Հարեւաններից հարցրեք

Հարեւաններից հարցրեք
Հարգելի տիկին Օհանյան, Ձեր թերթի մարտի 2-ի համարում ոմն Տիգրան Մեսրոպյանի «Նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին» հոդվածը, որն ամբողջությամբ պարունակում է եւ կեղծիք, եւ զրպարտանք՝  նպատակ ունի ազդեցություն գործել մեր միջեւ ծագած վեճի վրա:



Իրոք, իմ եւ Մեսրոպյանի միջեւ կա հողամասի հետ կապված հնուց եկած վեճ, որն այժմ քաղաքակիրթ եղանակով՝ դատարանի միջոցով լուծվելու փուլում է: Ես ունեմ իմ իրավունքները պաշտպանելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ Մեսրոպյանի հոդվածում նշված փաստերը ոչ միայն կեղծիք են, այլեւ նա փորձում է մոլորեցնել դատավորին: Անկեղծ ասած՝ ոչ ես, ոչ իմ ընտանիքի անդամները եւ ոչ էլ մեր հարեւանները չգիտենք՝ հոդվածագրի հայրը արվեստի վաստակավոր գործի՞չ է, դիրիժո՞ր, թե՞ երգահան:



Ամեն դեպքում, նրան ճանաչում ենք որպես պոռնոգրաֆիկ լուսանկարներ ստեղծելու, բազմացնելու եւ վաճառելու համար դեռեւս խորհրդային ժամանակներում դատապարտված մարդ: Փաստորեն, դատական վեճի մի կողմում զրպարտիչն ու շանտաժիստն է, մյուս կողմում՝ ես,  Երեմ Հովսեփյանս: Ով եմ ես, ինչ ընտանիքից եմ եւ ինչ վաստակ ունեմ մեր երկրի համար՝ թող պատմեն նույն հարեւաններս եւ ինձ թեկուզ հեռվից ճանաչողները: Ասեմ, որ իմ ներդրումն ունեմ Արցախյան հերոսամարտում եւ հայրենիքի սահմանների ինքնապաշտպանությանը:



Այցելեք նաեւ «www.hovsepyan-sons.com» կայք եւ ծանոթացեք Բուլղարիայում կատարած մեր հայրենանվեր գործունեության մի փոքր մասին: Ավելացնեմ նաեւ, որ մեր նախաձեռնությամբ Բուլղարիայի Ազգային ժողովը որոշում է ընդունել Վառնա քաղաքում բացել գեներալ Անդրանիկի հրապարակ, իսկ այս տարվա հուլիսի 11-ին կտեղադրենք Մեծ զորավարի 16 տոննայանոց արձանը:



Երեմ ՀՈՎՍԵՓՅԱՆ