Շինարարական աշխատանքների ծավալը մեծացել է

Շինարարական աշխատանքների ծավալը մեծացել է
Արցախում շինարարությունը գնալով ավելի մեծ չափեր է ընդունում։ Տեղացիները կեսկատակ, կեսլուրջ ասում են, որ առաջիկա տարիներին նախկին Ստեփանակերտից երեւի թե ոչինչ չի մնալու։



Եռանդով քանդում են նախկին շենքերն ու տեղը նորանոր շինություններ կառուցում։ Հատկապես քաղաքի կենտրոնական մասում հինը քանդելու եւ տեղում էլիտար շենքեր ու այլ շինություններ կառուցելու եռանդը մոլուցքի է հասնում։ Տեղի վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2010 թվականին Արցախում իրականացվել է 42 մլրդ 8 մլն դրամի կամ շուրջ 116 մլն դոլարի շինարարական աշխատանք, որը 24 տոկոսով ավելի է, քան 2009 թվականին։ Նույն աղբյուրի վկայությամբ՝ 95.7 տոկոսը կազմել են շինմոնտաժային աշխատանքները։ Պետբյուջեի հաշվին իրականացվել է շինարարության 41.4 տոկոսը։ Մնացյալը կազմում են հումանիտար եւ այլ միջոցներով կատարված աշխատանքները։ Հետաքրքիրն այն է, որ Արցախի ղեկավարությունը եւս սիրում է արտերկրի բարերարների միջոցներով կառուցված կրթօջախների բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել եւ մկրատով կարմիր ժապավեններ կտրել։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ