Ստորագրություններ է հավաքում

Ստորագրություններ է հավաքում
Նախօրեին մենք գրել էինք, որ հակառակ ԿԳ նախարար Աշոտյանի հորդորներին` դպրոցներում զերծ մնալ մարտիության դրամահավաքությունից, այնուամենայնիվ որոշ դպրոցներում, այդ թվում եւ թիվ 66-ում, աշակերտներից փող են հավաքել:



Մեզ զանգահարած ծնողն ասել էր, որ հազարական դրամ են հավաքում աշակերտներից: Այդ հրապարակումից հետո դպրոցի տնօրենը զայրացած զանգահարել էր խմբագրություն եւ վստահեցնում էր, որ իր դպրոցում նման բան չկա, ինքը խիստ հրահանգ է տվել բոլոր ուսուցիչներին՝ հետեւել, որպեսզի իրենց դասարաններում դրամահավաք չլինի:



Երեկ կրկին մեզ զանգահարեց թիվ 66-ի ծնողը եւ ասաց, որ տնօրենն այնքան է վախեցել դրամահավաքության փաստը ջրի երես դուրս գալուց, որ կանչել է բոլոր ուսուցիչներին եւ հրահանգել ծնողներին կանչել եւ ստորագրություններ վերցնել նրանցից, որ դպրոցում դրամահավաք չկա: Ծնողը նաեւ ասաց, որ դպրոցում շատ խիստ է դրված «ֆոնդի փող» հասկացությունը: «Բայց ես նախարարության թեժ գծից հետաքրքրվել եմ, որ նման բան չկա, եւ ֆոնդի փող հավաքելն անօրինական է»: Պետք է նրա անօրինական գործունեության մասին հանրությունը եւ նախարարությունն իմանան, եւ քայլեր ձեռնարկվեն՝ կարծում է ծնողը: