Կարևորը ու հետաքրքիրը առջեւում է

Կարևորը ու հետաքրքիրը առջեւում է
Հարց ազրույց ռեժիսոր, դերասան Արթուր Էլբակյանի հետ



-Բավական ժամանակ է ինչ հայրենիքում չեք: Բարեկեցիկ կյանքի ձգտումո՞վ մեկնեցիք հայրենիքից  եւ ինչով ենք այժմ զբաղված:



1. Ուրախ եմ այս շփման համար եւ հույս ունեմ, որ հարցազրույցը հետաքրքիր կլինի ընթերցողին: Հարցազրույցը ընդհանրապես հաղորդակցվելու բարդ տեսակ է: Քիչ խոսես՝ միտքդ է անավարտ մնում: Շատի դեպքում  էլ կրճատում են: Որեւէ մեկին խելքի բերելու ցանկություն չունեմ, առավել եւս, որ դա անշնորհակալ զբաղմունք է, հատկապես հայի եւ հայ իրականության դեպքում: Բոլորը ամեն ինչ գիտեն, եւ ցանկացած խորհուրդ ընդունվում է որպես անձնական վիրավորանք: Ափսոս, որ այդպես է: Քանզի առողջ քննադատություն լսելը եւ հետեւություններ անելը կյանքում եւ կյանքի ցանկացած ոլորտում առաջ ընթանալու պայմաններից մեկն է:



Արքաները պահում էին խեղկատակներ, թատրոնները՝ անկախ քննադատներ, իսկ լուրջ քաղաքական գործիչները միշտ լսել են իրենց ընդդիմախոսներին: Ուրիշի կարծիք չլսելը ամպայման բերում է ճահճացման: Դա նման է ամեն օր սեփական դեմքը հայելում  նայելուն  եւ իր անձով հրճվելուն:  Հիմա փորձենք զրուցել  եւ վերլուծել այն ինչ կոչվում է կեսդարյա հոբելյան: Այն լի է եղել ակտիվ կյանքի բազում իրադարձություններով, վերելքներով եւ վայրէջքներով: Հարյուրավոր հետաքրքիր հանդիպումներով, անկանխատեսելի իրադարձությոններով, վտանգներով ու հաճույքներով:



Նաեւ սխալներով: Բայց ոչ ուրիշի հանդեպ, այլ իմ կյանքում եւ ինքս իմ հանդեպ: Իսկ ով կարծում է,թե  իր հանդեպ է եղել, թող ներող լինի: Աստվածաշնչում  ասված է, « ով, որ չի սխալվել եւ մեղք չի գործել թող առաջինը նա ինձ վրա քար նետի»:



Ինչ վերաբերվում է իմ հայրենիքից հեռանալուն եւ արդյոք բարեկեցիկ կյանքն է իմ փնտրածը՝ ասեմ. Ես հեռանալով մնացել եմ ձեզ հետ: Ես մեկն եմ ձեզնից : Ձեզ հետ ուրախանում եմ ամեն մի փոքր հաջողության համար եւ տխրում  երբ, որ վատ լուր եմ լսում: Հայը՝ հատկապես Երեւանում ծնված եւ մեծացած դժվար մոռանա իր տունը: Հետո ես ամենօրյա կապի մեջ եմ իմ ընկերների հետ եւ լավատեղյակ եմ հայրենիքում կատարվող ողջ անցուդարձից: Կարեւորը ըստ իս օգտակար լինելն է եւ ոչ թե որտեղ ես բնակվում: Լոնդոնում, Կանադայում, թե Մոսկվայում:



Իսկ ինչ  վերաբերվում է բարեկեցիկ կյանքին՝ Իմ կյանքի հիսուն տարիներից  երեսունը անցել են ամեօրյա թատերական փորձերի եւ ներկայացումների մեջ տարբեր թատրոններում: Զբաղված եմ եղել իմ թատրոնը ստեղծելով ու կառուցելով, անկախ հեռուստաընկերության ստեղծմամբ նաեւ: Դրանք անքուն գիշերներ են եղել: Նկարահանումեր ու գիշերային մոնտաժներ: Տանը համարյա չեմ եղել: Երբ հեռավոր Կրասնոյարսկում էի գեներալ Լեբեդի կողքին՝ այնտեղ էլ բարեկեցիկ կյանք չէր: Հատկապես առաջին երկու տարիներին: Նրա հետ ուղղաթիռով շրջում էինք սովի մատնված սիբիրյան հսկայական տարածքներով : Ամեն ինչ քայքայված վիճակում էր: Եվ երբ նա զոհվեց՝ ես երջանիկ պատահականությամբ չեմ հայտնվել այդ ուղղաթիռում:Պատկերացրեք իմ հարազատների վիճակը, երբ լսում են այդ լուրը՝ եւ  մինչեւ այն պահը երբ տեղեկանում են, որ ես ողջ եմ…: Հեշտ չի եղել երբեք:



Հիմա զբաղված եմ իմ գրքի վերջնական խմբագրման եւ տպագրման աշխատանքներով: Կորդինացնում եմ մի հեռուստաընկերության լրատվական աշխատանքները: Սկսել եմ նաեւ երկու թատերական եւ մեկ կինոֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որոնցում զբաղված են լինելու համաշխարհային անուն ու նշանակություն ունեցող արտիստներ:



Կարծում եմ եւ հույս ունեմ, որ կարեւորը ու հետաքրքիրը՝ առջեւում է: