Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել
Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը այսօր՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել: Եռակողմ համատեղ հայտարարության մեջ ասվում է.



«Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:



Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.



1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը



2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:



Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»: