն, Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ լուրջ նմանություններ չի տեսնում:



«Ես կարծում եմ, որ ցանկացած այս տիպի հակամարտություն եզակի է, առանձնահատուկ»,- ասել է Մարի Յովանովիչը: Նա խորհուրդ է տվել Հայաստանին ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե Կոսովոյի նախադեպի, այլ բանակցային գործընթացի վրա եւ առաջ շարժվել: «Խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով, բանակցություններ, որոնց պարագայում կլինեն փոխզիջումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների կողմից»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ուսանողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի կատարելո՞ւ է իր վաղեմի խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մեր քաղաքականությունն այս հարցի շուրջ նախագահ Օբաման է որոշում, ինքը կորոշի, թե ինչպիսին է լինելու իր հետագա քայլն այս հարցի շուրջ: Նրա դիրքորոշումը բոլորիս հայտնի է»,- պատասխանել է Մարի Յովանովիչը: