Առեք, կերեք... ընդիմության մանդատները

Առեք, կերեք... ընդիմության մանդատները
«Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ՝ «պետությունը ես եմ, եւ իմ դեմ խաղ չկա»»,- երեկ խորհրդարանում ԱԺ նիստի սկսվելուն պես ներկաների համար բավական անսպասելի հայտարարեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:



Չի բացառվում, որ «Ժառանգությունը» մտավախություն ունի կոալիցիոն ներկա պատկերի վերարտադրման դեպքում ներկայացված չլինելու հաջորդ խորհրդարանում: «ԱԺ օրակարգը` թե մեծը, թե քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին եւ ներքին պահանջներն արտացոլող օրինավոր օրակարգ: Ցավոք սրտի, դա այդպես չէ, եւ այսօր խոսք չի գնում Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին` մեծ օրակարգում, կամ որեւէ այլ օրինագծի մասին: Այդ արտաքին քաղաքականությունը, որ տեւապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը, շարունակվելու է անցած յոթ տարին: Այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը եւ արտագաղթը, որը շարունակվելու է յոթ տարի: Մեր պետականության վաղվա կրողներ այս երիտասարդների առաջ մենք թաքցնելու բան չունենք»,- շարունակեց «Ժառանգության» ղեկավարը:



Մինչ «Ժառանգության» ղեկավարը բոցաշունչ ելույթ էր ունենում՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը գլխի ընկավ, որ կարող է ընդհատել ելույթը: Ապա հորդորեց ելույթ ունենալ բացառապես օրակարգի հետ կապված՝ հայտարարելով, թե Հովհաննիսյանի ժամանակն սպառվել է: «Կարծում  եմ, որ Ձեր մտորումները հուշագրի վերաբերյալ ճիշտ չեն: Դուք ճիշտ չեք ընկալել ուղղակի: Կանոնակարգն օրենք է, եւ այդ օրենքը հստակ ժամանակ է սահմանել. ուղղակի ավարտվեց, զանգը հնչեցվեց զուտ այդ պատճառով»,-բացատրեց Նիկոյանը: Մինչ այդ  Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում էր խոսել անջատված խոսափողով: Նիկոյանին օգնության հասավ Հովիկ Աբրահամյանը, թե՝ «ես կանոնակարգը խախտելու հնարավորություն չունեմ, երկու րոպե հնարավորություն տրվեց Ձեզ: Ընդհանրապես պարոն Նիկոյանը շատ ճիշտ ասաց, որ օրակարգի հետ կապ չուներ Ձեր ելույթը, եւ մենք լսեցինք, հասկացանք»: Մի փոքր ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղից ձայնի իրավունք տրվեց: «Խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթական, խեղված եւ կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը` մեծամասնության եւ ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, եւ իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում. «Սիրով, ճշմարտությամբ», եւ երբեք հեգնանքով, առեք, կերեք, սա է ձեր ժառանգությունը»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ դուրս եկավ խորհրդարանի դահլիճից:



Իրավիճակը պարզելու համար Դաշնակցությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց: Ընդմիջմանը, մեզ հասած տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է Ստյոպա Սաֆարյանին՝ հարցնելով՝ ի՞նչ եք ուզում, ի՞նչ է ձեր ուզածը: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին չընդհատեիք ու թույլ տայիք խոսել, կիմանայիք ինչ ենք ուզում»,- ի պատասխան ասել է Սաֆարյանն ու տեղեկացրել, որ իրենք գնում են նիստի՝ որոշելու իրենց հետագա մարտավարությունը: Երեկ ցերեկը հրավիրած վարչության եւ խմբակցության համատեղ նիստում որոշվել է մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ եւ որոշել կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարությունն ու մարտավարությունը:



ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին երեկ հարցրինք, թե իշխող կոալիցիան պատրաստվո՞ւմ է քննության առնել «Ժառանգության» բողոքը: ««Ժառանգության» բողոքն անհեթեթ բողոք է, ոչ հիմնավորված»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը: Մեր հարցին, թե ինչ ազդեցություն կունենա «Ժառանգության» բոյկոտը, Շարմազանովը հայտարարեց. «Կարծում եմ՝ ոչ մի ազդեցություն կոալիցիայի գործունեության վրա»: Ընդդիմության մանդատներին աչք տնկելու առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Ինձ զարմացնում է նման փորձառու քաղաքական գործչի նման միամիտ հայտարարությունը: Եթե դա իրոք միամիտ էր, եթե շփոթել է քաղաքական հայտարարությունը իրավական ակտերի հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպիսի քաղաքական հայտարարություն անի եւ խոսի իր պլանների մասին հասարակության հետ»: Շարմազանովը նաեւ «որեւէ ոչ նորմալ բան չի տեսնում» չառաջադրված թեկնածուին սատարելու մեջ:



ՀՅԴ խմբակցության ղեկավարին ուղղված մեր դիտարկմանը, թե Դաշնակցությանն էլ է սպառնում ընդդիմության մանդատների կրճատումը, ուստի ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում միանալ «Ժառանգության» բողոքին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց.  «Դաշնակցությունը եթե որոշի ինչ-որ նման միջոցառումներ անել, կանի սեփական անալիզի հիման վրա: Որեւէ մեկին միանալու կամ որեւէ մեկին հետեւելու խնդիր մենք չունենք»: Մեր հստակեցմանը, թե խոսքը համատեղ գործողությունների մասին է, որպես խորհրդարանական ընդդիմություն, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի կարելի երբեք բացառել, բայց մենք գտնում ենք, որ քաղաքական պայքարի ամենակարեւոր բեմը դա հենց խորհրդարանն է: Խորհրդարանը լքելու պատճառ տվյալ պահին մենք չենք տեսնում, որովհետեւ մենք կարողանում ենք «Ժառանգության» հետ միասին ինչ-որ հաջողություններ էստեղ արձանագրել: Դա դժվար է, դա աշխատատար է, միշտ չի, որ հաջողվում է, բայց դա անհրաժեշտ է, եւ հասարակությունը մեզնից դա է սպասում, որովհետեւ նրանք, ովքեր պառլամենտից դուրս են գալիս, պիտի շատ հստակ ծրագիր ունենան, թե ինչ են անելու հետո»:



Իսկ Դաշնակցությունը կհաշտվի՞ այն մտքի հետ, որ հաջորդ խորհրդարանում չլինի՝ հարցրինք ՀՅԴ ներկայացուցչին: «Ի՞նչ է նշանակում՝ կհաշտվի, թե չէ»,-հակադարձեց դաշնակցականը՝ շարունակելով. «Ակնհայտ է, որ կոալիցիայի ախորժակների մեջ հավանաբար ընդդիմությանը տեղ խորհրդարանում ընդհանրապես չի նախատեսվում, բայց կոալիցիայի տեսակետը տվյալ դեպքում ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ժողովրդի տեսակետը: Իսկ ես ինչպես պետք է կարողանամ ապահովել ժողովրդի քվեարկությունն ի նպաստ մեր կուսակցության եւ մեր ծրագրերի՝ աշխատելով եւ միայն աշխատելով: Որտե՞ղ աշխատելով՝ հենց խորհրդարանում»: «Դուք է՞լ եք համարում, որ հուշագիրը հակասահմանադրական էր» հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը ուղիղ արգելք նման հայտարարության համար չի դնում, բայց հայտարարության մեջ հնչած որոշ երանգներ հնարավորություն են տալիս նաեւ այդպես մեկնաբանելու, որովհետեւ, փաստորեն, այստեղ խոսքը գնում է մի թեկնածուին պաշտպանելու մասին, որը դեռ իրեն չի առաջադրել: Խոսքը գնում է նաեւ, ըստ ամենայնի, մեկ ցանկով ընտրությունների գնալու մասին, բայց օրենքը հստակ կարգավորում է նախընտրական դաշինքների ձեւավորման ձեւը եւ ժամանակը»: