10 հազար դոլարով բնակարան է վաճառել

10 հազար դոլարով բնակարան է վաճառել
Երեւանի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում գտնվող շենքի պատմությունը հին է՝ այդ մասին մամուլում էլի է գրվել: «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը նախաձեռնել է 13 հարկանի շենքի շինարարություն, մարդկանցից փողեր են հավաքել, պայմանագրեր կնքել, շինարարությունը սկսել:



Ապա այն կանգ է առել, եւ քանի որ բողոքները շատ են եղել, 2009-ին կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել՝ օգնել կառուցապատողին, եւ պետական բյուջեից հատկացված միջոցներով երաշխավոր է կանգնել, որպեսզի «Պրոմեթեյ» բանկից 500 հազար դոլարին համարժեք գումար՝ վարկ հատկացվի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Թե ինչ է կատարվել դրանից հետո՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ անցած տարեվերջին այս կոոպերատիվի անդամ անձինք՝ 70-ից ավելի մարդ, տեղեկացել են, որ իրենց «քցել են»՝ փողերն առել են ու բնակարանները վերավաճառել ուրիշների: Նրանք մի քանի ամիս է՝ դեսուդեն են վազվզում, որ պարզեն, թե ով պետք է պատասխան տա կատարվածի համար, որտեղ է «Նորաշեն 2007»-ի տնօրենը, ինչ է սպասվում իրենց մուծած տասնյակ հազարավոր դոլարներին, եւ ումից ստանան իրենց բնակարանները: Անգամ օրերս ՀՀ նախագահի նստավայր են գնացել եւ նամակ հանձնել: Խմբագրություն այցելած քաղաքացին մեզ պատմեց, որ իրենց ասել են՝ ոստիկանությունն զբաղվում է այս գործով: Քանի որ իրենց հետ գործ է ունեցել ոչ թե կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը, այլ ոմն Լյովա Սամվելյան, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատող է եղել, եւ հիմա սրանք «փախած» են, փնտրում են նրան: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ մեղավորը միայն այդ անձը չէ, ուրիշ մեղավորներ էլ կան: Ասենք, Երեւանի քաղաքապետարանը, որն անավարտ շենքի համար ավարտական ակտ է տրամադրել սույն արկածախնդիրներին, որոնք էլ դրա հիման վրա կադաստրի վկայականներ են հանել՝ գրանցումներ արել: Ապա այդ բնակարանները գրավ են դրել: Քաղաքացու ասելով՝ ինքը 40 քմ-անոց «մերկ»՝ չնորոգած բնակարանի համար վճարել է 24 հազար դոլար, իսկ հիմա զրկվել է բնակարանից էլ, 24 հազարից էլ:



Այդ 80 «քցվածները» պարզել են, որ իրենց շենքն արդեն ուրիշներն են տնօրինում եւ անգամ անուններն են պարզել՝ 14 բնակարան ձեռք է բերել ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Էջմիածնի հարկայինի պետ Բեգլարյանը, «Էսկո» ապահովագրական ընկերությունը՝ հանձին իր նախագահ Սաքոյի, անգամ Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Արեւիկ Պետրոսյանն է այս շենքում բնակարան ձեռք բերել՝ դրա դիմաց, քաղաքացու տեղեկություններով, վճարելով ընդամենը 10 հազար դոլար: Հիմա խաբված անձինք պատրաստվում են դիմել դատարան, բայց վստահ չեն, որ օրինականությունը կհաղթի, եւ իրենք կստանան իրենց բնակարանները: Նրանք մեզ նաեւ պատմեցին, որ անցած նոյեմբերին ոստիկանության 6-րդ վարչությունից երկու անձ էին գալիս, զենքով-բանով, ժողովրդին էլ հանգստացրել են, թե՝ ամեն ինչ լավ կլինի, մենք հետեւում ենք այս գործի ընթացքին: 2 ամիս եկել են ու անհետացել, մարդիկ պարզել են, որ սրանք էլ են փողի ու բնակարանի խնդիր ունեցել, իրենց բաժինը պոկել են ու անհետացել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ