Գարունը շատ ուրախ չի գալիս

Գարունը շատ  ուրախ չի գալիս
...Քսաներեք տարի առաջ էր: Մարտի մեկին ես եւ Բակուր Կարապետյանը Ղարաբաղում էինք, եւ այնտեղ այդ օրն առաջին անգամ հանդիպեցի Սումգայիթից մազապուրծ փախստականների հետ: Առաջին անգամ ես դա «տեսա» ոչ թե գրականությամբ,  պատմությամբ, այլ աչքովս տեսա, թե  ինչ է նշանակում գաղթական, փախստական, եղեռնից մի կերպ փրկված հայ ժողովուրդ...



Եվ այդ օրից ի վեր ինձ համար միշտ գարունը շատ ուրախ չի գալիս... Եվ մտածում եմ՝ գուցե մի տեսակ անեծքի պես բան է, եւ «գարուն ա, ձուն ա արել» տողը կպել է մեր՝ հայ ժողովրդի ճակատագրին: Եվ ահա 2008-ի մարտի 1-ը... Ինձ համար՝ որպես հայ քաղաքացու, պարզապես ողբերգություն էր հաջորդ օրը Երեւանի  փողոցներն այդ վիճակով տեսնելը, գլխիս մոխիր լցվեց, իմ Երեւանը տեսա անտեր ու ավերակված: Գործեց «ազդումը հավասար է հակազդմանը» ֆիզիկայի հայտնի օրենքը, որը, սակայն, ճիշտ չգործեց: Պետությունը պետք է ավելի բարձր լիներ, քանի որ իշխանությունն ու պատասխանատվությունն իր ձեռքին էր, եւ այդքանով ավելի մեղք ունի... Սակայն չեմ  կարծում, որ ընդդիմության շարքերում անմեղ հրեշտակներ էին կանգնած, մյուս շարքերում էլ՝ միայն մարդասպաններ, հրեշներ:



Էդպես չի լինում: Մենք չենք կարողանում մեր ազգի համար շատ կարեւոր, ողբերգական, դրամատիկ պահերին անաչառ, վերեւից գնահատել: Այսօր էլ այդ անաչառությունը կորցրել ենք, բաժանվել մասերի, միմյանց փորձում ենք տարբեր ափերում տեսնել, մեկմեկու մեղադրել... Այդպես է. մեկ-մեկ ուզում եմ անկեղծ լինել՝ կորցնում եմ անկեղծությունս...  Բայց ես այսօր էլ եւ երբեւէ ափերի չեմ բաժանել եւ չեմ համարում, որ մեր ժողովուրդն ափերի վրա է. քաղաքական որոշ նկատառումներով են ժողովրդին համոզում: Բայց, ամեն ինչից զատ, եկեք այսօր միասնական լինենք: Եվ թող այս գարունն ամենքիս համար սիրո եւ խաղաղության գարուն լինի: Չնայած որ, այս գարունից առաջին հերթին հողի բերրիություն եմ ուզում, որ ցրտահարություն չլինի ու գյուղնախարարն էլ չասի, որ կորուստը Աստծո մեղքով է եղել, եւ ժողովուրդը, հողի աշխատավորը թող լավ ապրի: Եվ ուզում եմ, որ «գարուն ա, ձուն ա արել»-ը մնա սքանչելի երգ, որ գարունը դիմավորենք ավելի շատ մայիսյան հաղթանակների ոգով, ոչ թե ապրիլյան կամ մարտյան ողբերգությունների:



Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ



գրող, ՀՅԴ պատգամավոր