Երբ հանդուրժողականությունն առաքինություն չես համարի

Երբ հանդուրժողականությունն առաքինություն չես համարի
Արդյո՞ք սխալված կլինեմ, եթե ասեմ, որ հայ ժողովուրդը քրիստոնեական ամենաֆունդամենտալ առաքինության պատվախնդիր կրողն է եղել իր գոյության ողջ ընթացքում: Այդ առաքինության անունը հանդուրժողականություն է, որը, ճիշտ է՝ չի դրսեւորվում լոկալ առումներով` մենք առանձին-առանձին վերցրած չենք հանդուրժում մեզնից տարբերվողներին` մեզնից տարբեր կրոնական, սեռական, աշխարհայացքային ուղղվածության կրողներին, բայց այդ անհանդուրժողականությունը միշտ սահմանափակվում է մեզնից յուրաքանչյուրի զբաղեցրած մեկ քառակուսի մետրի շրջանակներում, իսկ դրանից դուրս տեղի ունեցողի հանդեպ մենք, որպես կանոն, հանդուրժող ենք գտնվում: 



Սա կարծես մեզ իշխող վարչակարգերի համար միշտ պարզից էլ պարզ իրողություն է եղել ու օգտագործվել է մեր դեմ` թե նյութապես եւ թե բարոյապես առավելագույնս նսեմացնելու նպատակով: Մասնավորապես գոյություն ունեցող իրականությունը դա է փաստում: Հակառակ դեպքում լրիվ անհասկանալի է, թե ինչ «դուխ» պիտի անեին իշխանությունները երկրում առկա աղքատության ցուցանիշների պայմաններում (ՄԱԿ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 71.5 տոկոս) պարբերաբար թարմ միջամտություններ կատարել այն տարածք, որը պայմանականորեն կանվանենք «օրվա հաց հայթայթելու տարածք»: Սա հասկանում է նույնիսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որը նախորդ շաբաթ տված ասուլիսում նկատել էր, որ քանի որ մենք` հայերս, սովոր ենք փորձությունների, այս հանգամանքը իշխանություններն օգտագործում են, սակայն այս վիճակը երկար շարունակվելու դեպքում լարվածությունը երկրում կավելանա: Լարվածության ավելանալու շանսեր թերեւս կան, բայց կառավարության համոզվածությունն իր գործողությունների անհետեւանք մնալու մեջ պայմանավորված է հենց այն հաշվարկով, որ մեր բոլորիս լոկալ անհանդուրժողականությունը մեր զբաղեցրած մեկ քառակուսի մետր տարածքից դուրս տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ չի տարածվելու:



Դրսում առեւտրով զբաղվողները չեն կանգնելու վրացական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի շահերը պաշտպանելու, տեղի չի ունենալու նաեւ հակառակը, եւ այսպես շարունակ: Անկեղծ, չեմ կարող ասել, թե այս դիտարկումը որքանով է արդարացված, սակայն հակառակ դեպքում անհասկանալի է, օրինակ, թե հենց կոնկրետ վրացական պետհամարանիշներով մեքենաների կրակ ու պատժի վրա ինչու է իր վառած յուղը լցնում ՀՀ կառավարությունը` հինգշաբթի կայացրած իր հերթական ուշագրավ որոշմամբ: Որոշումն այսպիսին է` անտոկոս վարկեր տրամադրել վրացական պետհամարանիշներով ատոմեքենաների վարորդներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց ավտոմեքենաների մաքսազերծումը։ Ընդ որում` սոցիալապես անապահով վարորդներին վարկերը կտրվեն 6 ամիս ժամկետով (սա ամենաերկար ժամկետն է, փաստորեն), ընդ որում՝ այն վարորդներին, որոնց ավտոմեքենայի մաքսային արժեքը չի գերազանցի 5 մլն դրամը (սա էլ նվազագույն արժեքն է, փաստորեն)։ Լավ է գոնե` առանց տոկոսադրույքի: Ավելի զավեշտալի կլիներ, եթե տոկոսադրույքով լիներ:



Խնդիրը լուծեցինք. փող չունես` պետությունից պարտք վերցրու, ու փող կառաջանա: Սա նման է հրեայի ու արաբի հայտնի անեկդոտին, երբ առաջինը երկրորդին առաջարկում է գնել իր մեքենան, քանի որ շտապ փող է պետք կնոջ վիրահատության համար: «Որ փող ունենայի` անպայման կգնեի»,- ասում է արաբը` տխրելով, որ չի կարող իր հարեւանին նեղության պահին օգտակար լինել: «Ոչինչ, ես պարտքով կտամ»,- պատասխանում է խորամանկ հրեան: Ու քանի որ մեր անհանդուրժողականությունը սահմանափակվում է ոչ միայն մեր զբաղեցրած մեկ քառակուսի մետրով, այլ նաեւ մեր այսօրվա օրով (թե հետո ինչի հաշվին են փակելու այդ վարկը), կառավարությունը շանս է տեսնում, որ այս «աճպարարությունը», ինչպես այս ամենը բնորոշել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոտանջյանը, այնուամենայնիվ կաշխատի:



Նույն ոլորտից. բացօթյա մանրածախ առեւտրականների հարցը դեռ չփակած` նոր բարեփոխում ենք սկսելու իրականացնել, թե` տեսեք-տեսեք մեր երկրում արդեն սկսել է արժեք ներկայացնել հեղինակային իրավունքը: Տարիներ շարունակ թքած ունեինք, հիմա արդեն` ոչ: Ու որպեսզի այս նվիրական գաղափարի իրականացումը պակաս վտանգավոր ու առավել դեկլարատիվ բնույթ կրի, այն սկսում ենք «տեսահենային» սկավառակներից: Մարտի մեկից 500 դրամանոց տեսասկավառակներ Հայաստանում այլեւս հնարավոր չի լինի գնել խանութներից: Ես որեւէ կարգի հենության (пиратство) կողմնակից չեմ, բայց հայկական մի լավ ասացվածք կա` բոլոր երգած երգերի ու սարի սմբուլի մասին: Փակեցինք մի քանի տեսահենային արտադրամասեր, մի քանի տասնյակ ընտանիք էլ կտրվեց ապրուստի միջոցից, ո՞ւմ աչքը լույս եղավ: Մալուխային ու IP հեռուստատեսություն մատակարարողների, իհարկե: Ու մեկ էլ` պրովայդերների. մարդիկ ինչպես նայում էին հենային ֆիլմեր (էժան է), այնպես էլ կշարունակեն, այս դեպքում` արդեն ոչ թե գնելով, այլ քաշելով ինտերնետից:



Ու եթե նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո ՀՀ նախագահի խոսնակը չհայտարարեր, թե գազի գինը չի թանկանալու, իրոք կարելի կլիներ կարծել, թե կամ կառավարությունը լիարժեք համոզված է հասարակության մարգինալ գործողություններ կատարելու անկարության վրա, կամ հատուկ սոցիալական բունտ է հասունացնում` մեզ անհայտ պատճառներով: Բայց այս դեպքում էլ, երբ խորն ես մտածում, հասկանում ես, որ այս մի դեպքը որոշակիորեն չի տեղավորվում մեր կատարած եզրահանգման մեջ, քանի որ մասնավոր սոցիալական խմբի գրպանին չի խփում, այլ մի ամբողջ ժողովրդի, ու սոցիալական բունտի ռեալ վտանգ այնուամենայնիվ ներկայացնում է: Ու մանավանդ որ չափման միավորն էլ արդեն ոչ թե քառակուսի, այլ խորանարդ մետրն է:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ