Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն2)

Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն2)
Օբյեկտ - Այս բազմիմաստ գոյականը ներկայումս իր մեջ միավորում է սնկի նման սփռված «հացատներին», «թոնրաշխարհներին» ու «թոնրատներին», մի խոսքով` խորհրդային դարաշրջանի «վետերոկներին», այսինքն մի վայր է, որտեղ կարելի է «մի կտոր հաց ուտել», բաժակ բարձրացնել եւ գործնական ու անձնական հարցեր լուծել, այն, ինչ այսօր այդքան սիրում է անել մեր բազմաչարչար, բայցեւ ուտել-խմել սիրող ազգը:



Մերօրյա օբյեկտների ամենաառաջնահերթ ատրիբուտներն են կիսաժանգոտ մանղալները,  յուրաքանչյուր սեզոնից առաջ վերանորոգվող բացօթյա նստատեղերը, օրավարձով աշխատող գյուղաբնակ մատուցողուհիները, էժանագին սպասքը, մի խոսքով` այն ամենը, ինչը կարող է տնական անբռնազբոսիկ միջավայր ապահովել:



Օրթախ - Բավական տհաճ հնչողությամբ այս բառն իր հիմքում շուկայական հարաբերություններին առնչվող երանգներ ունի: Օրթախ են, փաստորեն, իրար հետ գործի մեջ մտած ֆիզիկական՝ իրավաբանական անձինք, որոնք համատեղ շահույթ են հետապնդում: Դժվար չէ նկատել, որ գրական լեզվով օրթախը փայատերն է, երբեմն նաեւ՝ շահառուն: Մեր ներկայիս իրավիճակում իրար հետ օրթախ կարող են լինել օրենսդիրն ու կրիմինալը, պետական կառույցն ու օլիգարխը, կառավարությունն ու դոնոր միջազգային կազմակերպությունը:



Հավայի - Ոչ մի ընդհանուր բան չունի Խաղաղ օվկիանոսում սփռված արշիպելագի հետ: Իրականում այս արտահայտությունն օգտագործվում է այն դեպքերում, երբ խոսք է գնում ոչ այնքան կարեւոր, դատարկ, երկրորդական երեւույթների, ասածի, գործընթացների կամ անձանց մասին: Հավայի կարող են լինել անճաշակ վերնաշապիկն ու լավ չտաքացնող թեյնիկը, անհամ ձմերուկն ու ավելի անհամ թամադան, մետլախ խփող ուստայի արտահայտած քաղաքական կարծիքը, «ուր գնալ սովորելու» թեմայով հորեղբոր խորհուրդը, բանակի մասին վաղուց ձանձրացրած պատմությունները եւ այլն: