Գայանե Բաբայանի հիշատակին

Գայանե Բաբայանի հիշատակին
Մարտի 5-ին, ժամը 17-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի կունենա բանաստեղծ, լրագրող,  Գայանե Բաբայանի հիշատակին նվիրված երեկո եւ նրա բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։



Ցավը պակասել է, ափսոսանքը՝ ավելացել



Այսօր Գայանե Բաբայանի ծննդյան օրն է: Թվում էր, այնքան ասելիք կա այս ընթացքում կուտակված, եւ ես պատրաստվում էի մի տեսակ նամակ գրել իրեն: Այնպես, ինչպես կգրես հեռու-հեռվում ապրող հարազատիդ, որի պակասն ամեն վայրկյան զգացել ես, որի հետ մտքումդ անընդհատ կռիվ ես տվել, որին անընդհատ այս մեկ տարում պատմել ես ու բողոքել, հուսահատությանդ պահին նրա կրծքին լաց եղել, ոգեւորությանդ պահին՝ ծիծաղել ու պարել: Ուզում էի գրել-պատմել, թե ինչպես ենք ապրել առանց իրեն, ինչ ենք արել ու ինչ չենք հասցրել անել իր բացակայությամբ, ինչ դժվարություններ ենք հաղթահարել, ինչքան ենք իրեն հիշել ու կարոտել: Մի կողմից ուզում էի կարոտս նկարագրել, մյուս կողմից՝  նեղացածությունս. ախր ինչի՞ մեզ թողեցիր-գնացիր, այ Գայ ջան: Դու՝ հեչ, դու ամեն տեղ էլ քեզ լավ կզգաս, բա մե՞նք: Մեղքդ հեչ չեկա՞նք, որ էսքան կիսատ գործ ու անկատար երազ թողեցիր մեր թույլ ուսերին, իսկ դու՝ մեր միջի ամենաուժեղն ու կենսունակը, հեռացար: Այնքա՜ն բան ունեի գրելու... Բայց չեմ ուզում լալկան երեւալ: Խեղճ ու անօգնական: Գայանեն դա չէր ընդունի, չէր ների: Աչքիս առաջ մարտի 1-ից հետո զոհերի հիշատակի մի արարողության կադրերն են՝ Գայանեն մի ձեռքով արցունքներն է սրբում, մյուս ձեռքով ձայնագրիչը պարզած՝ զոհերից մեկի մոր հետ հարցազրույց է անում: Եկավ՝ կարմրած աչքերով, ընկճված, բայց մի այնպիսի հզոր, հուսադրող ու շռնդալից հոդված գրեց, որ կարդալիս ապշեցի: Հասկացա, որ շռայլ հոգու, ազնիվ սրտի ու մեծ գրչի տեր մարդու հետ գործ ունեմ:



Գրեթե մեկ տարի է անցել, ինչ Գայանե Բաբայանը մեզ հետ չէ: Այս մեկ տարում ցավը մեղմվել է, հիշողություններն ավելի լուսավոր են դարձել, բայց ափսոսանքի զգացումս է մեծացել: Երբ մեկ տարի շարունակ յուրաքանչյուր տողի ու տառի մեջ փնտրում ես Նրա գրիչը: Ամեն նոր հոդվածի ու լրագրողի հետ թաքուն հույս ես կապում, որ մի նոր Գայանե Բաբայան է հայտնվել, եւ ամեն անգամ համոզվում ես, որ նրա տեսակը բնության մեջ ամենաքիչ պատահողներից էր՝ Կարմիր գրքին արժանի բան: Ի վերջո հասկանում ես, որ կորուստն անդառնալի է: Այսօր մենք տպագրում ենք որոշ հատվածներ Գայանե Բաբայանի նախկին հոդվածներից: Դրանք այսօր էլ արդիական են՝ կարծես հենց այսօր գրված: Դրանք ընթերցելով՝ դուք կհամոզվեք, որ նա խիզախ էր, ազնիվ, անկեղծ ու համոզիչ: Այն, ինչ այնքան պակասում է մեզ բոլորիս:



ՄԻ «ԴԵՂԻՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՓԱԲԼԻԿՓԵՐՍԸՆՆԵՐԻ» ՀԵՏ



Ժողովրդի եւ իշխանամետ յուրաքանչյուր «փաբլիկ փերսընի» մեջ ընկած է արյունից ու բռնությունից շաղախված այն պատը, որը մարտի 1 է կոչվում: Ժողովրդի վրա կրակել են այնտեղից, որտեղ սազը ձեռքներին, պատրաստ կանգնած են հանրահայտները՝ մի քանի բացառությամբ: Այդ պատը դեռ ամուր է, անձրեւից ու դիմակավորված զրույցներից չի քանդվի: Նրանք, այդ աստղերը այնտեղ են, որտեղ ժողովուրդը մուտք չունի, ժողովրդի համար փակ տեղից են խոսում: Իրենք ու իշխանությունը երկուստեք բավարարված են, իրենք կենցաղով լավանում են անընդհատ, իսկ իշխանությունը ուզում է նման մարդկանցով լցնել եթերը, որոնք տաշի-տուշիների ետեւում գուցե թաքցնեն ճշմարտությունը երկրի մասին: Բայց կարողանո՞ւմ են աստղերը թաքցնել, թե՞ իրենք են զոհվում այդ առեւտրում:



2009թ.



 



ՃԳՆԱԺԱՄԵՐԸ ԿԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ, ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ



Ողբալի է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վիճակը իրեն հավատարիմ ու հենարան մարդիկ ունենալու ասպարեզում: Դրանք մեծ ծախսեր են պահանջում իրենից, որովհետեւ հավատարիմները մարդիկ են, որոնց նվիրվածությունը առանց փողի եւ «ուշադրության» չի: Շատերին էլ Սերժ Սարգսյանը պիտի ծներ, քանի որ Քոչարյանի ծնածները իրենը չեն, եւ նա չի վստահում նրանց: ՀՀ նախագահը վերջին շրջանում երկու տեղ է փախչում- մխիթարություն գտնում Հայաստանի ժողովրդից. դա շախմատիստներն են՝ երիտասարդ ու տարիքով, եւ դեռահասներն ու երիտասարդները, որոնք կամ Հայաստանից չեն ու շատ բան չգիտեն իր իշխանության մասին, կամ էլ Հայաստանից են, բայց նրանց ուղեղը օրով զվարճությունից եւ հեշտ կարիերայից բացի այլ բան չի մտնում:



2009թ.



 



ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ



Մարտի 1-ը բոլորիս մեջ է, մանավանդ՝ քանի դեռ չի բացահայտված. յուրաքանչյուրս ունենք մեր սեփական մարտի 1-ը, ունեն եւ նրանք, որոնք հակառակ թեւում են, ուստի հարցազրույցը այն օրվա մասին, որում կոտորած եղավ, միշտ օրվա թեմա է, մանավանդ՝ քանի դեռ երկիրը ղեկավարում են մարտի 1-ի հեղինակները:



2009թ.



 



ՀԱՅՐԵՐ, ՈՐԴԻՆԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ



Այդ թվերին ես շատ բան չէի հասկանում, միայն մշուշի մեջ զգում էի, որ վատ է, ու մեկ էլ այն, որ ես անհաջողակ եմ, այդ հետո էր, որ  բարդ-բարդ խոսողները միանգամից իմ աչքում սովորական, հարմարավետություն փնտրող մարդիկ դարձան՝ միայն իրենց «աղունը աղացող», իսկ մինչ այդ ես լսում էի նրանց բարդ-բարդ մտքերը առ այն, որ մեր խնդիրը մեզնից չի կախված, այլ մեծ տերություններից, եւ տխրում: Տխրում էի նրա համար, որ այդ խոսակցությունները ինձ նմաններին զրկում էին երազանքից, որովհետեւ պարզվում էր, որ մեր հարցերը, ինչքան էլ մենք անկեղծ ու ազնիվ լինենք, մեզնից չի կախված, այլ ուժեղներից, մի ուժեղ կախարդից, մի սադիստ աստծուց եւ այլն, այդպես ես ժամանակին չէի կարողանում հունական էպոսի հերոսներին հերոս համարել, քանի որ նրանց հովանավորում էին աստվածները, այսինքն, եթե հաղթում էլ են, իրենց հունարով չեն հաղթում, այլ՝ աստվածների:



2009թ.



 



ԱՄԱՌ, 2009 ԹՎԱԿԱՆ



Նստած էի  «Կետիկնոցում» մի քանի գրողների հետ, խոսում էին իրենց մոտակա համագումարից, այդտեղ մշտական  նստող գրողներից էին, ժողովրդի ցավի նկատմամբ համարյա անտարբեր, ընդդիմության երթերին անտարբեր-փիլիսոփայորեն  նայող, այն կարգի մարդիկ էին, որ մինչեւ կրակը իրենց տուն չհասնի, դույլով ջուր վերցնող չեն, հիմա մի հոգս ունեին՝ ինչպես վռնդել իրենց անունը գցող ՀԳՄ նախագահին, ու չէին հասկանում, որ քանի իրենք անտարբեր են հասարակության ցավերին, հասարակությունն էլ լուրջ չի վերաբերվի իրենց  պրոբլեմին... «Ապե,- ասում էր ինձ նրանցից մեկը՝ արդեն գինովցած,- ապե, ես բանաստեղծ եմ, իրանք բանաստեղծ չեն, ես ինչ կարամ անեմ, ապե, ծրագիր ա պետք, ապե...»: «Ապե,- ասացի,- Գագիկ Բեգլարյանը ո՞նց ձայներ առավ, ըտենց էլ գրողներն են առնվում...»: Բայց «ապեն» իրենց միության դարդից դուրս ոչ մի բանի հետ գործ չունի, ժողովրդի 5 հազարանոց «քյարը» իրեն անհասկանալի է, իրենք բանաստեղծ են, ապե, հասարակական էակ չեն, անհատ են, եթե հասարակական էլ են, ապե, գրողների հասարակությունից են, գրողի գործն էլ, ապե, գրելն է, գործ չունեն փողոցում, ապե...



2009թ.



 



ԴԻՏԱՎՈՐՅԱԼ  ՀԵՌԱՎՈՐ ՊԱՀԱԾ ՂԱՐԱԲԱՂ



Ես Ղարաբաղ էի գնացել «Երկրապահի» հետ, նրանք իրենց ամեն տարվա ուխտն էին կատարում իրենց մարտական ուղով, եւ գեներալ Մանվելը, որոշ գյուղերում տեսնելով ընդամենը հինգ-վեց ծեր, ողջունելիս ուղղակի ասում էր.  «Էս երկու ջուխտ, մի հատ կենտ ե՞ք մնացել...»: Այդ մի քանի տատիկ-պապիկի տխուր պահակությունը գյուղին, այդ երկու-երեք  հարսի հոգսը՝ երեխային հարեւան գյուղի  դպրոց տանել-բերելու, նրանց լռությունը, որ չեն կարող գոնե դժգոհել անտարբեր Հայաստանից, որովհետեւ իրենց ղարաբաղցիք են Հայաստանում իշխանություն... որովհետեւ գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը խոցված ու աղքատ է իրենցից էլ շատ եւ որ ատում է իր գլխին եկած ղարաբաղյան կլանը, որն արդեն ոչ Ղարաբաղինն է, ոչ Հայաստանինը, որովհետեւ կլանը հայրենիք ու ծննդավայր չի ճանաչում... կլան, որ արդեն ծննդավայր ու հայրենիք չի ճանաչում, այդ նույն մաֆիան նաեւ Ղարաբաղի կենտրոնում է, իսկ Մարտակերտի գյուղերը՝ լքված, ճանապարհները՝ համարյա անանցանելի... առհասարակ Ղարաբաղում մայրուղիներից մի քիչ այն կողմ ես անցնում՝ փոշու ամպը չի թողնում վարորդին ճանապարհը տեսնի...



2009թ.



ԻՄ 37 ԹՎԱԿԱՆԸ



37 թիվ ասածը շուտվանից կա իմ մեջ, ու շուտվանից եմ բավական անհոգ, անտարբեր ու թռչնային մարդկանց մասին մտածել, որ նրանք չգիտեն 37 թվի մասին ու հավանաբար ոչինչ էլ չգիտեն: 37 թիվը ինձ համար Բակունցի ձայնն է  ականջներիս մեջ հնչող` «տվե՜ք ինձ թուղթ ու գրիչ», այն համալսարանական ժողովն է, որտեղ Մկրտիչ Արմենի քրոջը պատին են դեմ տվել իր կուրսեցիները եւ ասել` դու ինչո՞ւ ես քո ժողովրդի թշնամի եղբոր համար գուլպա գործել եւ ուղարկել: Աղջիկը սկզբից ասել է` այդպիսի բան չկա, մենք հրաժարվել ենք նրանից, հետո հանկարծ հեկեկացել ու ասել է` ախր եղբորս ոտքերը հիվանդ են, չի դիմանա Սիբիրին... ահա այդ ամբողջ մղձավանջը Սոլժենիցինի «Գուլագի» հետ ունենք մեր մեջ: Ու այսօր, երբ Երեւան քաղաքում կինոնկարի հերոսներ են տխուր դեմքերը՝ հոգին ու մարմինը կարծես առանձնացած, երբ հեռուստատեսությամբ ինչ-որ մարդիկ են քանի տարի գնում-գալիս ու ինչ-որ բաներ ասում, տխուր աչքերով մարդկանց հետ կապ չունեցող, ինչ-որ Գալուստ Սահակյան, ինչ-որ Հրանտ Թոխատյան, էդ Ադիբեկյանը, էդ հավերժական թվացող Ազարյանը` ընտրակեղծիքի, ուզած-չուզած գալիս՝ դեմդ կանգնում է Ստալինի բեղլո բութ դեմքը...



2009թ.