Յովանովիչի ելույթին զուգահեռ է սկսվել ծեծկռտուքը

Յովանովիչի ելույթին զուգահեռ է սկսվել ծեծկռտուքը
«Ժառանգություն» կուսակցության եւ ոստիկանության միջեւ միջադեպերը սկսվեցին փետրվարի կեսերից, ավելի թեժացան փետրվարի 28-ին, երբ կառավարության շենքի առջեւ հավաքված գործազուրկ բացօթյա առեւտրականների բողոքի ակցիային միացան «Ժառանգության» ակտիվիստները:



Այդ օրը մոտ հարյուրի հասնող ոստիկանական ջոկատը հարձակվեց 30-40 ցուցարարների  ու մի քանի պատգամավորների վրա: Ապա հաղորդագրություն տարածեցին, թե ոստիկանությունը՝ կառավարության «բնականոն աշխատանքն» ապահովելու համար, վերակարգ է իրականացրել, ու երեկոյան հեռուստատեսությամբ կադրեր ցույց տվեցին, որոնք «Ժառանգության» պատգամավորների «խուլիգանական» վարքն էին ցուցադրում: Բոլոր լրատվամիջոցները ողողվեցին սկանդալային միջադեպի մասին պատմող ու ցուցադրող ռեպորտաժներով: Եվ սկսեցին ներկայացնել, թե «Ժառանգությունը» նոր քաղաքականություն է վարում՝ ավելի ակտիվ ու հարձակողական: Ավելին՝ այս փոփոխության հարցում մեծ դերակատարում ունի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով փետրվարի 28-ին ելույթ է ունեցել Երեւանի պետական համալսարանում եւ շեշտել քաղաքացիական հասարակության ձեւավորման անհրաժեշտությունը: Ըստ որոշ վերլուծությունների՝ Յովանովիչն այս ելույթով ակնարկել է, որ իշխանությունների դեմ պայքարն ու քննադատությունը իրական հայրենասիրութան դրսեւորում են, եւ քաղաքական ուժը չպետք է խուսափի դրանից: Եվ արեւմտամետ հայացքներով «Ժառանգությունը», այս  բախումներին մասնակցելով ու ղեկավարելով, հայտնվում է ամերիկյան գործընկերների թվում:



Իսկ ի՞նչ են մտածում «Ժառանգության» անդամներն այս առնչությամբ: Ստեփան Սաֆարյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Դե, մտավարժանքներ են: Քաղաքական անցուդարձին անտեղյակ, արհեստավարժ հաղորդակցվողներին ուղղակի տեղեկացնեմ, որ մարտի 3-ի միջադեպը մեծ աղմուկ ստացավ այն պատճառով, որ  լրագրողներն արագ արձագանքեցին, երբ Մարի Յովանովիչը համապատասխան ելույթն էր ունենում Երեւանի պետական համալսարանում: Նույն ժամին, նույն վայրագությամբ ոստիկանական հարձակում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում:



Ամսի 28-ին, ժամը 1-ին Յովանովիչը ելույթ էր ունենում, նույն օրը գազազած ոստիկանախումբը ոչ միայն ոտնատակ տվեց քաղաքապետարանի շենքի անկյունում հավաքված կանանց, այլեւ բռնություն գործադրեց շենքից դուրս եկող պատգամավորների հանդեպ: Եթե մարտի 3-ին որեւէ մեկին չպառկեցրին, բացի Գասպարիից, ապա քաղաքապետարանի մոտ անխտիր բոլորին գետնին պառկեցրին եւ կոտրեցին կնոջ ոտքը»: Հարցին, թե «Ժառանգությունն» իրո՞ք հավակնում է դառնալ ԱՄՆ վստահելի գործընկերը ՀՀ-ում, պատասխանեց. «Ես բոլորին հաջողություն եմ մաղթում իրենց գեոպոլիտիկ մտավարժանքներում: «Ժառանգությունը» եղել է Հայաստանի հասարակության շահերը սպասարկող քաղաքական ուժ, եղել է ժողովրդի մոտ կանգնած, ժողովրդից առաջ կանգնած քաղաքական ուժ, այդպիսին էլ մնալու է, անկախ նրանից՝ ում հեռուն գնացող մտադրություններն ու քարոզչությունն ինչպիսի գնահատականներ կտա մեր քաղաքականությանը»:



Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի  հանրահավաքին մասնակցելուն եւ այն լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կուսակիցներին չեն թողել հարթակ բարձրանալ, ապա, Սաֆարյանի խոսքով, իրենք չեն բարձրացել  Մատենադարանի հարթակ հետեւյալ պատճառով. «Մենք բարձրացանք հարթակի տարածքը, եւ, իմ կարծիքով, եթե կազմակերպչական խումբ կա, նրանց հետ, որպես կանոն, համաձայնեցվում են հանրահավաքների ժամանակ ելույթները: Ճիշտն ասած, մենք ելույթի ակնկալիքո՛վ այնտեղ չէինք:



Անկեղծ ասած՝ մեզ համար անակնկալ էին էն ծափողջույնները, որոնցով ժողովուրդը ճանապարհ բացեց Մատենադարանի մոտից մինչեւ վերեւի հատվածը»: Ըստ պատգամավորի՝ իրենք պարզապես մտադրություն են ունեցել մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել  հանրահավաքի մասնակիցների հետ, ինչն արել են նաեւ անցած տարի: