Կարգալույծ արվեց հոգեւորականին անհարիր վարքագծի համար

Կարգալույծ արվեց հոգեւորականին անհարիր վարքագծի համար
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարտի 5-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը` հոգեւորականին անհարիր վարքագծի համար: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան:



Հիշեցնենք, որ Բուլղարիայից մեզ հասցեագրված բազմաթիվ նամակները փաստում էին, որ վառնահայ համայնքը դեմ է նրան, քանի որ վերջինս ապրում է քահանային ոչ վայել վարքով: Ըստ նամակների, այդ քահանան ապրում էր անբարո կյանքով: Նույնիսկ գիշերային ակումբում պատահած միջադեպի ժամանակ նրան մարմնական վնասվածքներ են հասցրել, ինչի մասին բուլղարական մամուլում հրապարակումներ են եղել: Օրերս քահանան եկել է Հայաստան եւ անձամբ ներկայացել կաթողիկոսին: